LN-ի հյուրասրահում է «Հայսուպերսթար- 2» նախագծի ֆինալիստ, երգչուհի Նարե Գևորգյանը:
-Մի քանի օր առաջ ընկերության միջազգային օրն էր, ո՞ւմ ես հասցրել շնորհավորել:
-Ես ամաչում եմ և ներողություն եմ խնդրում ընկերներիցս, որ չեմ հիշել: Իմ ընկերները ինձ նամակներ էին ուղարկել Facebook սոցիալական ցանցում: Ովքեր ինձ այդ օրը գրել են, ես պատասախանել եմ, բայց ցավում եմ' չգիտեի, որ ընկերության միջազգային օրն է: Ճիշտն ասած տոներով չէ, որ պետք է ես նրանց իմ սիրո մասին ասեմ. գործով միշտ ապացուցում եմ: Միշտ նրանց հետ եմ ու իրենց թիկունքին կանգնած:
-Ընկերներ շա՞տ ունես:
-Այո~, շա՜տ-շա~տ: Չկա մի մարզ, որտեղ ես ընկերներ չունենամ: Դե՛, բնականաբա՛ր, Գյումրիում շատ ավելի շատ:
-Ասում են' աղջիկների ամենալավ ընկերը հենց իրենց մայրն է: Որքանո՞վ ես համաձայն:
-Բնականաբա՛ր, ծնողից շատ քեզ ոչ ոք ավելի լավ չգիտի: Ծնողն է, որ քեզ ծնված օրից և նույնիսկ դեռ այն 9 ամիսներից ճանաչում է, իսկ ահա ընկերուհին՝ ավելի ուշ տարիքից: Ճիշտ է այդ արտահայտությունը, բայց կան նաև անձնական հարցեր, որ ուղղակի իմ բնավորության պատճառով առհասարակ ոչ ոքի հետ չեմ խոսում, նույնիսկ ինձ հետ: (ծիծաղում է-LN):
- Ինչպե՞ս հայտնվեցիր «Հայսուպերսթար»-ում:
-6 տարի առաջ, բայց այնպես է, կարծես ես անցած տարի եմ մասնակցել: Շատ թարմ են հիշողությունները: Ես մասնակցեցի Գյումրիից, տեսա՝ ինչպիսի պայքար կա ու սկսեցի ոգևորվել: Սկզբում մի քանի մասնակից ինձ վրա ծիծաղում էին, ուրիշ աչքով նայում, բայց հետո այդ նույն ծաղրողները ինձ համար դարձան մտերիմ ընկերներ (ծիծաղում է-LN): Դժվար էր 16 տարեկանում կենտրոնանալ և բեմ բարձրանալ: Եթե հիմա ինձ հետ այդպես վարվեին, ես կկոտրվեի, այլևս բեմ չէի բարձրանա, լաց կլինեի: Երևի դեռ երեխայական էի այն ժամանակ մտածում:
-Ի՞նչ զգացողություններ ունեիր. մեծ բեմ, կենդանի կատարումներ , լույսեր…
-Ես որոշակի հղկվածություն ունեի. դեռ Գյումրու «Դեղձանիկ» խմբում թրծվել էի: Այս պարագայում պետք էր գոհացնել ժյուրիի անդամներին. այնպես չէր, որ իմ հարազատներն էին, որ ամեն դեպքում կգովեին ու կասեին՝ լավ է: Շատ է եղել, որ ես սրբել եմ արցունքներս ու բարձրացել բեմ. ամեն քվեարկությունը ծանր էի տանում, բայց իմ փորձը օգնեց հաղթահարել ու հասնել նրան, ինչի հասել եմ:
-Ե՞րբ հասկացար, որ արդեն հայտնի ես:
-Ճիշտն ասած, «Հայսուպերսթար»-ի առաջին փուլից հետո ես արդեն զգացի, որ հայտնի եմ: Չգիտեմ , թե ինչպես եղավ, բայց ես մեկ օրում հայտնի դարձա: Քնեցի- արթնացա ու որոշ չափով հայտնի էի: Նույնիսկ երթուղային տաքսիներում էին ինձ ճանաչում (ծիծաղում է –LN):
-Ի՞նչ է տվել հայտնիությունը քեզ:
-Հայտնիությունը, ինչպես կարող է ամեն ինչ տալ, այնպես էլ շատ բան վերցնել: Եթե ես առաջ կարող էի ինձ փողոցում այլ կերպ պահել, հիմա այլ կերպ եմ պահում: Շատ դեպքերում իմ հայտնիությունը ինձ օգնել է ինչ-որ հարցեր կարգավորելու համար:
-Ե՞րբ որոշեցիր, որ պետք է աշխատես երեխաների հետ:
-Ես առաջարկ ստացա Մեծամորի արվեստի դպրոցից ու մեծ սիրով համաձայնեցի: Դեռ փոքր տարիքից կազմակերպչական ջիղ եմ ունեցել: Հիմա էլ երեխաների հետ շատ մեծ բավականությամբ եմ աշխատում, ու փորձում տաղանդավորներին օգնել ամեն կերպ:
-Ասում են' նրանց հետ աշխատելը հաճախ հոգնեցուցիչ է: Չե՞ս սպառվում:
-Ես համաձայն չեմ այս արտահայտության հետ. ամեն անգամ երկու ժամանոց ադրենալին եմ ստանում այդ երեխաներից: Նրանք, ընդհակառակը, էներգիա տալիս են, այլ ոչ թե խլում: Մեկ-մեկ ինձ հազիվ եմ զսպում, որ երեխաներից մեկին չմոտենամ ու ուղղակի համբուրեմ: Այնքան լավն են, նուրբ , բարի, իսկ ես երեխաներ շատ-շատ եմ սիրում:
-Քո դեռևս միակ տեսահոլովակից հետո դադար է: Ինչո՞ւ:
-Քանի որ ես չունեմ պրոդյուսեր, իմ գործերը մի փոքր դժվարանում են, երկարում: Բայց ամեն դեպքում 6 տարի է, շոու-բիզնեսում եմ, եթե կարելի է այդպես ասել, ու հասկացել եմ, որ կարիք կա պրոդյուսերի: Բայց ես իմ ուժերը հավաքել եմ ու այս տարի մի փոքր ավել կաշխատեմ: Չեմ ուզում խոստանալ ու հանկարծ ինչ-ինչ պատճառներով չանել եւ վատ զգալ: Բայց ուզում եմ վստահեցնել ինձ սիրողներին ու իմ երգերին սպասողներին, որ ես դեռ կվերադառնամ նոր երգերով:
-Նարե՛, քո անձնական կյանքից գրեթե ոչինչ չկա: Թեկնածուները պասի՞վ են:
-Թեկնածուների պակաս առհասարակ չկա: Չեմ սիրում խոսել անձնականից, բայց դե որ հարցը հնչել է… Չկա մի օր, որ թեկնածու չհայտնվի, բայց գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր՝ որ ես սկսում եմ փնտրել նրա մեջ բացասական կողմեր: Գտնելուց հետո էլ ուրախանում եմ, որ գտել եմ (ծիծաղում է –LN):
-Նշանակում է, որ պատրաստ չե՞ս:
-Ես չեմ մտածում: Նա կհայտնվի այն պահին, երբ պիտի՛ հայտնվի:
-Ձեր տուն քեզ համար հարսնախոսելու եկե՞լ են:
-Այո՛ (ծիծաղում է-LN); Ես 16- 17 տարեկան էի: Նույնիսկ մի մարդ կար, որ ինձ համար միշտ ծաղիկներ էր նվեր բերում, ես էլ որպես երկրպագուի էի ընդունում և վերցնում: Հետո հասկացա՝ ինչ է կատարվում և մերժեցի:
- Նիհար կազմվածք ունենալուդ համար քեզ նախատողներ կա՞ն:
-Ես հոգնում եմ այս վիճակից: Ինձ էկրանից տեսնելով՝ մտածում են՝ ես նորմալ եմ, բայց երբ իրականում են տեսնում, միշտ ասում են. «Վա~յ, էս ինչքա~ն ես նիհարել…» Հասկացեք ես այսպիսին եմ 16 տարեկանից (ժտում է-LN):
- Տնային գործերում դերակատարություն ունե՞ս:
-Շատ մեծ: Ես սիրում եմ զբաղվել տնային գործերով: Շատ եմ ուրախանում, երբ մաքրում եմ ու նստում, վայելում եմ (ծիծաղում է-LN): Սիրում եմ արդուկել, փոշիները մաքրել: Կարող եմ բարձր երաժշտություն միացնել և, ասենք, ափսեներ լվանալ (ժպտում է-LN):
-Եթե ընկերներդ որոշեն, որ քեզ հյուր են գալու, ինչո՞վ կհյուրասիրես:
-Ընկերներս շատ են սիրում իմ՝ սնկով պիցցան: Գլուխ գովել չլինի, բայց լավ է ստացվում (ժպտում է –LN):
-Ամառ է, որտե՞ղ ես որոշել հանգստանալ:
-Ճիշտն ասած, դեռ չգիտեմ: Նույնիսկ չգիտեմ՝ ես ամռան ընթացքում հանգիստ կունենամ, թե' ոչ: Քանի որ դեռ սովորում եմ Գյումրիի Մանկավարժական ինստիտուտում ու հեռակա ուսուցում եմ ընտրել, երբ բոլորի դասերը վերջանում են, իմը սկսվում են: Դա է դժվարացնում հանգստիս հարցը:
-Ունե՞ս տղամարդու քո իդեալը:
-Պարտադիր պիտի անկեղծ լինի: Իսկ մնացած բաները ինձ այնքան էլ չեն հետաքրքրում: Տեսքն էլ է խաբուսիկ:
-Շատ են լինում: «Հայսուպերսթար»-ի ժամանակ էր շատ-շատ: Հիմա էլ իմ անունով աքրոստիկոսներ են ուղարկում երկրպագուներս և ստիպում, որ կարծիք հայտնեմ: Իհարկե, ինչքան էլ ասենք՝ երկրպագուներ են, բայց այդ սահմանը պետք է լինի:
-Ապագայի համար պլաններ ունե՞ս:
-Ես երբեք չեմ մոռանում անցյալս ու ապրում եմ ապագայի համար: Սա կարծես ինձ համար կարգախոս լինի: Ես մաքսիմալ դրական, լավ բաներ եմ սպասում և վառ գույներով եմ պատկերացնում: Մարդ ինքն իր քայլերով է դասավորում իր ապագան, իսկ ես դեռևս սխալ քայլ չեմ արել:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: