Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Սուտ է, որ բալետի պարուհին ուտում է միայն աղցան. ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

22.03.2012

LN –ի հյուրասրահում է բալետի պարուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Աննա Կոստանյանը: Նա մեկ տարի առաջ է վերադարձել Իսրայելից, որտեղ տարիներ շարունակ պարել է պետական թատրոնում' մեկը մյուսի հետեւից «նվաճելով» աշխարհի լավագույն դերերը պարելու իր իրավունքը…

- Ինչպե՞ս եղավ, որ ոչ միայն հասար Իսրայել, այլեւ այդպիսի վերելքով կարիերա ունեցար օտար երկրում: Հյուրախաղերին ամեն ելույթիցդ հետո հիացական նյութեր էին հայտնվում միջազգային մամուլում, մինչդեռ Հայաստանում շատ քիչ է եղել անդրադարձ քո գործունեությանը:

-Երեւի սկսեմ ամենասկզբից, որ ամեն ինչ պարզ լինի: Ես սովորել եմ Երեւանում' պարարավեստի ուսումնարանում՝ Արմեն Գրիգորյանի դասարանում: Բացի այդ, վեց տարեկանից լատինաամերիկյան պարաձեւերով եմ զբաղվել: Սկզբում բալետը երկրորդ պլանում էր ինձ համար, ու միշտ հիշում եմ, որ մայրս ասում էր. «Կմեծանաս ու երբ ընկալես՝ դա ինչ է, կդառնաս ֆանատ: Բալետը բարձր արվեստ է»: Ես շարունակում էի խորանալ լատինաամերիկյան պարարվեստում, դարձա հանրապետության տասակի չեմպիոն (1996 թվականից սկսած), մասնակցեցի Դելֆյան խաղերին, 2004 թվականի Օլիմպիական խաղերին: Բայց տարի առ տարի ինձ մոտ խորանում էր բալետի ընկալումը: Եկավ մի շրջան, երբ ուղղակի ժամանակը թույլ չէր տալիս միաժամանակ լինել երկու տեղում էլ: Եվ ես ընտրությունը կատարեցի՝ հօգուտ բալետի. միանգամից թողեցի լատինաամերիկյան պարերը, որտեղ արդեն շատ բանի էի հասել: Կարելի է ասել՝ այդ ժամանակվանից սկսեց իմ բալետային կյանքը:

- Մեկը մյուսին խագարո՞ւմ էին, այդ երկուսը' լատինաամերիկյան պարերը եւ բալետը, «հակացուցվա՞ծ» են միասին:

- Ինձ, հակառակը, օգնում էր: Հիմա երբ ես պարում եմ նեոկլասիկ, մոդեռն բեմադրություններում, կարողանում եմ օգտագործել իմ պլաստիկան, որովհետեւ զբաղվել եմ լատինաամերիկյան պարերով, եւ մարմնիս բոլոր մկանները շարժունակ են, ցանկացած վարժություն տրվում է ինձ:

- Անցումը դժվա՞ր էր:

- Բալետում շատ դժվար է: Ես չգիտեմ՝ ինչի հետ համեմատես բալերինայի կյանքը: Կզգաս միայն այն ժամանակ, երբ մեջը լինես: Դա եւ ֆիզիկական աշխատանք է, եւ հոգեւոր, եւ ինտելեկտ: Գոնե ինձ համար այդպես է: Երբեմն նայում ես՝ ամեն ինչ ճիշտ է անում, բայց զգում ես՝ դերը չի «վերցրել»: Անգամ կարդացած լինելը, ընդհանուր զարգացածությունը երեւում է բեմում:

- Օրական ինչքա՞ն ես պարապում:

- Իսրայելում ես օրական աշխատում էի ութ ժամ, այստեղ մի քիչ կրճատվել է, քանի որ նաեւ դասավանդում եմ պարարվեստի ուսումնարանում, ընդ որում՝ տնօրենն ուզեց, որ դասավանդեմ նաեւ նոր ուղղությունը՝ մոդեռն ոճը, որից շատ գիտելիքներ էի արդեն կուտակել Իսրայելում: Նաեւ լատինաամերիկյյան պարերի խումբ ունեմ:

- Քո կարծիքով, ի՞նչն է խնդիրը, որ բալետն այդքան էլ պահանջարկ չունի Հայաստանում:

-Չգիտեմ, կարծում եմ՝ մարդկանցից է, միջավայրից: Բալետը ցանկացած զարգացած երկրում մնում է բալետ: Դուք լսո՞ւմ եք դասական երաժշտություն, չի հնանում, չէ՞. ի՞նչ տարբերություն, նույնն էլ բալետն է: Ունենք ընդամենը մեկ թատրոն, դա էլ է խնդիր: Ես, օրինակ, մեծ խուճապի մեջ եմ՝ կապված Օպերայի եւ բալետի թատրոնում վերանորոգման աշխատանքների հետ. ո՞րտեղ պիտի պարապեմ: Չեմ կարող մեկ օր անցկացնել առանց պարապելու: Դա իսկապես խնդիր է:

-Լավ, ի՞նչ շարունակություն ունեցավ քո ընտրությունը... Ե՞րբ հասկացար, որ արդարացված էր:

-Ինչպես մայրս էր ասում, դարձա ֆանատ: Սկսեցի հաճախ մեկնել արտերկիր՝ ներկայացումներ նայելու, ոչ մի առիթ բաց չէի թողնում. աչքերս բացվեցին աստիճանաբար: Ամեն օր ավելի շատ պարապել, ավելի շատ ցավեր ու տառապանքներ, նաեւ ավելի շատ հաճույք... Ու հետո այդ ամենը սկսեց երեւալ նաեւ բեմերում. պարում էի օպերային թատրոնում: Այնտեղ, իհարկե, ինձ գրկաբաց չընդունեցին. երկար ժամանակ ստիպված էի լուծել ինքնահաստատման խնդիրներ: Եկավ մի պահ, երբ հասկացա՝ այլեւս աճելու տեղ չունեմ Երեւանում, ուղղակի խեղդվում էի, հնարավորությունները շատ սահմանափակ էին: Դեր չկար, «իմ հերթը չէր»... ու նման բաներ: Ասացի՝ լավ...

- Եվ ի՞նչ:

- Սարքեցի DVD՝ կարճ տեսագրություն, որտեղ ցույց էի տալիս իմ ողջ տեխնիկան: Ես դա ուղարկեցի շատ երկրների թատրոնների: Եվ սկսեցի սպասել... Մի շաբաթ հետո ինձ զանգեցին Իսրայելից եւ ասացին, որ «Ռոմեո եւ Ջուլիետ» են բեմադրում, եւ իրենց պետք է հենց ինձ նման կերպար: Ինձ առաջարկեցին պայմանագիր՝ շտապ գնալու պայմանով: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ես մեկնեցի Իսրայել. դա 2008 թվականն էր:

- Ընտանիքդ ինչպե՞ս ընդունեց քո որոշումը:

- Շատ մեծ դժվարությամբ համոզեցի հայրիկիս: Ուղղակի նրանց աչքի առաջ էր ամեն բան: Տեսնում էին՝ ոնց եմ ապրում բալետով, ու նյարդային վիճակ էր ստեղծվել խոչընդոտների պատճառով. ամբողջ ընտանիքս ապրում էր ինձ հետ այդ պահերը: Թողեցին, գնացի...

- Եվ սկսվեց քո նոր կյանքը Իսրայելում…

-Այո: Գնացի առաջին դասին ու անցա ծանրաբեռնված աշխատանքի: Սկսեցի դերը սովորել, Շեքսպիր կարդացի եւս երեք-չորս անգամ՝ Ջուլիետի կերպարի մեջ մտնելու համար: Դժվար էր շատ այդ ամենը, բայց հասկացա, որ եթե լավ մասնագետ ես, գնահատվում ես անգամ հրեայի կողմից: Պարտադիր չէր երեսուն տարեկան դառնալ, որ նոր հնարավորություն ունենայիր՝ «Գայանե» պարելու...
Պրեմիերան եղավ Թել Ավիվում: Ամեն ինչ հրաշալի անցավ: Միայն թե ես մենակ էի, այդ պահին ուզում էի՝ դահլիճում լիներ մեկը, ում համար կպարեի: Այդ դերով մի քանի հյուրախաղերի գնացի: Հետո ուրիշ դերերով պարեցի Իսրայելի ամբողջ տարածքում, ոչ միայն Թել Ավիվում, եղա շատ երկրներում:

 

- Եթե անկեղծ գնահատելու լինես ինքդ քեզ, ինչո՞վ էիր տարբերվում դու մյուսներից:

- Ես սպասում էի, որ այնտեղ ավելի աշխատասեր մարդկանց կհանդիպեմ: Բայց իրականում լրիվ հակառակ պատկերն է: Եվրոպացիները շատ ծույլ են, նրանց պետք է ստիպես, որ աշխատեն: Հատկապես դրանով ես դու առաջ անցնում:

- Դա անհատակա՞ն չէ, մարդո՞ւց չէ կախված:

- Ինձ շփել-կոփել է այն հանգամանքը, որ ասել են՝ չես կարող, եւ ես հակառակն ապացուցելու խնդիր եմ ունեցել: Եվ կարծում եմ՝ դա շատ հայերի է բնորոշ. ունենալով բազմաթիվ դժվարություններ' մենք ստիպված ենք լուծումներ գտնել, շատ աշխատել:

- Ինչպե՞ս ստացվեցին մյուս դերերդ. դժվար է գտնել քիչ թե շատ սիրված մի դեր, որ դու պարած չլինես:

- Մի անգամ մեզ մոտ շատ նշանավոր բալետմեյստեր եկավ Հոլանդիայից: Նրան առաջարկեցին ընտրել՝ ում կուզեր տեսնել նոր բեմադրությունում: Նա դիտեց բոլորիս պլաստիկան եւ ընտրեց հինգ հոգու, որոնց թվում նաեւ ես էի: Բեմադրեց Շոպենի բալլադները՝ շատ հետաքրքիր, եթերային . այդ բեմադրությունը պարեցինք նաեւ ԱՄՆ-ում: Եղան էլի մի շարք նեոկլասիկ բեմադրություններ : Պարեցի նաեւ «Քնած գեղեցկուհի», «Շելկունչիկ», «Մոխրոտ» ու հետո… «Դոն Կիխոտ»: Երբ պիտի սկսվեր վերջինիս բեմադրությունը, ես մտա տնօրենի մոտ ու հարցրեցի' ով է պարելու Տիտրին: Մոտ ութսուն տարեկան կին էր, ասաց. «Դու չես: Քեզ այդ դերում չեմ պատկերացնում»: Ինչ-որ ռուս աղջիկ պիտի պարեր: Բայց խնդրեցի թույլ տալ ինձ մասնակցել փորձերին: Երկրորդ պլանում սկսեցի այդ աղջկան հավասար փորձել դերը: Իմ համառությունը, իհարկե, դուր չէր գալիս տնօրենին, կանչում էր, հիշեցնում. «Մեկ է, չես պարելու»: Ես էլ ասում էի' ինձ համար եմ անում, ուղղակի հաճույք եմ ստանում: Մի երկու անգամ պարեց այս աղջիկը, բայց ներկայացումներից մեկից առաջ ոտքը ոլորվեց… Ընդամենը մեկ փորձից ինձ վերցրեցին: Տնօրենը հուզված գրկեց ինձ, ներողություն խնդրեց, բայց ամենակարեւորն այն էր, որ ես էի շատ հուզված: Հասել էի ուզածիս…

 

- Իսկ վարձատրությո՞ւնը. նյութական առումով փոխահատուցվո՞ւմ են բալետի պարողի «զրկանքները»:

- Իսրայելում բավականին լավ էր այդ հարցը, անգամ կարողանում ես գումար ետ գցել, ինչը այստեղ հնարավոր չէ:

- Ինչպե՞ս որոշեցիր վերադառնալ:

-Առաջին հերթին անձնական պատճառով: Երբ վերադարձա, պայմանագիր կնքեցի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ ու ստիպված եղա հիշել, թե, օրինակ, ինչ է նշանակում տեղի համար կռիվ անելը (ժպտում է- LN): Պարեցի «Դոն Կիխոտ», հետո Էգինայի կերպարը «Սպարտակում»: Չեմ կարծում' սխալ եմ արել, որ եկել եմ: Ծնողներս գոնե շատ են ուրախացել…

- Իրականությանը համապատասխանո՞ւմ է բալետի պարուհու այն կյանքը, որը մեզ հայտնի է ֆիլմերից'  անվերջ «չի կարելի»- ներով: Օրինակ, պաղպաղակ ուտո՞ւմ ես:

- Հիշեցի, որ երբ «Ռոմեո ու Ջուլիետ»-ի պրեմիերայից հետո մեզ մոտեցան լրագրողներ եւ հարցրեցին'  ինչ եմ ուզում նման հաջողությունից հետո, պատասխանեցի' պաղպաղա~կ: Առաջ խիստ պահում էի դիետաներ: Հետո հասկացա, որ պետք չէ: Պետք է հանգիստ ապրել: Սուտ է, կարծրատիպ, որ բալետի պարուհին ուտում է միայն աղցան, նա ամեն բան էլ ուտում է, անգամ' պիցցա:

-Անձնական կյանքն ու կարիերան հատկապես արվեստի մարդկանց դեպքում գրեթե երբեք հաշտ չեն: Օրերից մի օր նրանք բախվում են: Կայացրե՞լ ես ներքին ընտրությունդ նման դեպքի համար:

-Մինչեւ հիմա ինձ համար եղել է կարիերան ու միայն կարիերան առաջին տեղում, պարը: Բայց հետո ծանոթացա մի կնոջ հետ, ով հասել էր շատ բաների իր կյանքում, արդեն տարիքն առել էր, բայց չէր հասցրել ընտանիք ստեղծել' այդ հարցը միշտ թողնելով հետագային: Նա տրվել էր ալկոհոլին եւ ապրում էր հիշողություններով: Ես չէի ուզի, որ այդ փորձը կրկնվեր իմ կյանքում: Լիարժեք երջանկության համար կարեւոր է ընտանիքը, քեզ հասկացող եւ գնահատող ամուսինը: Ինձ եւ կարիերան է պետք, եւ ընտանիքը. առանց մեկի մյուսը կիսատ կլինի:

-Քեզ համարո՞ւմ ես ուժեղ կին: Ինչպիսի՞ն է ուժեղ կինը քո պատկերացմամբ:

-Համարում եմ, այո: Այս մանագիտության մեջ չես կարող առաջ գնալ' ուժեղ չլինելով: Պետք է պայքարել: Ցավոք սրտի, մարդիկ թերահավատորեն են տրամադրված, առաջինը չհավատալն է, եւ դու պիտի ուժեղ լինես ու ապացուցես: Կարեւոր է ոչ մեկից կախվածություն չունենալը, սեփական կշիռ ունենալը: Բացի այդ, ուժեղ տղամարդիկ սիրում եմ ուժեղ կանանց…

- Կա՞ մի դեր, որ դեռ երազում ես պարել:

-Կարմենն է: Միշտ ասել եմ' մինչեւ չպարեմ, բեմը չեմ թողնի: Եթե ուզեն ինձ վատություն անել, պիտի առաջարկեն ինձ այդ դերը (ծիծաղում է- LN), եւ գուցե ես իրականացրած համարեմ իմ բոլոր երազանքները բեմի հետ կապված:

Հարցազրույցը՝  Տաթեւ Մադաթյանի

Դիտվել է 10774 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-05-2026 10:56
Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43
Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25
Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46
Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 1265 անգամ
20.05.2026
Դիտվել է 370 անգամ
19.05.2026
Դիտվել է 360 անգամ
21.05.2026
Դիտվել է 313 անգամ
22.05.2026
Դիտվել է 297 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster