Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը վերջին անգամ Հայաստանում էր 2011թ. նոյեմբերին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» երգեց իր ստեղծագործական գործունեության քսանհինգամյակի կապակցությամբ: Վաղուց նման անշլագ չէի տեսել օպերային ներկայացման ժամանակ: LADYNEWS-ի առաջին հարցազրույցն աշխարհի բոլոր նշանավոր օպերային բեմերը նվաճած երգչուհու հետ է:
-Եվրոպական մամուլը Ձեզ հաճախ է դիվա անվանում: Համամի՞տ եք, նկատի ունեմ՝ Ձեզ դիվա համարո՞ւմ եք:
- Հնարավոր է, բայց' բեմում: Դիվա ընդհանարապես անվանում են օպերային այն երգչուհուն, ով առաջնային դերեր է երգում, ամենաերկարն է լինում բեմում, իր շքեղ հագուստներով առանձնանում է եւ այլն: Բայց ոչ կյանքում. բեմը կյանք տեղափոխելն ամենամեծ ինքնախաբեությունն է: Ես ընդհանրապես փորձում եմ միշտ մնալ գետնի վրա. դա ոչ միայն երգչին է վերաբերում, այլեւ առհասարակ մարդ արարածին, որ իրեն երբեք բարձր չդասի որեւէ մեկից: Անկախ նրանից' դու ինչ հաջողություններ ունես, ինչ մասնագիտություն, բոլորս հավասար արարածներ ենք:
- Ռոտերդամյան պարբերականներից մեկը Ձեզ հռետորական հարց էր ուղղել' այս փխրուն կնոջ մեջ ո՞րտեղից այդ հերկուլեսյան ուժը, թվում է' օպերան ավարտելուց հետո նա նորից կարող էր սկսել սկզբից: Հիմա հնարավորություն ունենք այդ հարցի պատասխանը լսել Ձեզնից…
- Դա երաշտության ուժն է: Կա նաեւ տեխնիկական պատրաստավածության հարց: Եթե դու այդ հնարներին չես տիրապետում, չես կարող բեմ դուրս գալ: Դա հիմքն է: Եթե երգիչը բարձր նոտաներ վերցնելու մտավախություն ունի, ավելի լավ է' բեմ դուրս չգա: Դա ուղղակի դժոխք է ու տանջանք: Երգելը շատ բնական վիճակ է. պետք է լինի հաճույք:
- Աշխարհի բոլոր ծայրերից լսում ենք, թե ինչ հրաշալի «Նորմա» եք Դուք: Շատ-շատ եք երգել այդ դերը, չնայած Հայաստանում բավականին երկար ժամանակ չեն լսել «բոլոր ժամանակների լավագույն Նորմաներից մեկին», ինչպես անվանում են Ձեզ: Ո՞րն է դերերգի հաջողությունը:
- Ընդհանրապես այս դերերգը սկսել եւ ավարտելը միայն բացառիկ երեւույթ է, որովհետեւ այն երգելու համար պահանջվում է երեք տեսակ ձայն' լիրիկական, դրմատիկական եւ կոլորատուրային: Այսինքն՝ դու պետք է ունենաս ամեն ինչ: Այս դերը երգել կարողանալը ես համարում եմ օրհնություն: Այն երազ է, եւ ոչ միայն սոպրանոների համար: Այս երաժշտության մեջ կա ամեն ինչ: Եվ Նորման ինքը (Բելինի,«ՙՆորմա» -LN): բազմաթիվ հատկանիշների կրող է: Նա այսօր կարող էր լինել քաղաքական գործիչ: Քրմուհի էր, որը կայացնում էր շատ կարեւոր որոշումներ, ես նրան համեմատում եմ, օրինակ, Հիլարի Քլինթոնի հետ: Նա սիրող կին էր, սիրում էր իր թշնամուն եւ ուներ երկու երեխա, որոնց ստիպված էր թաքցնել: Այս կոմպլեքս կերպարը բեմում ներկայացնել կարողանալն իսկապես շատ մեծ երջանկություն է: Ես երգել եմ մոտավորապես քսանյոթ տարբեր բեմադրություններում՝ հարյուր հիսունից ավել ներկայացումներում:
- Բեմում բազմաթիվ կանանց եք մարմնավորում: Ո՞րն է Ձեզ հոգեհարազատ՝ Նորմա՞ն…
- Ո’չ: Այդ տեսակն ինձ չի գրավում: Ինձ համար ամենահուզիչը, ամենասիրած դերերգը Բաթերֆլայն է (Պուչինի, «Մադամ Բաթերֆլայ»-LN): Սա տասնհինգ տարեկան մի աղջիկ էր, որ ստիպված էր հանդիպել եւ դիմակայել բոլոր տեսակի մարդկային դժվարություններին եւ կյանքն ավարտել ողբերգությամբ: Նա աղքատ էր, հացը վաստակում էր փողոցում երգելով. գեյշա էր, մատուցում էր զանազան ծառայություններ: Երեք տարի սպասում էր իր սիրելիին, պատկերացնում ե՞ք' երե~ք տարի, ու հավատում էր, որ նա գալու է: Դուք պատկերացնո՞ւմ եք' դա ինչ է: Վերջում անձնասպան եղավ, որովհետեւ ստիպված էր: Այսպիսի~ կանացի ողբերգություն, այսպիսի~ կերպար. երկրորդը չկա գրականության մեջ, համենայն դեպս, օպերային գրականության մեջ: Ամենասիրելին է այս դերերգը, բայց ոչ թե որովհետեւ ես կուզեի այդպիսին լինել կամ որեւէ մեկին դա ցանկանում եմ. պարզապես սա ամենահուզիչն է ինձ համար:
- Պատահե՞լ է, որ բեմում անհարմար դրության մեջ հայտնվեք:
- Ի ուրախություն ինձ, ո’չ: Բայց պատահել է, որ խաղընկերներս ձայնը կորցրել են ներկայացման ժամանակ:
- Օգնության հասե՞լ եք, թե ոչինչ անել չեք կարող նման դեպքերում:
- Փորձել եմ ամեն ինչ անել: Ինչ-որ ձեւով ավարտին ենք հասցրել ներկայացումը: Երեւի դա տարիների փորձի շնորհիվ է: Երբեք չի եղել քսանհինգ տարվա ընթացքում, որ հրաժարվեմ բեմադրությունից: Միայն մեկ անգամ… Ներկայացումն արդեն պատրաստ էր, երբ ես մեկ շաբաթ առաջ ստիպված էի հրաժարվել, որովհետեւ իմացա, որ հղի եմ, մայր պիտի դառնամ:
- Հուզմունքի՞ց չկարողացաք:
- Ո’չ, ֆիզիկապես չէի կարող: Բարդ բեմադրություն էր. ես պիտի ցատկեի անընդհատ, եւ դա շատ մեծ ռիսկի հետ էր կապված: Եվ դիրիժորը ինձ մի շատ իմաստուն բան ասաց. ՙԵս գիտեմ, որ դու հարյուր տոկոսով չես կարող լինել բեմում, ուրեմն ես հանգիստ չեմ կարող լինել: Եվ եթե, Աստված մի արասցե, որեւէ բան պատահի, դու քեզ երբեք չպիտի ներես: Լեդի Մակբեթներ նորից կերգես, բայց սա կարող է մայր դառնալու միակ առիթն է՚:
- Իսկ կարիերա՞ն է պատճառը, որ Սիրանույշը Ձեր միակ զավակն է:
