|
Ուզում եք վերամիավորվել նախկինի հե՞տ․ նախ պատասխանեք այս հարցերին
05.12.2025
Եթե հանկարծ հասկացել եք, որ բաժանումը կամ նույնիսկ ամուսնալուծությունը սխալ էր, կարող եք սիրուն ևս մեկ հնարավորություն տալ՝ չնայած բոլոր պնդումներին կոտրված բաժակի մասին, որը չի կարելի նորոգել, և գետի մասին, որի մեջ երկու անգամ չես կարող մտնել։ Պետք է հասկանալ, որ մեկ անգամ արդեն վնասված զգացմունքներն այնքան փխրուն են, որ ցանկացած սխալ քայլ, խոսք կամ գործողություն կարող է ամբողջությամբ կոտրել ձեզ որպես զույգ։
Հոգեբանները նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել հարաբերությունները, առաջարկում են նախ անկեղծորեն պատասխանել հիմնարար հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այս անգամ ամեն ինչ ստացվի։
1. Ինչո՞ւ մենք բաժանվեցինք
Հարաբերությունների մեծ մասն աստիճանաբար մարում է, քանի որ մարդիկ պարզապես սկսում են այլևս նույն հետաքրքրությունները չունենալ։ Նրանք այլևս չեն ցանկանում այդքան հաճախ միասին ժամանակ անցկացնել՝ գրավվելով «հարաբերություններից այն կողմ» կյանքով։ Անձնական շահերը պաշտպանելու ցանկությունը ճգնաժամեր է ստեղծում, իսկ փոխզիջումների բացակայությունը կործանում է սերը։ Եթե ցանկանում եք վերականգնել ձեր հարաբերությունները, պետք է պարզեք, թե ինչպես եք հաղթահարելու այս իրավիճակը հիմա։
2. Ո՞վ է առաջինը հեռացել
Հարաբերությունները հազվադեպ են ավարտվում փոխադարձ համաձայնությամբ։ Ամենից հաճախ, զուգընկերններից մեկն է որոշում կայացնում, մյուսին թողնելով միայն կորստի և միայնության զգացողություններ։ Եթե դուք եք հեռացել, հավանաբար մեղավորություն եք զգացել ցավ պատճառելու համար, և հիմա վախենում եք վերադառնալ այդ ցավի մոտ։ Եթե ձեզնից են հեռացել, ապա պետք է հասկանաք, թե արդյոք կարողացե՞լ եք հաղթահարել բաժանումը և ինչպե՞ս եք զգում հիմա։ Հաշտեցման իրական հնարավորության համար երկու զուգընկերներն էլ պետք է ընդունեն իրենց արածը և հասկանան, թե ինչու են այդ քայլը կատարել։
3. Որքա՞ն երկար է տևել հարաբերությունը

Կրքը, որը բորբոքվում և հանկարծակի մարում է, կարող է ավելի կործանարար լինել, քան երկարատև հարաբերությունների ավարտը, քանի որ նման բաժանումը հաճախ անակնկալ է լինում։ Անկանխատեսելի կորուստը, ինչպես ողբերգական մահը, ավելի դժվար է, քան երկար հրաժեշտը։ Պատրա՞ստ եք կրկին այդ ռիսկին դիմել։
4. Ի՞նչ եմ ես կորցրել այս բաժանման արդյունքում
Խոսքը միայն նյութական կողմի մասին չէ։ Որքան երկար են մարդիկ միասին, այնքան ավելի են «սերտաճում» միմյանց։ Ընկերներ, ընտանիք, երեխաներ, հիշողություններ, համատեղ ներդրումներ, կորցրած երազանքներ՝ այս բոլորը, ըստ էության, այժմ հարաբերությունների փլուզման զոհեր են։ Հետևաբար, եթե որոշեք նորից միասին լինել, ստիպված կլինեք «բուժել» նաև ձեր ամբողջ սոցիալական շրջանակը։
5. Ինչպե՞ս է բաժանումն ազդել կողմերից յուրաքանչյուրի վրա
Հնարավոր է՝ ձեզանից մեկը հանդիպում էր ինչ-որ մեկի հետ, մինչդեռ մյուսը շարունակում էր սգալ բաժանումը։ Կամ գուցե երկուսդ էլ փորձել եք այլ հարաբերություններ։ Պատրա՞ստ եք ընդունել սա որպես փաստ, և կմեղադրե՞ք միմյանց դրա համար, երբ կրկին միասին լինեք։
6. Հարաբերությունների խզումից հետո զգացմունքներ մնացե՞լ են արդյոք
Մարդիկ հաճախ բաժանվում են, նույնիսկ, եթե չպետք է բաժանվեին, այնպիսի պատճառներով, որոնք, պարզվում է, թվացյալ էին։ Օրինակ՝ կարիերան առաջնահերթություն է ստանում, կամ մարդիկ ժամանակավորապես տեղափոխվում են տարբեր քաղաքներ, բայց չեն կարողանում հեռավորության վրա պահպանել հարաբերությունները։
Կարող է ստացվել իրավիճակ, երբ զուգընկերները դժբախտ են միմյանց հետ, բայց նրանք նաև դժբախտ են առանց մեկմեկու։ Եթե դուք բաժանվել եք, բայց չեք կարողանում դադարել մտածել այդ մարդու մասին, եթե փորձել եք, բայց չեք կարողացել գտնել նույն հուզական կապն այլ հարաբերություններում, եթե ձեզ «տանն» եք զգում նրա հետ, ապա կհաջողեք։
7. Պատրա՞ստ եմ խոսել վիրավորանքի և հիասթափության մասին

Երբ կրկին միասին լինեք, վաղ թե ուշ զուգընկերն անխուսափելիորեն կանդրադառնա ձեր բաժանման պատճառներին։ Եվ դուք ստիպված կլինեք խոսել դրանց մասին։ Թյուրըմբռնումները, վիրավորանքները, կասկածները՝ այս ամենը պետք է լուծվի, քանի որ երբ սերը վերածնվում է, վերածնվում են նաև այն զգացմունքները, որոնք այն ոչնչացրել են։ Դուք պետք է պատրաստ լինեք դրանց դեմ առ դեմ կանգնել և պարզել, թե ինչ անել, որպեսզի դա կրկին չկրկնվի։
8. Որքանո՞վ ենք մենք փոխվել այս ընթացքում
Ամենայն հավանականությամբ, զուգընկերներից յուրաքանչյուրը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնք հանգեցրել են հարաբերությունների ճգնաժամի և բաժանման։ Լավ կլիներ, եթե այս ընթացքում դուք ընդունեիք ձեր սխալները և աշխատեիք դրանց վրա։ Պետք է միմյանց խոստանաք, որ ամեն ինչ կանեք՝ նույն սխալները չկրկնելու համար։
Անցյալում ձախողված հարաբերությունները դատապարտված են կրկին ձախողվելու, եթե երկու զուգընկերներն էլ պատասխանատվություն չկրեն իրենց սխալների համար։
9. Հնարավո՞ր ապագայում ամեն ինչ փոխվի
Սա իսկապես կարևոր հարց է վերամիավորված զույգի համար։ Ի՞նչ եք ակնկալում հարաբերություններից հիմա։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է ազդել դրանց վրա ապագայում։ Ինչո՞ւ չկարողացաք ավելի վաղ հասկանալ ամեն ինչ, և ի՞նչ պետք է անեք երկուսդ էլ, որպեսզի չկրկնեք նախկին սխալները։ Ինչպիսի՞ հարաբերությունների մասին եք երազում միասին։ Ի՞նչ պետք է անեք այս անգամ այլ կերպ, որպեսզի համոզվեք, որ դրանք կաշխատեն։
Պատասխանեք այս հարցերին անկեղծորեն և ուղիղ, կիսվեք ձեր պատասխաններով միմյանց հետ և քննարկեք դրանք։ Դրանից հետո կհասկանաք, թե արդյոք կարո՞ղ եք կրկին միասին լինել։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 105 անգամ
Читать на русском
|