Որտե՞ղ են մեր ոջիլները
15.03.2012
Կար ժամանակ, երբ ոջիլները մեր ընդհանուր ծանոթներն ու բարեկամներն էին: Նրանց «փոխանցում» էինք միմյանց, նրանց պատճառով խուսափում իրարից, ոջիլների շնորհիվ անգամ զարգանում էր հատուկ սանրերի, օճառների, շամպունների ինդուստրիա...
Այսօր ոջլոտությունն այլեւս խնդիր չէ, ոջիլների մասին ոչ ոք չի էլ հիշում: LN-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մաշկավեներաբան Վաչագան Աթոյանը նշեց, որ դրանց հանկարծակի բռնկման ու անհետացման պատճառները մասնագետներին էլ հայտնի չեն:
«Դժվար է ասել' ուր են անհետացել ոջիլները, կա կարծիք, որ ոջիլների առաջացումն ու տարածումը կապ ունի միայն հիգիենայի հետ, իհարկե մաքրությունը մեծ նշանակություն ունի, բայց միանշանակ ասել, որ դա է պատճառը, ըստ իս, ճիշտ չէ: Ոջիլների միանգամից բռնկման ու անհետացման հիմնավոր բացատրություն տալ շատ դժվար է, պատճառները մեզ էլ հայտնի չեն, կարծում եմ' այստեղ ինչ-որ ուրիշ բան կա, դեռեւս մեզ անհայտ»,-նշեց մաշկաբանը: Նա դժվարացավ հիշել՝ վերջին անգամ երբ են այդ խնդրով իրեն դիմել. գոյություն ունեցող երեք տեսակի ոջիլներից' գլխի, մարմնի, հագուստի, ոչ մեկը հիմա գրեթե չի հանդիպում:
Վերջին ամիսներին «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետին հանդիպած ոջլոտության միակ դեպքը եղել է ցայլքի հատվածում: Սեռական գոտում բույն դնող ոջիլները տարբերվում են գլխի հատվածում բնակվող «ցեղակիցներից» եւ բուժման հատուկ կուրս են պահանջում:
Ոջիլների անհետացման հավանական պատճառների շարքում մաշկաբանը կարեւորեց կենցաղի բարելավման գործոնը:
Շողիկ Գալստյան Դիտվել է 11949 անգամ
|