|
Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին
01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։
Եվ այս մրցակցային մարաթոնում դեռևս 1939 թվականին հիմնված Երևանի շամպայն գինիների գործարանին հաջողվել է ոչ միայն ուրույն տեղը պահպանել, այլև իր հանրահայտ քաղցր, չոր և փրփրուն գինիների հավաքածուն հարստացնելով նոր տեսականիով, շարունակել մնալ ժամանակակից ու առաջատար ընկերություններից մեկը։
Գինու սիրահարներին ենք ներկայացնում գործարանի հարուստ հավաքածուից ընտրանի, որը համահունչ է առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնի համար։

Ներկայում ձեռնարկության հանրահայտ նմուշներից է հայկական խաղուն չոր գինին, որը պատրաստվում է ձեռքվ տեսակավորված խաղողից: Խաղողը չանչազատվում և ջարդվում է, մամլվում հատուկ մամլիչով: Պարզեցվում է 14-18° C ջերմաստիճանում: Ալկոհոլային խմորումը տեղի է ունենում 13-18° C-ում: Կատարվում է սպիտակուցային, գինեքարային կայունացում՝ ցրտով մշակման եղանակով: Երկրորդային խմորումը մետաղյա տարողությունների մեջ է՝ 6 ամսից ոչ պակաս հնեցմամբ: Արտաքինից այս գինին թափանցիկ է, մարգարտե մանր պղպջակներով: Կարելի է համադրել աղանդերի, մրգերի, պանրի տեսականու հետ: Խաղուն գինու կիսաչոր տեսակը ևս նույն հիմունքներով է պատրաստվում, ու կարելի է համադրել տարատեսակ ուտեստների հետ:

Շամպայն գինիների գործարանը առաջարկում է նաև հայկական խաղուն գինի Կոլեկցիոն Բրյուռ: Այդ գինու երկրորդային խմորումն իրականացվում է ֆրանսիական դասական եղանակով, հնեցումը շշի մեջ՝ 3 տարուց ոչ պակաս: Բաց ծղոտագույն է, ունի ծաղկային և մրգային բույր: Առաջարկվում է որպես ապերիտիվ: Այս գինու կիսաչոր տարբերակը պատրաստվում է Տավուշի և Արմավիրի խաղողագործական շրջանների բերքից: Նրա ծաղկային և մրգային բույրի մեջ միախառնված են նուշի մեղմ նոտաները: Համադրելի է աղանդերի, մրգերի հետ:

Հայկական խաղուն գինի Վարդագույն չոր «Ֆրանսը» պատրաստվում է խաղողի՝ Արենի և Անուշիկ տեսակներից, որոնք աճեցվում են Վայոց ձորիև Արմավիրի մարզերում: Այն պատրաստելիս կատարվում է գինենյութերի ասամբլեաժ, սպիտակուցային կայունացում: Թափանցիկ է և համադրելի տարբեր ուտեստների հետ:

Սովետական խաղուն կիսաչոր գինին փայլուն, նստվածքից զերծ խմիչք է՝ հագեցած մրգային ու ծաղկային բույրերով: Ունի մարգարտե պղպջակների երկար խաղ: Այն պատրաստված է Լալվարի, Կանգուն, Ոսկեհատ խաղողի տեսակներից: Մետաղյա տարողությունների մեջ հնեցումը ոչ պակաս 6 ամիս է:

Նռան կիսաչոր խաղուն գինին երկու մրգերի խառնուրդ է՝ նռան և խաղողի: Այն պատրաստվում է Սյունիքի և Արարատի մարզերի այգեգործական շրջաններից ստացված բերքից: Մյուս տեսակների նման կատարվում է գինենյութերի ասամբլեաժ, գինեքարային կայունացում՝ ցրտով մշակման եղանակով: Սուտակագույն է՝ մանուշակագույն եզրագծով: Ունի նռան յուրահատուկ բույր՝ տևական հետհամով և հաճելի քաղցրությամբ: Կարելի է համադրել աղանդերի և կծու ուտեստների հետ:

Այս անմահական գինիները բովանդակում են հայկական խաղողի և նռան քաղցրությունն ու արևի ջերմությունը: Դրանք, խորհրդանշելով հայոց կարևոր սիմվոլները, կարող են դառնալ ձեր տոնական օրերի լավագույն ընկերները:
Դիտվել է 28 անգամ
|