Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Սիրում եմ տեսնել մանրուքները. ԼԻԼԻԹ ԲԼԵՅԱՆ

19.02.2013

LADYNEWS.am-ի հյուրասրահում է երգերի հեղինակ, կատարող Լիլիթ Բլեյանը:

-Բավական դժվար է շոուբիզնեսում տիրող բազմազանությունից տարբերվելն ու ստեղծել սեփական լսարանը: Այնուամենայնիվ,  վստահ կարող եմ ասել, որ դուք ունեք ձեր որոշակիորեն կայուն լսարանը: Հատկապես  ինչո՞վ է քո  ոճը տարբերվում մյուսներից, և ովքե՞ր են քո լսարանը:

- Եթե անկեղծ, լսարան ստեղծելու խնդիր ի սկզբանե չեմ դրել: Երբ կայացրի երգերս ձայնագրելու որոշում (որոշման գլխավոր «մեղավորը», ի դեպ, ամուսինս էր, առանց որի աջակցության որևէ երգ չէի կարողանա ձայնագրել),  չգիտեի էլ՝ ուր եմ գնում, ում համար եմ գրում: Գրում էի ու մինչև հիմա էլ գրում եմ միայն այն, ինչ ինձ դուր է գալիս: Ուրախ եմ լսել, որ ունեմ կայուն այդպիսի մի շրջանակ, որը սիրում է այդ երգերը: Ուրախ եմ, որ երգերի միջոցով իրար գտնում ենք. երգերը դառնում են նաև մարդկանց գտնելու յուրատեսակ մի ճանապարհ, ու երգը վերածվում է հետաքրքիր զրույցի:

-Ստեղծագործող մարդու համար մեծ կարևորություն ունի մուսան: Քեզ համար ի՞նչը կամ ո՞վ կարող է մուսա դառնալ:

-Այ, դրա մասին էլ չեմ մտածել: Չեմ փորձում կենտրոնանալ ստեղծագործական պրոցեսի վրա, չեմ ուզում հասկանալ՝ ինչը որտեղից է սկսվում: Ամեն երգ ծնվում է բոլորովին տարբեր ճանապարհով: Կա երգ, որ գրվում է մի քանի րոպեում. շատ կուզեի իմանալ, թե որտեղից է գալիս, մեծ գաղտնիք է մնում էդպես էլ ինձ համար: Կան երգեր, որոնց թե տեքստերի, թե մեղեդու վրա երկար աշխատում եմ, ու կարող է այն նույնքան ինձ սիրելի ստացվել, ինչպես նախորդ՝ միրոպեանոցը:  Մուսա՝ չգիտեմ, բայց ես սիրում եմ տեսնել մանրուքները, ու հաճախ աննշան թվացող դետալից կարող է ծնվել մի ամբողջ պատմություն, որն իմ դեպքում վերածվում է երգի: Սիրում եմ մտածել, փորձել տարբեր կողմերից նայել նույն հարցին: Համալսարանում իմ դասախոսներից երջանկահիշատակ Վահան Սարգսյանի մի դասաժամը երկար կհիշեմ․ լինում են, չէ՞, էդպիսի դասեր, որոնք մի ողջ մասնագիտական կրթություն արժեն: Այ, հետաքրքիր բացատրում էր 66-ի ու 99-ի տարբերությունը, թե ինչքան կարևոր է՝ կարողանալ տարբեր կողմից նայել նույն հարցին, ու թե ինչպես կարող է ամեն ինչ բառացիորեն «գլխի վրա» շուռ գալ․․․ Ու թե ինչու Ամերիկան կոչվեց Ամերիգո Վեսպուչիի անունով, այլ ոչ՝ Կոլումբոսի, ով այդպես էլ մինչև կյանքի վերջը չհանդգնեց «այլ անկյունից» նայել իր հայտնաբերած ցամաքին:

-Երաժշտություն ստեղծելու համար, կարծում եմ, հատուկ հոգեվիճակ է անհրաժեշտ.  ի՞նչ մթնոլորտ, հոգեվիճակ  է հարկավոր քեզ ստեղծագործելու համար:

-Առայժմ նման իդեալական վիճակ (արդեն չորրորդ տարին) անփոփոխ ստեղծում է իմ փոքր դստերը երեկոյան քնեցնելու այդ մեկ ժամանոց ինտերվալը:Ես իհարկե առիթը բաց չեմ թողնում դժգոհելու, որ նա արդեն մեծ է, առանց մայրիկի օգնության պետք է քնի, բայց իրականում հենց այդ մի ժամում են որպես կանոն ծնվում մեղեդիները: Օրվա վերջում, փաստորեն, մի քիչ հոգնած, ինչ-որ նոր ինֆորմացիա կուտակած անցած օրվա ընթացքում, ու նաև ստիպված՝ գտնելու այնպիսի մի մեղեդի, որն աղջկաս համար որպես օրորոցային կծառայի…

-Հարցազրույցներից մեկում նշել ես, որ ամեն մարդ պետք է իր գրած երգերը կատարի: Երբեք չե՞ս փորձել մեկ ուրիշի գրած երգը կատարել:

-Դա երևի մեջբերում էր Ռուբեն Հախվերդյանից. նա էր սկավառակիս շնորհանդեսին իմ մասին խոսելիս այդպես նշել: Ամեն դեպքում, իհարկե, ավելի հետաքրքիր է, երբ երգիչը իր մտքերը, իր տրամադրությունը, ինքն իրեն է ներկայացնում երգերի միջոցով: Բայց ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն իսկական պրոֆեսիոնալներին, ովքեր կարողանում են նախ՝ ճիշտ երգեր ընտրել, հետո՝ գտնել դրանք սեփական մոտեցմամբ մատուցելու ձևերը: Բնությունը երբեմն տալիս է այնպիսի ձայն, որն ուղղակի ափսոս է թաքցնել, եթե անգամ սեփական երգեր գրել ինչ-ինչ պատճառներով չի ստացվում: Կան երգիչներ, որոնք ամենահասարակ երգը կարող են հրաշքի վերածել:

- Իսկ քո քրած  երգերից երբեք չե՞ս նվիրել կամ վաճառել: Չկա՞ այդպիսի մտադրություն: Համագործակցո՞ւմ ես մեր շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ:

-Երգեր դեռ չեմ վաճառել, չեմ էլ նվիրել. դժվար հարց է: Առաջարկներ եթե լինեին, գուցե մտածեի այդ մասին: Շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցություն, այդպիսով, չկա, քանի որ երևի շոուի տարրը պակասում է երգերիս մեջ: Լավ է դա, թե վատ՝ չգիտեմ:

-Ինչպես նշեցիր, երգերիդ մեջ պակասում է շոուի տարրը, դրանք պոպուլյար արվեստի մաս չեն կարող լինել... Հայաստանում շատերը չեն ստեղծագործում այնպես, ինչպես ուզում են, այլ այնպես, ինչպես ուզում է լայն լսարանը: Ճի՞շտ եմ հասկանում, որ կոմերցիոն նպատակներ չունես այս ասպարեզում, եթե ներկայացնում ես այդպիսի երաժշտություն:

-Ես հուսով եմ, որ այն ճանապարհը, որի գուցե ամենասկզբում եմ հիմա ես, դառնալու է իմ հիմնական զբաղմունքը կյանքում, իսկ դա նշանակում է, որ այն պետք է նաև եկամուտ ապահովի: «Ոչ կոմերցիոն երաժշտությունը» գուցե հնչում է որպես կոմպլիմենտ, բայց որևէ գործով լրջորեն զբաղվելու համար պետք է ակնկալել «հետադարձ կապ»: Եվ կան մարդիկ նաև Հայաստանում, որ կոտրում են այդ կարծրատիպերը: Շատ կուզեի, որ ինձ մոտ նույնպես ստացվեր դա անել:

