2012 թվականի առաջին հարցազրույցը Էմմին տվեց LN-ին' խոսելով իր ձեռքբերումների, կորուստների ու անելիքների մասին: Մեզ հետ զրույցում նա բացում է մի քանի նոր ու հետաքրքիր ծրագրերի «չակերտները», տալիս օգտակար խորհուրդներ սեփական փորձառությունից, անկեղծանում. «Անկեղծ ասած, ինձնից խենթություն չսպասելը խենթություն է: Ես շատ շարժուն եմ, շատ շփվող, շատ եմ սիրում ուտել: Բայց, միևնույն ժամանակ, շատ փակ մարդ եմ: Տարօրինակություններիցս պետք է առանձնացնեմ թերևս այն, որ երբևէ չեմ երգել տանը և լոգարանում, ինչը շատերն են սիրում անել»:
- Որտե՞ղ է ավելի հեշտ կանացի լինել' բեմի վրա՞, թե՞ հանդիսատեսի «կարգավիճակում»: Բեմի օրենքնե՞րն են ավելի զգաստ պահում, թե՞ կյանքը:
- Պետք է խելացի կին լինես, որ կարողանաս կառավարել քեզ թե' կյանքում, թե' բեմի վրա: Ի վերջո, բեմը, փառքը, գումարը կարող են լինել կամ չլինել: Բայց, երբ այդ ամենը չկա, քեզ պետք են մարդիկ, ովքեր կողքիդ են միշտ: Իսկ այդ հարգանքը պետք է վաստակել տարիների ընթացքում: Գիտե՞ք, ես թափանցիկ եմ տեսնում բոլորին: Գուցե երբեմն սխալվել եմ, բայց գիտեմ, թե ովքեր են իմ ընկերները, թե ում կարող եմ միշտ վստահել:
-Ե՞րբ հասկացաք, որ պատրաստ եք հանրաճանաչ լինելուն:
-Արդեն 8-9 տարեկանում ձայնագրվում էի Մոսկվայում' այնպիսի հանրահայտ ստուդիաներում, որտեղ ձայնագրվում էին Ալլա Պուգաչովան, «Ա ստուդիո» խումբը: Գիտակցում էի, որ այդ ամենն ինձ համար մեծ նվեր է: Սկզբում ծնողներս չէին ցանկանում, որ ես այս ուղին ընտրեմ, քանի որ լավ գիտեին սպասվելիք բոլոր դժվարությունները: Բայց հենց առաջին տարիներից էլ ես լուրջ էի տրամադրված:
-Սահու՞ն էր անցումը միայն իր շրջապատում հայտնի Էմմա Բեջանյանից հայ փոփ երգչուհի Էմմիի:
-Նման խնդիր ինձ մոտ չի առաջացել, որովհետև դեռ մանկուց շփվել եմ շատ հայտնի մարդկանց հետ: Այնուամենայնիվ, երգչուհի սկսեցի ինձ համարել միայն «Քեզ իմ սեր» տեսահոլովակից հետո:
- Առաջին անգամ ե՞րբ եք գումար վաստակել եւ ի՞նչ եք արել առաջին աշխատավարձով:
-Առաջին անգամ բեմ եմ բարձրացել մոտ 8 տարեկանում: Բնականաբար, այդ ժամանակ ինձ նայում էին ոչ թե իբրև աշխատողի, այլ որպես փոքրիկ երեխայի, ով բեմ է բարձրանում և ինքն իր համար երգում է: Ինչ վերաբերում է աշխատավարձին, առաջին անգամ «կլորիկ» գումար ստացել եմ նոր տարվա ներկայացումներից, որտեղ ես Ձյունանուշիկի դերում էի հանդես գալիս: Առաջին այդ գումարով նախ ծնողներիս համար նվերներ գնեցի: Մնացած մասը ծախսեցի անկարևոր բաների վրա:
-Never be the same երգում խորհուրդ եք տալիս «երբեք նույնը չլինել»: Կերպարային փոփոխությունները հետաքրքիր լինելու նախապայմա՞ն եք համարում:
-Առհասարակ կինը միշտ պիտի լինի հետաքրքիր, որ կողքի տղամարդը չձանձրանա: Ինչ վերաբերում է բեմի մարդուն, բեմն ինքն է թելադրում տարբեր կերպարներով հանդես գալ: Ինձ համար դա պարտավորություն չէ, այլ իմ տեսակն է. ես սիրում եմ փոփոխություններ, քանի որ դրանք իրենց հետ բերում են թարմություն ու հանգստություն:
-Կանայք հաճախ նախանձով, իսկ տղամարդիկ թաքուն հիացմունքով են նայում բեմի վարագույրներից ներս: Տնային տնտեսուհին չի՞ կարող նույնքան խնամված ու գրավիչ լինել:
-Կարծում եմ, որ այժմ կանայք ավելի շատ են հետաքրքրվում իրենց արտաքին տեսքով, քան առաջ: Բայց, իհարկե, հետաքրքիր լինելու համար կինը պարտավոր է իր վրա աշխատել, որպեսզի հետագայում ամուսնուն չմեղադրի անուշադրության մեջ: Եվ, ինչու ոչ, որ ամուսինն էլ զգա, թե իր կինը գեղեցիկ է, և թե դա բացի իրենից կարող են նկատել նաև այլ տղամարդիկ:
-Ձեր լավագույն կատարում է հաճախ անվանվում Բաբաջանյանի «Կամուրջներ» երգի կատարումը: Սա պայմանավորվա՞ծ է այնտեղ առկա սիրո պատմության հոգեհարազատությամբ:
-Այդ երգն իրոք կյանքիս մեծագույն արժեքներից է: Այն պայմանավորված չէ իմ անձնական սիրո պատմությամբ: Ստեղծվել է «Շարմ»-ի օգնությամբ: Այդ ընկերությունը կազմակերպում էր «Էրեբունի-Երևան» միջոցառումը, և ինձնից ուզեցին մի հին երգ, որ բնորոշ կլինի ինձ և կմատուցվի նորովի: Ես առաջին իսկ պահին, առանց երկար մտածելու, այդ երգը հիշեցի: Համարում եմ, որ այն կյանքիս ամենամեծ հաջողությունն է:
-Ինչպիսի՞ սիրո մասին երգ կուզեիք երգել, ինչպիսի՞ն է իդեալական սիրո ու իդեալական տղամարդու Ձեր պատկերացումը:
-Ես պոզիտիվ անձնավորություն եմ, թեև ունեմ նաև տխուր սիրո մասին երգեր: Համենայն դեպս, սերն ինձ համար լայն հասկացություն է և չպետք է լինի անձնավորված. այն տարածվում է ոչ միայն միակի վրա, ում սիրում ես, այլեւ ամբողջ կյանքի : Գեղեցիկ ապրելու համար պետք է սովորել սիրել ամեն ինչ:
- Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ անձնական կյանքը վեր եք դասում կարիերայից: Կինն այնուամենայնիվ ստեղծված է ընտանեկան կյանքի համա՞ր: «Եվրատեսիլ» երգի մրցույթը վերարժեւորե՞ց Ձեզ համար բեմը, թե՞ ոչ:
-Չեմ կարծում, թե մայրս ինձ վատ է դաստիարակել' լինելով թե' բեմի մարդ, թե' ընտանիքի կին: Իհարկե, ես դեռ կարծում եմ, որ կյանքում ընտանիքն ամենակարևորն է, բայց, եթե կողքիդ կա ճիշտ անձնավորություն, ով ընդունում է քեզ այնպես, ինչպես կաս, ստացվում է կարիերայի և ընտանեկան կյանքի համատեղում, ինչը շատ գեղեցիկ է: Անձամբ իմ դեպքում բազմաթիվ ձայնագրություններն ու նկարահանումները բնավ չեն խանգարում անձնական կյանքիս:
-Գիտեմ, որ ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ աղոթում եք. աղոթե՞լ էիք նախքան եվրատեսիլյան բեմ բարձրանալը:
-Ես միշտ աղոթում եմ և աղոթել էի նաև եվրատեսիլյան բեմ բարձրանալուց առաջ: Նաև խնդրել էի հորս, որ կողքիս լինի և ուժ տա ինձ: Բեմ դուրս գալուց առաջ ասացի. «Պապա' ջան, խնդրում եմ ուժ տուր ինձ, որ երգեմ, հաղթահարեմ»: Այո', աղոթել եմ, բայց ոչ թե հաղթելու, այլ ուղղակի համապատասխան ներկայանալու համար, քանի որ հայր կորցնելուց հետո չես կարողանում լուրջ ընդունել շոուում հաղթելը կամ պարտվելը:
- Դուք միշտ նշել եք, որ ընդունում եք քննադատությունն ու նույնիսկ դասեր քաղում, բայց վերջին անգամ շատ էին թե 'ասեկոսեները, թե' սթրեսները, և նույնիսկ Ձեր մայրը իր հարցազրույցներից մեկում հայտնեց, թե վախ ունի, որ դրանք բացասաբար կազդեն Ձեզ վրա: Երիտասարդ աղջկա համար հե՞շտ է հաղթահարել այդքան շատ միաժամանակյա սթրեսները:
-Ինձ հաճախ համարում են ուժեղ անձնավորություն, բայց իրականում, որքան էլ ես ինձ ուժեղ եմ ցուցաբերել, մի քանի անգամ ավելի շատ իմ մեջ վատ եմ տարել շատ դեպքեր: Դա ոչ ոք չի նկատել: Եվ, եթե այն ժամանակ ուղղակի ցույց եմ տվել, որ ոչ մի վատ բան չկա ու չի եղել, ապա հիմա ես իրոք ուժեղ եմ ու կոփված: Չգիտեմ' վաղը ինչ փորձություն կլինի, բայց ես դրան էլ եմ պատրաստ:
-Իբրև արդեն հարուստ փորձառություն ունեցող մարդ, ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք երբևէ կհայտնվեն այդքան խոցելի վիճակում:
- Խորհուրդ կտամ թողնել, որ կյանքը լինի այնպիսին, ինչպիսին պիտի լինի, չփորձել կանխել իրադարձությունները, ուղղակի պետք է համբերատար լինել, ի վերջո, ամեն ինչ մի օր ավարտվում է: Պետք է լինել լավատես:
-Մի տևական ժամանակ ԱՄՆ-ում էիք, «Եվրատեսիլ»-ից հետո ասում էին, թե նորից մեկնելու եք: Իրականում ի՞նչ պլաններ ունեք այժմ:
-Պարբերաբար Միացյալ Նահանգներ գնալս որևէ կերպ պետք չէ կապել շոուբիզնեսի կամ անհաջողությունների հետ: Ես այնտեղ էլ եմ աշխատում, ինչպես այստեղ և միշտ էլ հնարավոր է, որ գնամ մի քանի օրով, ապա ետ գամ: Ես այս երկրի համար շատ եմ աշխատել' երգելով ծերանոցներում, մանկատներում, գաղութներում, զինծառայողների համար: Երևանը իմ քաղաքն է: Ես այստեղ եմ ապրում և ունեմ այստեղ իրագործելիք բազմաթիվ պլաններ:
- «Բում»-ից հետո լռությունը նո՞ր բում է խոստանում:
-Հիմա պետք է սպասել նախորդից տարբերվող' լավ, դրական, ստեղծագործական բումի: Այս տարվա իմ առաջին հարցազրույցում կցանկանամ ասել, որ ստեղծագործական բուռն ճանապարհի վրա եմ այժմ: Փետրվարին արդեն կսկսվեն այս տարվա առաջին տեսահոլովակիս նկարահանումները: Երգը ևս նոր է: Վերնագիրն է «Հայեր»: Երգի վրա աշխատել են Դեր Հովան, Ավետ Բարսեղյանը: Այն հայ ժողովրդի' իր մարզիկներին ոգեւորելու, գոտեպնդելու մասին է: Կան բազմաթիվ այլ երգերի ու տեսահոլովակների պլաններ եւս:
21-08-2026 10:27 Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20 Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12 Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35 Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30 90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։