|
Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների
14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը, հաղորդակցվելով այլ մշակույթների հետ։
Զբոսաշրջային քարտեզների վրա գնալով ավելի ու ավելի հանրաճանաչ է դառնում Բուդապեշտը՝ Հունգարիայի մայրաքաղաքը, որը տարեց–տարի ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է հայտնվում: Քաղաքի յուրահատուկ ճարտարապետությունը, հարուստ պատմությունն ու մշակույթը գերում են Կենտորնական Եվրոպան բացահայտել ցանկացող շատ–շատերի։
Ինչ խոսք, ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը համարվում են Սեցիենի ջերմային բաղնիքները (Széchenyi Thermal Baths)՝ քաղաքում առկա ամենախոշոր և հին ջերմային բաղնիքների համալիրը։ Այս վայրը, որը նաև Եվրոպայի ամենամեծ ջերմային բաղնիքներից մեկն է, ունի մի շարք առողջարարական առավելություններ և Բուդապեշտում պարտադիր այցելելու տեսարժան վայրերից մեկն է։
Ի՞նչն է գրավում Սեցիենի ջերմային բաղքնիքների այցելուներին

Անգամ ձմռան ամիսներին, քաղաքի մառախուղով պատված փողոցներից հետո, այս անզուգական համալիրը տրամադրում է լիարժեք հանգստություն: Բացօդյա ջերմային լողավազանները, որոնք առկա են միայն որոշակի վայրերում, համաշխարհային հռչակ են վայելում։
Համալիրի ջրի միներալային բաղադրությունը հայտնի է իր բուժիչ հատկություններով, ինչն էլ այն ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղի բնակիչների համար դարձնում է ամենասիրելի հանգստավայրերից մեկը: Լոգարանների ջուրը պարունակում է մի շարք օգտակար միներալներ, որոնք ոչ միայն հանգստացնում են մկանները, այլև բարելավում մաշկը՝ վերականգնելով վերջինիս թարմությունը, առաձգականությունն ու փայլը։ Չնայած վայրի հանրահայտ և այցելուների մեծաթիվ լինելուն, այն իր չափերի հաշվին կարողանում է պահպանել հանգիստ ու չշտապեցնող մթնոլորտ։
Պատմական ճարտարապետություն և տպավորիչ դիզայն

Համալիրի շենքին մոտենալիս միանգամից աչք է զարնում Սեցիենի բաղնիքների մեծությունը: Այն կառուցվել է 1913 թվականին, ճարտարապետական դիզայնը համակցում է բարոկկո ոճի ազդեցություններ: Այս հիասքանչ շենքի ճակատները զարդարված են ոսկեզօծ տարրերով ու պատմական դետալներով՝ շքեղություն ու խորհրդավորություն հաղորդելով համալիրին: Որպես մի հին ու բացարձակ կերպով պահպանված շինություն՝ այն նաև յուրահատուկ է իր պատմամշակութային ու ճարտարապետական արժեքով:

Այս հսկայական շենքում քայլելիս թվում է, թե տեղափոխվել ես ժամանակի մեջ ու հայտնվել մի դարաշրջանում, որտեղ լոգարանները եղել են ոչ միայն հիգիենայի ու առողջության պահպանման վայրեր, այլ նաև քաղաքային մշակույթի մի մասը: Սա այնպիսի վայր է, որտեղ լավագույնս համակցվել են պատմականն ու ժամանակակից հարմարությունները:
Տոմսեր գնեք նախօրոք՝ հերթերից խուսափելու համար

Լինելով շատ հայտնի և պահանջված վայր, Սեցիենի ջերմային բաղնիքների մուտքի տոմսերի համար շատ հաճախ, հատկապես տոնական և հանգստյան օրերին, երկար հերթեր են գոյանում։ Այդ իսկ պատճառով զբոսաշրջիկներին առաջրկվում է նախօրոք պլանավորել իրենց այցը:
Եթե ցանկանում եք խուսափել երկար սպասելուց, խորհուրդ է տրվում նախօրոք գնել տոմսեր առցանց՝ պարզապես այցելելով համալիրի պաշտոնական կայքէջ կամ զբոսաշրջային կայքերից մեկը: Տոմսերը նախօրոք գնելով՝ ոչ միայն կխուսափեք հերթերից, այլև կկարողանաք ընտրել այն փաթեթը, որը համապատասխանում է ձեր նախասիրություններին և այցի ժամանակացույցին։

Տոմսերի առցանց պատվիրումը հնարավորություն է տալիս նաև ընտրելու այցելության ձեզ հարմար ժամն ու տարբերակը։ Սա թույլ է տալիս ավելի արտյունավետ կառավարել ժամանակը և համատեղել Բուդապեշտում պլանավորված այլ ծրագրերի հետ։ Համալիրին նպատակահարմար է հատկացնել մոտ 3-4 ժամ՝ վայելելու համար տարբեր լողավազանները՝ ներառյալ արտաքին և ներքին ջերմային բաղնիքները, որոնք տրամադրում են տարբեր ջերմաստիճաններ ու հարմարություններ: Դրանցից ամենահանրահայտն ու պահանջվածը բացօթյա լողավազաններն են։

Տեքստը և լուսանկարները՝ Լուսինե Զորյանի Բուդապեշտ
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 78 անգամ
Читать на русском
|