Լավ վիճաբանելու թոփ 5 կանոն
08.08.2012
Չկա ընտանիք առանց վեճերի: Դրանք մեր կյանքի բաղկացուցիչ մասն են: Դե ուրեմն ինչո՞ ւ չսովորել ճիշտ վիճաբանել: Ձեզ ենք առաջարկում վեճը ճիշտ կառուցելուն և նպատակին ուղղորդելուն նպաստող 5 կանոն:
Սկսեք ոչ թե «դու»-ով, այլ «ես»-ով:
Երբ Դուք սկսում եք վիճել ու իբրև առաջին բառ եք ընտրում «դու»-ն, մտնում եք զուգընկերոջ անձնական տարածք: Նա անմիջապես լարվում է Ձեր ներխուժումից ու փակվում: Այնպես որ ավելի լավ է դիվանագետ լինեք: Եթե ցանկանում եք ասել, օրինակ. «Դու նորից ուշացար», ավելի լավ է ասեք. «Ես քեզ այնքան երկար սպասեցի, իսկ դու չեկար»: Սա շատ ավելի նուրբ ձևակերպում է, որ, ըստ էության, նույն իմաստն ունի, ինչ առաջինը, բայց թույլ կտա նրան չլարվել, ավելին, կարեկցել Ձեզ:
Զսպեք էմոցիաները:
Եկեք հստակ հասկանանք. Դուք կա'մ ուզում եք պարզապես Ձեր մեջ կուտակված բացասական լիցքերից ազատվել, կա'մ ուզում եք վիճաբանության միջոցով հասնել հուզող հարցի լուծմանը: Եթե Ձեր խնդիրն առաջինն է, ապա ավելի լավ է առանձնանաք ու մի քանի ափսե ջարդեք, իսկ եթե ուզում եք խնդիր լուծել, ապա սովորեք հաշվել մինչև 10-ն ու զսպել էմոցիաները:
Հիշեք նպատակի մասին:
Հաճախ վիճաբանություններն սկսվում են ամենակենցաղային թեմաներով ու ավարտվում մարդկային էվոլյուցիայի քննարկմամբ՝ «Ինքդ ես ավանակը», «Գորտը դու ես» և այլն: Համաձայնեք, որ սա անարդյունավետ վերջաբան է: Մշտապես ուշադրության կենտրոնում պահեք վեճի առարկան ու մի շեղվեք դրանից:
Առաջինը գնացեք հաշտեցման:
Իհարկե, հիանալի է, երբ երկու զուգընկերն էլ հավասարապես ցանկանում են հաշտվել վեճից հետո, բայց դա ավելի շատ նորաստեղծ ընտանիքներին է բնորոշ: Այնպես որ մշտապես մտածեք առաջինը հաշտվելու մասին: Ընտանեկան անդորրն ամենակարևորն է:
Վեճի բացասական հետևանքները մեղմեք հաճելիով:
Աշխատեք վիճաբանությունից հետո մեղմել մթնոլորտը: Հավատացեք, որ դա հեշտ է: Բավական է, ասենք, նրա համար համեղ ընթրիք պատրաստելը:
Դիտվել է 4209 անգամ
|