Ինչպես աշխատանք գտնել
29.11.2012
Վերջերս մի շարք առիթներ ունեցա համոզվելու, որ մեր երկրում ինչքան շատ են աշխատանք փնտրողները, նույնքան էլ քիչ չեն աշխատող փնտրող գործատուները: Բայց նրանք իրար չեն հանդիպում: Եվ պատճառն այն չէ, որ վատ են աշխատում աշխատանքի տեղավորման գործակալությունները… Պարզապես ստեղծվել է մի իրավիճակ, երբ մասնավոր ոլորտի գործատուն զգում է, որ իր բիզնեսի զարգացման համար այսինչ-այնինչ կարողություններով ու հմտություններով մասնագետ է պետք, բայց դեռ չի գտնում այդ մասնագիտության անունն ու կրողին, իսկ մյուս կողմից էլ մեր բուհերում շարունակում են ծերանալ, բայց ավանդույթի ուժով վերարտադրվել մի շարք մասնագիտություններ: Կամ եթե ծերացած չէ մասնագիտությունը, առնվազն հնացած են նրա շրջանակները, եւ կարիերայիդ ճոխ կտավը դրանցում պատկերացնելն ակնհայտ միամտություն է, ժամանակի վատնում:
Մի խոսքով՝ կա խզում, եւ որպեսզի չլրացնես դիպլոմը ձեռքին «իրենց մասնագիտությամբ» աշխատանք գտնել չկարողացողների երկար շարքերը, պետք չէ սեփական մասնագիտությանը վերաբերվել որպես մեկընդմիշտ սահմանված ճակատագրի, որի ձեռքը կրակն ես ընկել: Ի վերջո, չի կարելի չորս-վեց տարվա սովորածը լիարժեք կիրառելու պայմաններ չգտնելու տրտունջներով անցկացնել հաջորդ տասնչորս-տասնվեց տարին… Եվ վերջապես, եթե չկա առաջարկ, գուցե արժի մտածել պահանջարկ ձեւավորելու մասին: Իսկ միգուցե ունեն քո կարիքը, բայց իրենք էլ դեռ չգիտեն, միգուցե կիսատեմպերով աշխատող ինչ-որ ընկերություն չի էլ կարող պատկերացնել, թե ինչ գաղափարներ ունես դու, եւ ինչ հեղաշրջում է սպասում իրեն: Ի վերջո, ոչ մի լավի չի խանգարում դառնալ ավելի լավը: Չպետք է լինել ուղղակի մասնագետ, ուղղակի աշխատող, այլ այդ «ավելի»-ն ապահովողը:
Էլեն
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4803 անգամ
|