- Այո, ես ընդհանրապես չէի պատրաստվում ամուսնանալ: Եվ երեխա ունեցա ամուսնանալուց ութ տարի հետո: Ես ունեի սարսափելի ծանրաբեռնված գրաֆիկ: Երբ նոր էի գնացել Գերմանիա, այդ ռիթմը շատ անսովոր էր: Չորս շաբաթ, եւ ամբողջովին պիտի պատրաստ լինես, օրը ութ ժամ անցկացնես փորձասենյակում, որոնք պատուհաններ չունեն, ունեն միայն նեոնային լույս, արհեստական օդափոխիչներ, եւ դու այդտեղ չորս շաբաթ աշխատում ես: Ես այնքան տարված էի իմ այդ գործունեությամբ, որ չէի մտածում նույնիսկ այլ բանի մասին: Երբ մայրս եկավ, ինձ տեսավ բոլոր թատրոններում' Նյու Յորքում, Փարիզում եւ այլուր, ասաց. ՙՀաջողությունները շատ լավ են, սա հրաշալի է, բայց եթե մայր չդառնաս, ես կտխրեմ՚: Իսկ մայրս գիտե±ք ինչպիսին է. նա երբեք ինձ նկատողություն չի արել, չեմ հիշում, որ բարձր ձայնով երբեւէ ինչ-որ բան ասած լինի… Սա առաջին անգամ էր, որ նա ինչ-որ բան ուզեց: Ես ասացի' բայց ախր ինչպե~ս կարող եմ այս ռիթմի հետ, ասաց' եթե մի օր որոշես, իմացի’ր, որ քո կողքին եմ: Երեխա ունեցա քառասուն տարեկանում, եւ մայրս Սիրանույշի ծննդյան օրից նրա կողքին է քսանչորս ժամ: Եվ դրա շնորհիվ, Սիրանույշը երբեք չի ունեցել օտար դայակ:
- Սիրանույշի ծնունդով ինչքանո՞վ կյանքը փոխվեց:
- Փոխվեց առաջին հերթին այնքանով, որ ես սկսեցի վախենալ ինքնաթիռ նստելուց: Առաջ ուղղակի նստում էի ու իջնում, իսկ հիմա աղոթում եմ, որ իջնեմ. ինձ սպասում են… Չէի կարող պատկերացնել, թե դա ինչպիսի պարգեւ է բնության կողմից:
- Ասացիք՝ որոշել էիք չամուսնանալ: Ինչ եղավ, որ փոխեցիք այդ որոշումը:
- Ամուսնությունները վերջին հաշվով երկնքում են կատարվում: Ես հավատում եմ դրան: Մեր հանդիպումը շատ հետաքրքիր տեղի ունեցավ: Ես երգում էի Նորմա Գերմանիայի Հալբոն քաղաքում, եւ իմ ապագա ամուսինը' Կոնրադը (Կոնրադ Կուհն-LN) նստած է լինում դահլիճում: Ներկայացումից հետո նա եկավ կուլսիներ, ծանոթացանք, մի քանի բառ փոխանակելուց հետո գնաց: Հետո պատմեց, որ երբ ես երգել եմ «Casta diva»-ն' հայտնի արիան, ասել է ինքն իրեն.«ՙԵս ուզում եմ տեսնել այս կնոջը մոտից»: Շատ հետաքրքիր էր, որ այնպես ստացվեց' ես այդ քաղաքում մնացի երկու շաբաթ. դա հյուրախաղային ներկայացում էր, երբ գնում ես խմբի հետ, երգում եւ անմիջապես վերադառնում: Հետո, ես պիտի գնայի այդ քաղաքում ձայնասկավառակների խանութ. պայմանավորվածություն ունեի' պիտի ստորագրեի: Նա խնդրել էր տնօրենին, որ ինքն ինձ ուղեկցի: Եկավ, ուղեկցեց, խոսեցինք մի փոքր: Այնտեղից ես մեկնեցի Լյուքսեմբուրգ եւ ներկայացումից առաջ ստացա նրա ուղարկած ծաղկեփունջն ու բացիկը' բարեմաղթանքներով: Հետո Կոպենհագեն գնացի, նույն պատմությունը. այսպես ինձ հետեւում էր, միշտ ողջույններ էր ուղարկում: Հետո մի օր ինքը հայտնվեց, սկսեցինք հանդիպել: Ես առաջարկ ստացա Բոննից' երգելու «Տոսկա»: Երրորդ օրը, երբ եկա Բոնն, մետրոյում շտապելուց ընկա եւ կոտրեցի ոտքս: Եվ սա նրա համար շատ մեծ առիթ էր… Ես, իհարկե, ծնողներիս չասացի, որովհետեւ, ի՞նչ իմաստ ուներ. չպիտի կարողանային գալ: Ինձ խնամեց նա, ասեմ' շատ լավ: Վեց շաբաթ ոտքս մնաց գիպսի մեջ: Դա մեկուկես տարի անց էր մեր հանդիպումից, եւ մի դեպք, երբ իրար ավելի լավ պիտի ճանաչեինք: Ապա մտածեցի' ինչու ոչ: Նա ինձ համոզեց, որ այդպիսի կինն իրավունք չունի մենակ լինելու: Մենք ամուսնացանք:
- Շա՞տ խոստումներ տվեց:
- Ոչ, երբեք: Ոչ մի խոստում չտվեց եւ մինչեւ հիմա էլ խոստումներ ընդհանրապես չի տալիս: Հետաքրքիր մի բան կա. մենք շատ լավ ընկերներ ենք, ունենք ընդհանուր հետաքրքրություններ, նա շատ արվեստասեր է, մասնագիտությամբ' փիլիսոփա-բանասեր, դրամատուրգ: Հրաշալի նվագում է դաշնամուր, նրա տատիկը եղել է դաշնակահարուհի, հայրը' ճարտարապետ, հորաքույրը' խեցեգործ, այսինքն' մշակութային ընտանիք են: Հետաքրքիր մարդ է: Օրինակ' երբեք չի հիշում մեր հանդիպման օրը, ամուսնության օրը. ասում է' դրանք պայմանականություններ են, ամեն օրը մեր հանդիպման առաջին օրն է: Քանի որ բավականին երկար ժամանակով հեռու ենք լինում իրարից, երբ հանդիպում ենք, այդ հանդիպումները շատ բուռն են լինում, քննարկելու բազմաթիվ թեմաներ ենք ունենում: Այդ վստահությունը, համերաշխությունը մեր աղջկա ծնունդից հետո ավելի ամրապնդվեց, որովհետեւ մենք պարտականություն ունենք այս երեխայի հանդեպ: Եթե անգամ իրար հետ ինչ-որ խնդիր ունենք, իրավունք չունենք երեխային զրկել լիարժեք մանկությունից: Դրանով է արտահայտվում մեր սերը մեր աղջկա հանդեպ: Երբեք չենք վիճում երեխայի ներկայությամբ, եթե հարցեր ունենք լուծելու,ուրեմն' առանձին: Մեր տանը ներդաշնակ, սիրով լեցուն մթնոլորտ է:
- Ամեն դեպքում, վիճելու առիթներ լինում են, չէ՞:
- Իմ ամուսինը շատ ոչ պրակտիկ է կենցաղային հարցերում: Նրան հեշտությամբ կարող են խաբել խանութներում, նա կարող է գնել ինչ-որ սխալ բաներ. թեթեւ խնդիրն են լինում' կազմակերպչական հարցերի հետ կապված, բայց ոչ խոշոր վիճաբանություն: Կամ, նման մի բան. երբ նա հայերեն էր սովորում եւ ուզում էր կատարյալ տիրապետել, փողոցը երեխայի հետ սարսափելի երթեւեկության պայմաններում անցնելիս կարող էր հարցնել' «միրգը» «գ՚»ով է գրվում, թե «ք»-ով: Դե, պատկերացրե’ք իմ ռեակցիան: Կամ, զանգահարում եմ, օրինակ, Ճապոնիայից' կարճ հարցնելու համար ինչպես են, նա կարող է սկսել երկար մի պատմություն պատմել ինչ-որ բանի մասին, այդտեղ ես բռնկվում եմ, որովհետեւ ժամանակ չունեմ, փորձերս են սկսվում եւ այլն:
- Սիրանույշի հետ ունենո՞ւմ եք զուտ «կանացի» զրույցներ:
- Այո~:
- Իսկ որո՞նք են այն խորհուրդները, որ տալիս եք նրան' որպես կին: Աղջկա դաստիարակությունը երբվանից է սկսվում:
- Ես իմ օրինակը պիտի փոխանցեմ նրան. ինձ չեն դաստիարակել' այդ բառի ընդունված իմաստով: Ինձ համար օրինակ է եղել իմ մոր ապրած կյանքը, նրա կենցաղը: Պատառաքաղ-դանակից օգտվելու մասին չէ խոսքը. դա մանկապարտեզում էլ են սովորեցնում: Բայց այ' ունեցածդ ուրիշի հետ կիսելը, կամ քչով բավարարվելը, հացը երբեք աղբարկղ չնետելը, շռայլություններից, շքեղություններից զերծ մնալը եւ նման բաները ընտանիքից ես սովորում:
- Իսկ հատկապես ի՞նչ եք սովորել Ձեր մորից, ո՞վ է այդ իմաստուն կինը:
- Շատ պարզ, հասարակ հայուհի' Գյումրիից: Փոքր ժամանակից տեսել եմ աշխատասիրություն, անսահման նվիրվածություն, համբերատարություն: Ինձ թվում է' համբերատարությունը ես ժառանգել եմ նրանից: Եվ դա համարում եմ բնավորության շատ կարեւոր գիծ:
- Ձեր նշած համբերատարությունը նույնանո՞ւմ է խոնարհության հետ:
- Դա ուրիշ համբերատարություն է, խոնարհությանը ես միշտ չէ, որ համաձայն եմ: Միշտ չէ, որ կինը պիտի խոնարհ լինի. ինչու: Մայրս չափից ավել խոնարհ է, բայց դա նրա ապրած դարն է….Համակերպվել այն պայմաններին, որ կա. ինչո՞ւ, չփոխես, եթե կարող ես:
- Դուք նոր ժամանակների կին եք: Հավասարությա՞ն կողմնակից եք:
- Այո’, ինչու չէ, նաեւ առաջ տանողի դերում լինելու: Գիտե՞ք' կանայք ընդհանրապես ունեն այդ հնարավորությունը: Նրանք ունեն այդ բնազդը, ինտուիցիան' բնությունից:
- Իսկ եթե Սիրանույշը Ձեզ պես որոշում կայացնի' չամուսնանալ, ինչպե՞ս կարձագանքեք:
- Եթե չգտնի իր կեսին, ես կնախընտրեմ չամուսնանալ: Եթե պիտի ամուսնանա միայն ամուսնացած լինելու համար, ավելի լավ է' չամուսնանա: Մարդն ամուսնանում է երջանիկ լինելու համար:
- Սո՞ւր եք վերաբերվում տարիքի խնդրին, ինչպես շատ կանայք:
- Ոչ, ես ուրախանում եմ, որ մի տարի եւս ապրեցի ու մեծացա եւս մի տարով: Ամեն տարիք ունի իր հմայքը: Դեմ եմ բոլոր տեսակի պլաստիկ վիրահատություններին: Վստահ եմ, որ երբեք չեմ դիմելու դրան: Բնությունը խմբագրել, նորոգել հնարավոր չէ ու չարժի: Բայց հասկանում եմ այդ քայլին դիմողներին. դա շատ անհատական մոտեցում է պահանջում: Կնոջ գեղեցկությունը նրա ներքին վիճակն է առաջին հերթին: Եթե հավասարակշռված ես, երջանիկ ես, բավարարված ես, դա արտահայտվում է դեմքի վրա, նույկերպ' նեգատիվ զգացողությունները: Իհարկե, թող չթվա' ես խնդիրներ չունեմ. դրանք անթիվ են, բայց իմն են, չեմ կարող փաթաթել մարդկանց վզին: Եթե ուզում ես գեղեցիկ լինել, նաեւ ինչ-որ բաներից քեզ պիտի զրկես:
- Ինչի՞ց օրինակ:
- Ասենք, շատ չուտել, հատկապես' քաղցրը: Այլապես քառասունից հետո կարող ես հեշտությամբ գիրանալ: Ինչ-որ մարզանքները պարտադիր են:
- Տնայի՞ն պայմաններում:
- Այո, ես այդ սրահները չեմ սիրում, սարքերը… Կարեւորը շարժումն է, իսկ դա տանն էլ կարող ես անել: Բեմադրություններ կան, որ այդ ութ շաբաթից հետո ոսկորներս ցավում են արդեն եւ պետք է վերական•նել ֆիզիկական վիճակդ: Սիրում եմ շատ քայլել, մեքենա չեմ վարում: Վիեննայում ամեն ինչ շատ մոտ է ինձ, կարող եմ քայլել: Գիտեմ վարել, ունեմ իրավունք, բայց չեմ օգտվել: Ավելի շատ հեծանիվ եմ վարում:
- Շատ խնամված տեսք ունեք: Թանկարժեք կոսմետիկա՞ եք օգտագործում:
- Շատ քիչ կոսմետիկա ունեմ, հիմա եթե ցույց տամ, կխղճաք ինձ: Բեմում, դե իհարկե ուրիշ է, գրիմը իրենք են անում: Չեմ ծխում, չեմ հայտնվում այն միջավայրում, ուր ծխում են, չեմ խմում, միայն երբեմն' կարմիր գինի կամ կոնյակ: Երբեք չեմ հաճախել դիսկոտեկներ: Ներկայացումներից հետո էլ չեմ սիրում երկար-բարակ խնջույքները, խոսակցությունները: Ընդհանրապես աշխատում եմ քիչ խոսել:
- Ասացիք' Ձեր ամուսինը հոբելյաններին ուշադրություն չի դարձնում, բայց յուրաքանչյուր կին կարծեմ ուշադրություն սիրում է…
- Մենք անգամ հարսանիք չենք արել, որովհետեւ, ես գիտեք, քանի անգամ եմ ՙամուսնացել՚ բեմի վրա, հարսանեկան զգեստ կրել եւ դրա կարիքը չէի զգում իրական կյանքում, գուցե տարիներ հետո ափսոսամ, չգիտեմ: Ուշադրության խնդիր չկա, որովհետեւ դրա պակասը երբեք չեմ զգացել: Տարեդարձս միշտ հիշում է, իսկ հնարված տոների հանդեպ ուղղակի հակակրանք ունի:
- Վերջին հարցազրույցներից մեկում նշել եք, որ մոտ ապագայում հեռանալու եք բեմից: Անսովոր չի՞ լինի, ինչո՞վ եք զբաղվելու հետո:
- Այո’, պիտի տեղ տալ երիտասարդներին: Հետո երեւի վարպետության դասեր կտամ, կփոխանցեմ իմ կուտակած փորձը: Վերջապես կապրե’մ մի քիչ: Քսանհիգ տարի անդադար երգել եմ: Ուզում եմ առավոտյան արթնանալ ու իմանալ, որ այսօր սովորելու բան չունեմ: Միչեւ հիմա ապրում եմ դպրոցականի ռեժիմով: Եվ ոչ ոք քեզ չի կարող օգնել բեմի վրա, դու մենակ ես: Տրված է' պիտի անգիր անես, դա դո’ւ պիտի անես: Վարագույրը բացվեց, դու ես բեմում' մենակ: Մինչեւ հիմա սովորել, սովորել, սովորել…
- Դուք հիմա օրինակ եք շատերի համար, Ձեզ համար ովքե՞ր են ժամանակին օրինակ եղել:
- Մեզ համար, օրինակ, այդպիսին էին Ֆաինա Ռանեւսկայան, Տաթեւիկ Սազանդարյանը: Վերջինս հայոց մեծ տիկինն էր, երբ մի տեղ էր մտնում, մարդիկ ձգվում էին անկախ իրենցից, այնքան մեծ պատկառանք կար նրա հանդեպ: Նրա հետ խոսելը, խորհուրդները լսելը պատիվ էր ինձ համար: Այդպիսի անհատականություններ հիմա շատ քիչ կան: Ընդհանրապես փորձել եմ սովորել բոլորից, հիմա էլ: Ամեն տեղ, միշտ եթե լավ բան եմ տեսնում, վերցնում եմ, սովորում:
25-04-2025 13:52 Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49 YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59 52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01 37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04 Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։