Տղամարդը երբեք կնոջ մեջ ուղղակի ընկերոջ չի տեսնում. հոգեբաններ
31.07.2012
Վիսկոնսինայի համալսարանի հոգեբանները որոշել են պարզել, թե ի վերջո որքանով է հավանական կնոջ եւ տղամարդու միջեւ ընկերությունը: Եվ պարզվել է, որ տղամարդիկ հակված չեն կնոջ հետ ուղղակի ընկերության:
Հոգեբանները փորձ են անցկացրել 88 զույգի մասնակցությամբ (տղամարդ եւ կին, որոնք իրենց ընկերներ են համարում): Կանանց եւ տղամարդկանց առանձին-առանձին խնդրել են գնահատել իրենց ընկերոջ սեքսուալ գրավչությունը: Թե ամուսնացած եւ թե ամուրի տղամարդիկ հիմնականում նշել են, որ դեմ չեն լինի իրենց ընկերուհու հետ ավելի մոտից ծանոթանալ: Այլ խոսքով՝ տղամարդիկ ընկերություն են անում այն կանանց հետ, ում նկատմամբ սեքսուալ հետաքրքրություն ունեն, որը, իհարկե, կարող է եւ չարտահայտվել: Ի դեպ, փորձին մասնակցած տղամարդիկ համոզմունք են հայտնել, որ պատկերը նույնն է նաեւ իրենց ընկերուհիների դեպքում, այսինքն՝ որ իրենք որպես տղամարդ հետաքրքրում են նրանց:
Բայց այլ բան են ցույց տվել կանանց պատասխանները. նրանց մեծ մասը համոզված է եղել, որ տղամարդու հետ հնարավոր է զուտ ընկերություն: Հոգեբանները նշում են, որ այս պատկերը հեռու չէ իրականությունից, քանի դեռ կինն ամուսնացած է կամ ունի կայուն հարաբերություններ: Հենց որ նա ազատվում է, սկսում է նաեւ ընկերների շրջապատում փնտրել պոտենցիալ նոր թեկնածուին անձնական կյանքի համար:
Դիտվել է 8188 անգամ
|