Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Պետք չէ փնտրել  ատելու պատճառներ, եթե սիրելու հիմքեր կան. ԼԱՐԱ ՖԱԲԻԱՆ

27.02.2012

Լարա Ֆաբիանը (Lara Fabian) հրաշալի համադրություն է Ուիթնի Հյուսթոնի անկեղծության, Սելին Դիոնի ռոմանտիկ էության և Մրայա Քերիի սիրունատեսության: Երաժշտական քննադատները նրան ճանաչել սկսեցին համեմատություններով, իսկ այսօր միաձայն պնդում են, որ Լարա Ֆաբիանը գրեթե անշփոթելի է: Նրա երգերից անբաժան են կանացի համեստությունը, նրբությունը, երբեմն փխրուն, բայց պայքարող ու չընկճվող հոգու պոռթկումները: Երգերի բառերի հեղինակն էլ գրեթե միշտ հենց ինքը' Լարա Ֆաբիանն է: «Երբ ստեղծագործում եմ, ես մոռանում եմ ամեն ինչ և բոլորին, ինձ պարուրում են միայն իմ հույզերը, մտքերն ու ապրումները: Երբեք չեմ կարող գրել մի բան, որը չեմ զգում»,- ասում է Ֆաբիանը:

Այս ինքնատիպ երգչուհին տարբերվում է համաշխարհային մյուս փոփ աստղերից նաև նրանով, որ իր ելույթներում չի օգտագործում բեմական շքեղ դեկորացիաներ, պարային խմբեր: Նա բեմ է բարձրանում հաճախ խիստ դասական հագուստով' օգտագործելով քիչ քանակությամբ զարդեր և նուրբ, գրեթե աննշան շպար: Կարծես ուրիշ ոչինչ նրան պետք չէ: Հզոր ու դրամատիկ ձայնի տիրապետող Ֆաբիանին հասու են երաժշտական բոլոր ժանրերը' ֆրանսիական շանսոնից մինչև օպերային արիաներ: «Ես ձգտում եմ երգել այնպես, ինչպես մայրս էր դա անում: Դեռևս չի ստացվում: Նա հրաշալի ձայն ուներ»,- մի առիթով ասել է երգչուհին:

Լարա Ֆաբիանը (իսկական ազանունը' Կրոկերտ) ծնվել է 1970 թ. Բելգիայի Իտերբեկ քաղաքում' իտալուհի մոր և բելգիացի հոր ընտանիքում: Իր անվան համար Լարան պարտական է' Պաստերնակի «Բժիշկ Ժիվագո» վեպի հերոսուհուն: «Մայրս հիացած էր ռուս գրականությամբ: Իսկ մինչ իմ ծնվելը դուրս եկավ «Բժիշկ Ժիվագոյի» էկրանացումը: Ծնողներս որոշեցին անվանել ինձ պիեսի հերոսուհու' Լարայի անունով»: Փոքրիկ Լարան խոսում էր միայն իտալերեն, իսկ հետագայում յուրացնում է նաև անգլերենը, ֆրանսերենը և իսպաներենը: Դեռ 5 տարեկանում նա հիացմունքով էր լսում Բարբրա Ստրեյզանդի, Ֆրեդդի Մերկուրիի, Էննիո Մորիկոնեի երգերը: Հենց այս տարիքում էլ սկսում են ի հայտ գալ նրա շնորհները: Գրեթե 5 տարեկանից նա սկսում է ստեղծագործել: Ութ տարեկանում Լարան սկսեց վոկալի պարապմունքները Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում: 14 տարեկանում նա արդեն հանդես էր գալիս իր երգերով, սկզբնական շրջանում՝ միայն ռեստորաններում և գիշերային ակումբներում: Լարային նվագակցում էր հայրը' կիթառահար և նախկին բեկվոկալիստ: «Հայրս ինձ թև ու թիկունք է եղել: Նրա շնորհիվ ես երբեք ինձ միայնակ չեմ զգացել: Նա է ինձ սովորեցրել ընթանալ միայն առաջ»,- մի առիթով նշել է Լարան:

«Շատերը կարծում են, որ իմ հաջողությունը բնական էր և շատ դյուրին, սակայն հավատացնում եմ, որ դա տարիների ինքնամոռաց աշխատանքի արդյունք է»:

1988-ին առաջին անգամ Լարա Ֆաբիանը մեծ բեմ բարձրացավ: Նա կատարեց «Croire» («Հավատ») երգը «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում: Երգը մեծ ընդունելություն գտավ Եվրոպայում և տարածվեց ավելի քան 600. 000 օրինակով: Լարայի յուրօրինակ և հզոր ձայնով հետաքրքրվեցին մեծ թվով պրոդյուսերներ, երաժշտության ասպարեզում հեղինակություններ: Իսկ նրա հմայքն ու գրավչությունը շատերը վերագրեցին նրա համեստությանը: «Նա, ով կարող է լինել համեստ և նուրբ, ներքին մի անասելի ուժով է օժտված»,- համոզված է երգչուհին:

Երբ Լարան Կանադայում ներկայացնում էր իր «Je sais» («Ես գիտեմ») երգը, նա ուղղակի սիրահարվում է այդ երկրին և որոշում տեղափոխվել Կանադա' Մոնրեալ: «Եվրոպան հիանալի մայրցամաք է, բայց շատ պահպանողական,- ասում է Լարան: - Հնարավոր չէ այստեղ ազատ ստեղծագործել: Ես տեղափոխվել եմ մի երկիր, որտեղ ինձ ավելի ազատ եմ զգում»: Լարան տեղափոխվեց Մոնրեալ իր ընկեր, պրոդյուսեր, իր երգերի համահեղինակ Ռիկ Էլիսոնի հետ 1991-ին: «Ռիկն իմ կրկնօրինակն է, ես նրան լիովին վստահում եմ»:

Լարայի կյանքում քչերը եղան, ովքեր հավատարիմ մնացին և հուսախաբ չարեցին նրան. դրանց թվում Ռիկն է: «Ես այնքա˜ն եմ խաբվել կյանքում… Հաճախ եմ համոզված եղել, որ հենց այս կամ այն մարդն է, որ ինձ բարին է ցանկանում, որ իմ կողքին է… Ինչքան շատ են քեզ ցավեցնում, այնքան շատ ես հասունանում»:

Կանադայում երգչուհին ստիպված էր ամեն ինչ նորից սկսել. այստեղ նա չուներ այն ճանաչումը, ինչ Եվրոպայում:
3 տարի անց Լարան թողարկում է իր առաջին ալբոմը' անվանելով այն «Lara Fabian»: Հաջողությունը շատ սպասել չի տալիս: Լարայի ռոմանտիկ երգացանկն ու անկրկնելի ձայնը գրավում են հանրության ամենատարբեր խավերի ուշադրությունն ու սերը: Յուրաքանչյուր համերգի սպասում և դիմավորում են մեծ հանդիսավորությամբ:

Եվս 3 տարի անց Ֆաբիանը թողարկում է իր հաջորդ' «Carpe Diem» («Վայելիր պահը») ալբոմը, որը 3 շաբաթ անց Կանադայում դառնում է «Ոսկե ալբոմ»: 1955-ին Կանադայի հանդիսատեսը Լարա Ֆաբիանին ճանաչեց «Տարվա երգչուհի»: Սա իսկական հաջողություն էր, և սկիզբ դրեց Լարայի վերադարձին եվրոպական բեմ:

1996թ. լույս տեսավ Ֆաբիանի 3-րդ' Pure («Մաքուր») ալբոմը: Այն վաճառվեց 2 միլիոն օրինակով: Ֆրանսիան Լարային ճանաչեց «Տարվա հայտնություն»: Նրա ալբոմն արժանացավ «World Music Awards»-ի հատուկ մրցանակի: Հաջողությունը կարծես հետապնդում էր նրան: Երգչուհու կյանքի այս հատվածը նշանավորվեց նրա նոր սիրով: Ֆրանսիայում Լարան ծանոթանում է Պատրիկ Ֆիորիի հետ: Նա ֆրանսուհու և հայի զավակ է, բավականին հայտնի երգիչ ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ Եվրոպայում: Նրանց միջև սիրային հարաբերությունները շարունակվում են մինչև 2000 թվականը:

1999 թվականին Լարան թողարկում է իր առաջին անգլալեզու Adagio ալբոմը: Այն Ամերիկայի լավագույն պրոդյուսերների համատեղ աշխատանքի արդյունք է: Մի քանի ամսվա ընթացքում վաճառված սկավառակների թիվը հասնում է 5 միլիոնի: I will love again («Ես կրկին կսիրեմ») երգը դառնում է հիթ և գրավում ամենաբարձր հորիզոնականները գրեթե բոլոր մրցանակաբաշխություններում: Այն ինքնակենսագրական երգ է' նվիրված Լարայի առաջին սիրուն' մի իռլանդացի երիտասարդի, որի հետ նա ստիպված եղավ բաժանվել 19 տարեկանում: Հարցազրույցներից մեկում Ֆաբիանն ասում է. «Իմ մտքում իմ անցած սիրային պատմությունների մի ամբողջ հավաքածու կա, որոնք դառնում են հուզիչ բանաստեղծություններ եւ հետո միայն՝ գրավիչ երգեր»:

Կարիերայի վաղ շրջանում Լարան ասում էր, որ 32 տարեկանում ինքը կթողնի բեմն ու անպայման փոքրիկ կունենա, որին էլ կնվիրի ամբողջ ժամանակը: Սակայն 2002-ին դա տեղի չունեցավ: Լարան հարցազրույցներից մեկում բացատրում է պատճառը. «Հիմա ես այնքան նոր պլաններ, մշակված գործեր ունեմ, որ անարդար կլիներ հենց երեխայի հանդեպ' ունենալ նրան այն ժամանակ, երբ չես կարող ամբողջովին նրան տրամադրվել»:

2007 թվականի հունիսի 25-ին իր հերթական հաղորդագրություններից մեկում Լարան հայտնում է, որ արդեն 5 ամիս է, ինչ հղի է: Նորությունն արագ տարածվում է, և նոյեմբերի 20-ին Լարա Ֆաբիանը դառնում է մայրիկ: Երջանիկ հայրիկը Ժերար Պուլիչինոն է' ֆրանսիացի հայտնի հեռուստատեսային ռեժիսոր: Հենց նա էր նկարահանել Լարա Ֆաբիանի առաջին տեսաոլովակը' Croire («Հավատ») երգի հիման վրա: 15 տարի անց նրանց ուղիները նորից խաչվեցին, երբ Ժերարը նկարահանում էր տեսահոլովակներ Լարա Ֆաբիանի մի քանի նոր երգերի համար: «Ես համոզված եմ, որ գտել եմ մեկին, ում հետ կյանքս կընթանա սիրո և համերաշխության մեջ, ում ուսին գլուխս կարող եմ դնել և չմտածել ոչնչի մասին»: Փոքրիկին անվանում են Լու՝ Լարայի մոր' Լուիզայի անունով:

Բելգիացի երգչուհին շուտով վերադառնում է ծննդավայր: «Ես վերադարձա իմ հայրենիք, քանի որ անհնար էր այլևս առանց իմ հարազատների: Ես նրանց կարիքն ունեմ: Ինձ համար շատ թանկ է ընտանիքը: Ուրախ եմ, որ կիրակի օրերին կարող եմ ընտանիքիս հետ գնալ ծնողներիս տուն' մի կտոր թխվածք ուտելու կամ պարզապես թեյելու: Դա է ինձ համար երջանկությունը…»:

2009թ. Լարան թողարկում է «Toutes les femmes a moi» («Բոլոր կանայք իմ մեջ») ալբոմը: Այս վերջին ալբոմը նվիրված էր այն բոլոր կանանց, ովքեր մեծ ազդեցություն էին ունեցել Լարայի աշխարհայացքի ձևավորման վրա: Ալբոմի երգերը հիմնականում աշխարհահռչակ երգչուհիների երգերն են' նրա կատարմամբ: «Ես դարձա այն, ինչ կամ, որովհետեւ իմ կյանքում եղել են այս կանայք»: Նրանց թվում են Նանա Մուսկուրին, Էդիտ Պիաֆը, «մրցակից» Սելին Դեոնը, Դալիդան, այլք:
Այս տարի հունվարի 9-ին Լարա Ֆաբիանը դարձավ 42 տարեկան: «Ես դարձել եմ ավելի ուժեղ, ինձ այլևս չեն խոցում քննադատություններն ու ծաղրը: Ես հավատում եմ, որ իմ կյանքը դեռ նոր է սկսվում….»:


Նրանք, ովքեր մեզ չեն գնահատում, միևնույնն է, չեն կարող զրկել մեզ երջանկությունից' անելու այն, ինչ մենք սիրում ենք և սիրել այն, ինչ մենք անում ենք:

Ես այլևս չեմ փնտրում արքայազնի, քանի որ ինքս էլ արքայադուստր չեմ:

Ինչքան էլ ես սիրեմ, միևնույնն է, իմ կարծիքով դա շատ ավելի քիչ է, քան ես կարող եմ:

Երեխաներն ամեն ինչի սկիզբն են և ամեն ինչի վերջը կարող են լինել, եթե հոգ չտանես նրանց մասին:

Տղամարդիկ բոլորովին պահանջ չունեն սիրված լինելու, ինչպես կանայք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք ուզում են սիրված լինել իրենց ազատության հետ միասին, որը թույլ չի տա նրանց ենթարկվող զգալ:

Երբեք պետք չէ փնտրել պատճառներ ատելու համար, եթե սիրելու հիմքեր կան:

Մարդու գեղեցկությունն իր յուրօրինակության մեջ է:

Սիրել մարդուն նշանակում է սիրել նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Նրանք, ովքեր միայն լավ բաների համար են սիրում, երբեք չեն կարող իսկապես սիրել:


                                                                                                                                  Նելլի Ղարիբյան

Դիտվել է 15176 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Tinder-ի խաբեբան բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել. նա երազում է սեր գտնելու մասին

30.01.2026
Սայմոն Լևիևի անունը հայտնի դարձավ Netflix-ի մի ֆիլմի շնորհիվ, որը պատկերում էր նրա խարդախ սխեման։ Սակայն նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Անծանոթները փող էին առաջարկում, մատուցողները երազում էին կերակրել. Մոնիկա Բելուչիի երիտասարդությունը

09.01.2026
Ամեն տարի մենք ընտրում ենք երկրի, մոլորակի, տիեզերքի ամենագեղեցիկ կնոջը, բայց այս ամենն անցողիկ քմահաճույքներ են։ Մոնիկան, սակայն, հավերժական, կատարյալ, չբացահայտված և, հետևաբար, գրավիչ դասական է, որի գեղեցկությունը նրա համար դարձել է և՛ պարգև, և՛ անեծք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-04-2026 12:07
58-ամյա Նիկոլ Քիդմանը և 61-ամյա Սանդրա Բուլոքը միասին հայտնվել են «Գործնական մոգություն 2» ֆիլմի պրեմիերային, որը թողարկվում է օրիգինալ ֆիլմից 28 տարի անց։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս Վեգասի CinemaCon փառատոնում։ «Գործնական մոգություն» ֆիլմի շարունակության պրեմիերան նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։ Դերասանուհիները կվերադառնան իրենց կերպարներին, և պատմությունը կծավալվի 25 տարի անց՝ ուսումնասիրելով կախարդների նոր սերունդը և նրանց պայքարը մութ ուժերի դեմ։
15-04-2026 11:53
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ մենամարտը կանցկացնի մայիսի 1-ին: Անիi հաջորդ մենամարտը նորից կկայանա Երևանում, իսկ մրցակիցը համաշխարհային վարկանիշային աղյուսակի 14-րդ համար Ռեհեմա Մադուդոն է:  Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է այս պահին պրոֆեսիոնալ ռինգում ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում:
15-04-2026 07:18
Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան նշում է իր 77-ամյակը և այդ օրը երգչուհին կանցկացնի սիրելիների շրջապատում։ Նրա հետ են երեխաները՝ Լիզան և Հարրին, ինչպես նաև ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։
15-04-2026 02:11
Հեյլի Բիբերը հայտնվել է Interview ամսագրի նոր համարի շապիկին։ Ազդեցիկ անձը և Ջասթին Բիբերի կինը լուսանկարվել են Saint Laurent, Hermès, Alexander McQueen, Dior և Chloé ապրանքանիշերի հագուստներով։ Հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է սովորել հանգիստ հաղթահարել առցանց ատելությունը և խոսել է մայրության մասին։
14-04-2026 10:38
56-ամյա Լորեն Սանչեսը հայտարարել է, որ երեխա է ուզում իր 61-ամյա ամուսնու՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հետ։ The New York Times-ին տված հարցազրույցում Սանչեսն ասել է, որ սիրում է երեխաներին և ուզում է երեխա ունենալ Ջեֆ Բեզոսից. «Ես վաղը ևս մեկ երեխա կունենայի»։ Այս խոստովանությունից հետո Լորենը նույնիսկ ստիպված էր զանգահարել թերթի լրագրողին՝ հաստատելու համար, որ ներկայումս հղի չէ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 667 անգամ
10.04.2026
Դիտվել է 281 անգամ
14.04.2026
Դիտվել է 202 անգամ
15.04.2026
Դիտվել է 164 անգամ
16.04.2026
Դիտվել է 21 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster