|
Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում
04.03.2026
Վաստակաշատ ճարտարապետ Մարտին Միքայելյանի հեղինակած բազմաթիվ առողջարաններին, բնակելի և մշակույթի տներին, հուշարձաններին, հասարակական նշանակության կառույցներին, գեղանկարչական աշխատանքներին, ուշագրավ ձեռագրերին ու բանաստեղծություններին կարելի է ծանոթանալ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 3-ին բացված ցուցահանդեսում։
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

«Ներկայացված է մի ստեղծագործողի գործունեությունը, որի մտածողությունը և ձեռագիրը կերտված էին աշխատասիրությունից, խստապահանջությունից, տաղանդից, համեմված էի հայրենասիրությամբ, դարձել էին երկխոսություն ժամանակի ու տարածության միջև,-բացման խոսքում նշեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը: Նրա գնահատմամբ՝ Մարտին Միքայելյանը մեզ ժառանգություն է թողել ոչ միայն 100-ից ավելի կյանքի կոչված նախագծեր, այլև աշխատելու, մասնագիտանալու, աշխատանքում անթերիին ձգտելու և կատարյալ արդյունք տալու նուրբ արվեստը։

Բանախոսները՝ ճարտարապետներ Կարեն Բալյանը, Աշոտ Կանայանը, Կարեն Ռաշիդյանը, որդիները՝ Արեգ և Ավետ Միքայելյանները, ներկայացրին Մարտին Միքայելյանի բեղուն գործունեությունը, անդրադարձան նրա մասնագիտական ու մանկավարժական ուղուն, մարդկային որակներին։
 
Հատկանշական է, որ ցուցահանդեսում ներկայացված շինությունների ու հուշարձանների լուսանկարները ժամանակին արվել են հենց իր՝ Մարտին Միքայելյանի կողմից։
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 3-ը։
















Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 70 անգամ
|