Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինձնից առաջ համարյա չէին մերկանում իտալական կինոյում. ՕՌՆԵԼԱ  ՄՈւՏԻ

31.08.2012

Իտալական կինոյի ամենավառ աստղերից մեկը, իր ժամանակների սեքս խորհրդանիշն ու 57 տարեկանում էլ դեռ գեղեցկությամբ շլացնող Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելին ծնվել է 1955 թվականի մարտի 9-ին Հռոմում: Նրա ծնողները բավական աղքատ էին և դժվարությամբ էին խնամում Ֆրանչեսկային ու նրա երկվորյակ քրոջը' Կլաուդիային:

Երբ լրացավ աղջիկների 10-ամյակը, նրանց հայրը մահացավ, և Ֆրանչեսկան ու Կլաուդիան ստիպված եղան ժամանակից շուտ հասուն հայացքով նայել կյանքին:

Բայց եթե համեստ ու ամաչկոտ Կլաուդիան օրերով նստում էր գրքերի առաջ, ապա համառ ու պայքարող Ֆրանչեսկան արդեն 14 տարեկանում բնորդուհի էր աշխատում գեղարվեստի քոլեջում, որտեղ, ստելով, թե 17 տարեկան է, մերկ էր աշխատում ուսանողների համար: Բացի դա, արդեն այդ տարիներին նա նկարվում էր մերկ լուսանկարներ հրապարակող ամսագրերի շապիկների համար: Մի օր այդպիսի լուսանկարներից մեկն ընկավ նրա մոր ձեռքը, վերջինս իհարկե սաստիկ զայրացավ ու նույնիսկ ծեծեց Ֆրանչեսկային: Նրա «աշխատանքի» մասին շուտով իմացան նաև դպրոցում, բայց խիզախ աղջնակը կանգնեց ու հայտարարեց. «Այո, ես այդպես եմ գումար աշխատում: Կարևորը' գողություն չեմ անում»: Չի կարելի ասել, թե ուսուցիչներին դուր եկավ նրա նման պահվածքը և դրա պատճառով է, որ նրան չհեռացրին դպրոցից, պարզապես տնօրենը գիտեր աղջնակի ընտանիքի ֆինանսական ծանր դրության մասին և որոշեց անտեսել Ֆրանչեսկայի վատ վարքը:

 

Հետագայում Ֆրանչեսկան բազմիցս խոստովանել է. «Ես մեծ հաջողության հասա իտալական կինոյում, քանի որ հանդգնեցի մերկ նկարահանվել: Ինձնից առաջ որևէ մեկը նման բան չէր արել»:
Մինչ Ֆրանչեսկան տարված էր բնորդուհու իր գործով, նրա' մի քանի անգամ առավել համեստ քույրը վառ երազներ էր տեսնում: Հենց Կլաուդիան էր ցանկանում դառնալ մեծ դերասանուհի:

Մի անգամ նա կարդաց ինչ-որ թերթում, թե հայտնի ռեժիսոր Դամիանո Դամիանին փնտրում է գլխավոր դերակատարուհու «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի համար: Կլաուդիան համոզեց քրոջն ուղեկցել իրեն լսումների: Բայց, արի ու տես, որ հայտնի ռեժիսորը ուշադրություն դարձրեց ոչ թե հայտագրված, այլ ուղեկցող քրոջը. «Քույրս ուզում էր դերասանուհի դառնալ, իսկ ես մտքիս ծայրով էլ չէի անցկացնում նման բան, բայց ռեժիսորը նայեց երկուսիս էլ ու դերն առաջարկեց ինձ»: Այդպես կայացավ 15-ամյա Ֆրանչեսկայի դեբյուտը մեծ էկրաններին: Քանի որ Իտալիայում արդեն կար դերասանուհի Ֆրանչեսկա անվամբ, Դամիանին խորհուրդ տվեց նրան հանդես գալ Օռնելա Մուտի անվամբ. «Ես միշտ չէ, որ արձագանքում եմ, երբ լսում եմ «Օռնելա» դիմելաձևը: Չէ՞ որ դա Դամիանիի հորինած ծածկանունն է»:

Այդ անունը, սակայն, նրան հաջողություն բերեց անմիջապես: Բոլորը միանգամից հետաքրքվեցին երիտասարդ հայտնության անձնական կյանքով: Նրան վերագրեցին սիրավեպ «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի դերասաններից մեկի' Ալեսիո Օրանոյի հետ: Մինչդեռ այդ ժամանակ նրա կյանքում բոլորովին ուրիշ մի երիտասարդ կար, որի անունը մինչ օրս գաղտնիք է: Կարելի է փաստել միայն, որ նա լքեց Մուտիին այն ժամանակ, երբ իմացավ վերջինիս հղի լինելու մասին: Հետո Մուտին լույս աշխարհ բերեց իր առաջին դստերը' Նայկեին, և երբ լրացավ նրա 1 տարեկանը, ամուսնացավ Ալեսիո Օրանոյի հետ, ով արդեն վաղուց անտարբեր չէր իր նկատմամբ: «Առաջին անգամ ես ամուսնացա, որովհետև վստահ էի' ինձ կին կզգամ միայն այն ժամանակ, երբ մարդիկ ինձ «մադամ» կասեն: Երիտասարդության սխալ», - հետագայում ասել է Մուտին:

 

Կարիերայում ամեն ինչ հարթ ընթացավ: Իսկական փառքը նրա մոտ եկավ Մարիո Մոնչելիի «Ժողովրդական վեպ» ֆիլմից հետո: Հարազատ Իտալիայում նրան սկսեցին կոչել «Դոննա-բամբինա»' «Կին-երեխա», քանի որ դերասանուհին էկրաններից նայում էր մե'կ սեքսուալության կատարյալ մարմնացման, մեկ անպաշտպան ու դյուրահավատ երեխայի աչքերով:

Հետո նա նկարահանվեց Մարկո Ֆերերիի «Վերջին կինը» ֆիլմում, որտեղ նրա հետ հանդես էր գալիս դերասան Ժերար Դեպարդյեն: Հենց նկարահանումների ժամանակ սկսեցին խոսակցություններ պտտվել Օռնելայի ու Ֆերերիի սիրավեպի մասին, ինչն էլ քայքայեց դերասանուհու առաջին ամուսնությունը:
Նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում Օռնելա Մուտին հայտնի դարձավ միայն այն բանից հետո, երբ Ադրիանո Չելենտանոյի հետ համատեղ նկարահանվեց «Կամակոր տղամարդու սանձահարումը» կատակերգությունում, որում Չելենտանոն մարմնավորում էր ամուսնությունից կտրականապես խուսափող տղամարդու կերպար, իսկ Մուտին փորձում էր, ինչ գնով էլ լինի, գայթակղել նրան: Այդ ֆիլմը ցնցեց աշխարհը, և կրկին սկսեցին սիրավեպի մասին խոսակցություններ պտտվել, այս անգամ թիրախում Չելենտանոն էր: Հետագայում ռուսական ТВЦ հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Մուտին խոսոտվանեց. «Դերասանների համար դա նորմալ է' սեր նկարահանումների ընթացքում»: Սա, գուցե, մի քիչ մեղմ է ասված, քանի որ նրանց մեջ ձևավորվել էր իսկական կիրք: Ասում են' Մուտին ամեն օր վազում էր նկարահանումների այնպես, ինչպես ժամադրության կգնար, և միայն մեկ «բայց» կար. Չելենտանոն ամուսնացած էր ու չէր պատրաստվում բաժանվել: 90-ականների վերջին Օռնելան երկրորդ անգամ ամուսնացավ, այս անգամ իտալացի բիզնեսմեն Ֆակինետիի հետ, ումից շատ շուտով բաժանվեց: Պատճառը պարզ էր. Չելենտանոն ու Մուտին շարունակում էին հանդիպել ու չէին թաքցնում դա: «Ադրիանոյի հետ կյանքը լցված էր երջանկությամբ: Աստված իմ… ինչեր էինք մենք անում: Երկար ժամանակ սիրեկաններ էինք: Բայց միևնույն թռիչքի թռչունները չեն կարող հաշտ ապրել նույն բնում. ստիպված եղանք բաժանվել», -հետագայում ասել է Մուտին:

 

Սկսած 1998-ից, Օռնելան ապրում է Հռոմի հայտնի պլաստիկ վիրաբույժներից մեկի' Ստեֆանո Պիկոլոյի հետ' քաղաքացիական ամուսնությամբ:

Շատերն ասում են, թե այն, որ հայտնի դերասանուհին մինչ օրս հիասքանչ տեսք ունի, Պիկոլոյի մասնագիտության հետ է կապված, բայց մի առիթով հենց Մուտին է ասել, որ ինքը չի թոշնում, որովհետև ապրում է սիրով շրջապատված. «Ի՞նչ պլաստիկ վիրաբուժություն: Ես ճոխ կրծքեր ունեմ, որովհետև երեք երեխայի եմ կերակրել: Չեմ ցանակնում սիլիկոնե տատիկ դառնալ: Ուզում եմ տարեց սենյորա լինել, ում համար տարիքը հոգևոր զարգացման հետ է ասոցացվում»:

Օռնելան այժմ Պիկոլոյի հետ նաև համատեղ բիզնես ունի: Նրանք մեծ քանակությամբ խաղող են աճեցնում և զբաղվում գինու արտադրությամբ:

Ի դեպ, բոլորովին վերջերս Մուտին արժանացավ երկրի ամենասեքսուալ տատիկի կոչմանը, քանի որ նա ունի երկու աղջիկ և մեկ տղա, ովքեր էլ արդեն իրենց զավակներն ունեն:
Իրականում Մուտիի փայլի ու գեղեցկության գաղտնիքը չափի զգացումն ու հանգստությունն են: Նա չի խմում, չի ծխում, աշխատում է հնարավորինս շատ քնել, զբաղվում է սպորտով: Ի վերջո, Մուտին երջանիկ մայր ու տատիկ է: Նրա առաջին դուստրը զարմանալիորեն նման է մորը:

Նա նույնպես նկարահանվում է ամսագրերի համար, ֆիլմերում:

Գեղեցկությունը հավերժ չէ և հարաբերական է: Ցանկացած կին գեղեցիկ է ինչ-որ իմաստով: Կարծում եմ' մարդու ներաշխարհն ինչ-որ լույս է արձակում, ինչն էլ մենք գեղեցկություն ենք անվանում:
Իմ դեմքն այժմ փոփոխվում է և ոչ դեպի դրականը: Ամեն անգամ, երբ տեսնում եմ հերթական փոփոխությունը, աշխատում եմ հանգստացնել ինքս ինձ' ասելով, թե սա կյանք է ու այդպես պետք է լինի: Իմ մեջ ներդաշնակություն եմ փնտրում: Դա ինձ վստահություն ու հանգստություն է ներշնչում:

Ես երազում եմ միայն ներդաշնակության մասին, ուզում եմ, որ երեխաներիս կյանքն էլ ներդաշնակ լինի: Որպես արվեստի մարդ, ուզում եմ մշտապես ինչ-որ նոր բան անել ու մարտահրավեր նետել:

Մայր լինելը դժվար է, իսկ երեք երեխաների մայր լինելը' շատ դժվար: Եվ խնդիրն այն չէ' դու դերասանուհի ես, բիզնես-լեդի, թե տնային տնտեսուհի: Բոլորի համար էլ դժվար է տեսնել, թե ինչպես են տառապում երեխաներդ, երբ նրանց մոտ մի բան չի ստացվում: Ես երջանիկ եմ, երբ երեխաներս են երջանիկ:

Չելենտանոն ունիկալ էր: Նրա նմանը չկա և չի լինի: Նա կարողանում էր իր հետևից ամբոխ տանել, որովհետև իսկական դերասան էր: Նրա հետ աշխատանքը միայն երջանկություն էր պատճառում և ես հիշում եմ այդ օրերը, որպես լավագույնն իմ կյանքում:

Ճիշտն ասած' ես չեմ կարող համեմատվել հոլիվուդյան դերասանուհիների հետ: Նրանք ունեն մի բան, որ Իտալիայում չկա' մրցամոլ ոգի:

Այո, ես զբաղվում եմ բարեգործությամբ, բայց չեմ ցանկանում շատ խոսել դրա մասին: Բոլորս էլ պետք է կիսվենք միմյանց հետ, քանի որ կյանքը դաժան է, մարդիկ տառապում են, մինչ դեռ այդպես չպետք է լինի:

Լարա Առաքելյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10787 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 641 անգամ
07.05.2024
Դիտվել է 174 անգամ
08.05.2024
Դիտվել է 168 անգամ
09.05.2024
Դիտվել է 118 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster