Գործարար հայուհի. «Կինը եւ բիզնեսը. էքսպո 2012» (լուսանկարներ)
31.03.2012
Հայ կինը մեծ ներուժ եւ հեռանկարներ ունի որպես բիզնես լեդի, եւ Հայաստանում արդեն կան կանայք, ովքեր հաստատուն քայլերով առաջ են գնում գործարարության ոլորտում: Երեւանի քաղաքապետարանում այսօր բացվեց «Կինը եւ բիզնեսը էքսպո 2012» ցուցահանդեսը, որն անցկացվում է «Գործարար հայուհի» խորագրի ներքո եւ շուրջ 60 ընկերությունների ու անհատների միջոցով կենդանի օրինակ է, թե ինչպես կինը կարող է համարձակ նախաձեռնությունները վերածել բիզնեսի:
Ցուցահանդեսն անցկացվում է 11-րդ անգամ, եւ արդեն 5-րդ անգամ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը LN-ի հետ զրույցում նշեց, որ տարեցտարի ե՛ւ մասնակիցներն են շատանում, ե՛ւ ներկայացվող արտադրանքի տեսականին է մեծանում: Նրա խոսքով, էքսպոն լավ հնարավորություն է՝ հասկանալու՝ որտեղ են ոլորտում բացերը, եւ պետական աջակցության ծրագրերով ինչ օգնություն կարելի է ցուցաբերել գործարար կանանց:
Հերմինե Նաղդալյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի մեկի փոխարեն գործարար հայուհիների ցուցահանդեսը կկազմակերպվի երկու անգամ. մյուսն էլ կլինի աշնանը եւ մասնակցելու հնարավորություն կունենա գործարարության մեջ առաջին քայլերն անող կանայք:
Իսկ ահա Կանանց միամսյակի շրջանակներում կազմակերպված «Կինը եւ բիզնեսը էքսպո 2012»-ին մասնակցող լեդիներին սկսնակ չես անվանի այս ոլորտում, եթե անգամ իրենք իրենց այդպիսին են համարում՝ բիզնեսում դժվարությունների հանդիպած լինելով եւ հեռանկարների ամբողջ ծավալն աչքի առաջ ունենալով... Բնական օճառների արտադրությամբ ներկայացող Մարինա Խաչատուրյանը երկու տարի է, ինչ զբաղվում է այս բիզնեսով եւ կարծում է՝ շատ համբերատար պետք է լինել լուրջ արդյունքներ տեսնելու համար:
LN-ին նա պատմեց, որ ինքն առաջին է եղել, ում մտքով անցավ հումք ներկրել Եվրոպայից եւ Հայաստանում ստանալ ու վաճառքի հանել բնական բաղադրությամբ, կոսմետիկ նպատակներով օգտագործվող օճառներ: Նա դրանք իրացնում է դեղատնային ցանցերի, սուպերմարկետների միջոցով:
Անուշաբույր է նաեւ իրանահայ տիկին Մարթայի բիզնեսը: Նա Իրանից ներկրում եւ Հայաստանում վաճառում է իրանական համեմունքներ, քաղցրավենիք, նաեւ այդ երկրի խոհանոցի մեծ վարպետ է: Տիկին Մարթան երկու տարի առաջ է Իրանից տեղափոխվել Հայաստան եւ շատ ուրախ է, որ «մեր սուրբ հողի վրա» պետք է ապրի իր մնացած կյանքը:
«Երբ եկա Հայաստան, անընդհատ լսում էի, որ «սա երկիր չէ», «էստեղ գործ չկա»: Որոշեցի ինչ-որ գործ անել: Հիմա ուզում եմ ասել՝ եթե ես եկել եմ ու ընդամենը 1.5 տարում կարողացա ինչ-որ բան անել իմ երկրում, ուրեմն գործ կա, պետք է գտնել»,- LN-ի հետ զրույցում լեդիներին հորդորեց նա: Ամեն ինչ սկսվել է աղջկա ուսուցչուհու համար Իրանից քաղցրավենիք բերելով. հասկացավ, որ կարող է նման գործ անել, անգամ՝ բիզնես: Իսկ հետո ցուցահանդեսից ցուցահանդես շատացան պատվերները: Բիզնես լեդին նշում է, որ ամենակարեւորը ազնիվ լինելն է. խանութներին չի տալիս արտադրանքը, որովհետեւ ուզում է՝ շատ թարմ հասնի սպառողին, այսինքն՝ արտադրվելուն պես: «Չեմ ուզում, որ փող աշխատելը ինձ գայթակղի»,- անկեղծացավ նա:
Բիզնեսի մութ կողմերի հետ շփվել չի ուզում նաեւ տիկին Սուսաննան: Նա իր արվեստով է մասնակցում ցուցահանդեսին, եւ կարծում է, որ ինչ ինքն է անում, այնքան էլ բիզնես չէ, այլ «գեղեցկացնելու համար է»:
Գյումրեցի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանն իր նկարչությունն անվանում է «ռելիեֆային» եւ LN-ին պատմեց, որ ամեն բան սկսվեց մի օր, երբ պատահական ցանկություն առաջացավ սոսնձել, «երկխոսության բերել» այն օրաթերթերը, որ սիրում էր կարդալ ամեն առավոտ: Դրանց միացումը ստացվեց ճմռթված, ոչ հարթության մեջ՝ ռելիեֆային, եւ առաջացավ այսպիսի ոճում ստեղծագործելու միտքը...
Երբեմն գործարար հնարավորությունները բացահայտելու ազդակ է դառնում մեծ կարիքը, երբ այլեւս ուրիշ ելք չկա... Այդպես է եղել Լուսինեի դեպքում: Ցուցահանդեսին նրա ներկայացրած տաղավարը «չափազանց կանացի» է ստացվել՝ ներքնազգեստներ, որոնց կողքով ոչ մեկն անտարբեր չէր անցնում: Լուսինեն LN-ին պատմեց, որ ամուսինն Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է, եւ իր համար բիզնես կարիերան սկսվեց այն օրը, երբ հասկացավ՝ այլեւս ամուսնու թոշակով ապրել հնարավոր չէ:
Երկու երեխաների մայրը սկսեց զբաղվել սեփական ձեռագործ բիժուտերիայի եւ ներկրած հագուստեղենի վաճառքով: Երրորդ տարին է, ինչ զբաղվում է այս գործով, եւ նոր միայն դրական տեղաշարժ է զգում: «Առաջին երկու տարում վատ էր, բայց չէի հուսահատվում, որ ամուսնուս էլ չհուսահատեցնեի, միշտ ասում էի՝ ամեն ինչ նորմալ է, չնայած վատ էր...»: Հիմա նա արդեն սեփական խանութն ունի եւ բիզնեսը ծաղկեցնելու հետագա պլաններ:
Ցուցահանդեսին մասնակցող բիզնես լեդիները կարող են մրցակցել ոչ միայն սեփական արտադրանքով, այլեւ իրենց բիզնեսային կարիերայի պատմություններով:
Ինձ շատ տեղին թվաց ցուցահանդեսը դիտող տղամարդկանցից մեկի՝ ականջիս հասած կատակը. «Էս կանայք ինչ բիզնես անեն, կամ համով ա լինում, կամ հոտով, կամ սիրուն»: Ինքներդ համոզվելու հնարավորություն ունեք. ցուցահանդեսը բաց կլինի նաեւ կիրակի:
Տաթեւ Մադաթյան
Լուսանկարները՝ Նելլի Ղարիբյանի Դիտվել է 9955 անգամ
|