-Ե՞րբ բացահայտվեց երգեր գրելու, ստեղծագործելու քո տաղանդը, և օգնե՞ց արդյոք ինչ-որ մեկն այդ հարցում:

-Երգեր գրել եմ խոսելուն զուգահեռ, դա իմ համար բնական մի վիճակ էր, այդ պատճառով լուրջ չէի մոտենում. դե ինչը հեշտ է ստացվում, լուրջ չի թվում, չէ՞: Երաժշտական կրթությունս սահմանափակվեց յոթնամյակում ջութակի ուսուցչին իմ ծուլությամբ տանջելով: Ինձ երկար համոզում էին ընդունվել կոնսերվատորիա՝ կոմպոզիցիայի բաժին, ինչը ես առանց մտածելու մերժեցի՝ ընտրելով ԵՊՀ-ն՝ հանուն իմ սիրելի իսպաներենի: Հիմա համատեղում եմ փաստորեն. գրում եմ նաև իսպաներեն երգեր:

-Ինչի՞ մասին էր գրածդ առաջին երգն ու ինչը շարժառիթ դարձավ այն գրելու համար:

-Առաջին գրած երգն այդպիսով չեմ էլ կարող մտաբերել, իսկ առաջին ձայնագրվածը «Սպասող գնացքներ» երգն էր: Երգերի հաջողության մեջ, եթե դրանք իսկապես հաջողված են, ինձնից բացի, կա ևս երկու գլխավոր դերակատար՝ ամուսինս՝ իմ թիվ մեկ ընկերն ու հովանավորը, և գործիքավորողը՝ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, որի շնորհիվ երգերն առանձնահատուկ հնչողություն են ստանում:

-Քաղաքի թեման առհասարակ շատ է արծածված քո  ստեղծագործություններում. ինչպե՞ս ես ընկալում քաղաքի ալեգորիկ պատկերը: Ի՞նչ է քաղաքը:

-Քաղաքը․․․ մարդու պատասխանն է բնությանը: Անգամ եթե վերցնենք միայն ճարտարապետության առումով. ճարտարապետները, Աստծո հետ մրցելով, փոխում են երկրի լանդշաֆտը: Նա մեզ՝ լեռ, մենք նրան՝ կասկադաձև շենքեր․․․ Նա մեզ՝ ծով, մենք նրան՝ արհեստական լճեր: Նա մեզ լեռնային կածաններ, մենք՝ ասֆալտապատ մայրուղիներ: Ճարտարապետությունը ձևավորում է ճաշակ, վերաբերմունք՝ դեպի աշխարհն ընդհանրապես: Մեր շրջապատը մեզ ձևավորում է, փոխում է, նմանեցնում է իրեն: Եթե իհարկե մենք այնքան ուժեղ չենք, որ ինքներս փոխենք այն ու մոտեցնենք մեզ: Հատուկենտ երջանիկներ են կարող այդպես անել: Ճարտարապետությունից բացի, քաղաքն այն մթնոլորտն է, որտեղ մենք ապրում ենք: Մարդիկ պայմանավորում են մթնոլորտը, մթնոլորտը՝ մարդկանց: Ամեն նոր մարդ, նոր երգ, նոր գիրք, նոր շենք մի փոքրիկ «արտանետում» է այդ մթնոլորտում, որը կարող է այն մաքրել, զտել, ավելի լավը դարձնել կամ՝ ավելի աղտոտել:

-Իսկ ինչո՞ւ քո «քաղաքից», եթե կարելի է այդպես ասել, դուրս մնաց լրագրությունը:

-Իմ քաղաքից լրագրությունը դուրս մնաց, քանի որ այնտեղ չէր ապահովվում հենց այն անհրաժեշտ տրամադրությունը, մթնոլորտը, առանց որի երգերը չեն «գալիս»: Հերթական անգամ ներողություն խնդրելով իմ նախկին գործընկերներից՝ ստի չափաքանակ կա, որ մի պահից խանգարում է ապրել: Ֆիզիկապես դժվարանում ես տանել: Ստեղծագործական պրոցեսը սուտ չի հանդուրժում: Երևակայություն, հորինվածք՝ ինչքան ուզեք, դրանք ստեղծագործական «նյութեր», գործիքներ են, բայց սուտ՝ ոչ մի դեպքում: Հետո՝ ես միշտ ցանկացել եմ ստեղծել իրադարձություններ, ոչ թե՝ լուրեր ուրիշների ստեղծած իրադարձությունների մասին: Չնայած իրական լրագրությունը, որի օրինակները Հայաստանում նույնպես ունենք, ոչ պակաս տաղանդ ու ստեղծագործ մոտեցում է պահանջում․․․
Գուցե երբևէ հեռուստատեսությունում սկսեմ որևէ նախագիծ, բայց կարծում եմ՝ այն արդեն նույնպես կապված կլինի երաժշտության հետ: Շատ հեռու գնացի, դեռ նույնիսկ իմ ծրագրերում ադդպիսի բան չկա:

-Աշոտ Բլեյանի անունը մեր իրականության մեջ կապվում է կրթական համակարգի փոփոխությունների, նոր դասագրքերի հետ, իսկ իր դստեր կյանքում ի՞նչ նշանակություն է ունեցել նա:

-Հայրիկիս մասին կարելի է մի արտահայտությամբ ասել ամեն ինչ. նա միշտ ապրում է ապագայում: Նրա բոլոր մտքերը, ծրագրերը, որոնք այդ պահին կարող են աներևակայելի թվալ, մի օր անպայման իրականություն են դառնում: Ես կուզեի ունենալ նրա էներգիան, որը հերիքում է հսկա այդ կրթահամալիրը անվերջ բզզացող փեթակի պես արթուն պահելու, իր բոլոր մտերիմներին ու զուգահեռ՝ հազարավոր անծանոթներին օգնելու, ու ընթացքում՝ անվերջ սովորելու համար: Կհերիքեր, համոզված եմ, եթե կրթահամալիրը լիներ տասնապատիկ ավելի մեծ:
Իմ ու հորս հարաբերությունների համար էլ մեկ արտահայտությունը բավարար է․ մենք իսկական ընկերներ ենք: Ամենամեծ նվերը, որ ես նրանից երբևէ ստացել եմ, ազատությունն է, որի մեջ ես մեծացել եմ, ու որից ծնողները որպես կանոն զրկում են իրենց երեխաներին մեր իրականության մեջ: Ազատություն, որն ունի շատ ավելի խիստ կանոններ, ենթադրում է ինքնուրույնություն, ինքնաբավություն, ազատության մեջ բնականոն ու երջանիկ ապրելու կարողություն: Ես շնորհակալ եմ, որ ունեցել եմ ծնողներ, որոնք ինձ տվել են այդ ամենը: Շնորհակալ եմ երաժիշտ մայրիկիս, որի շնորհիվ ինձ միշտ ուղեկցել է լավ երաժշտությունը: Ու շնորհակալ եմ, որ հայրս, միայն ու միայն իր անկոտրում բնավորության շնորհիվ, կարողացավ պահպանել ու նոր մակարդակի բարձրացնել իր ստեղծած կրթահամալիրը, որտեղ սովորել եմ ես, ու սովորում են իմ երեխաները:

-Որպես կին, ի՞նչ հոգսեր ունես:

- Ես երկու դուստր ունեմ, և ես երջանիկ եմ, որ, իհարկե ամուսնուս գործուն աջակցությամբ, հնարավորություն եմ ունեցել լիարժեք մայրիկ լինել… Ինչքան անհրաժեշտ է եղել՝ խնամել եմ երեխաներիս, դա նվեր է ցանկացած նորմալ մայրիկի համար, կարծում եմ: Բայց իմ «աշխատանքը» սպեցիֆիկ է, ես կարող եմ, ներեցեք, ծննդաբերությունից օրեր անց երգ գրել, ու երբեմն ծլկել տնից՝ ձայնագրության, անգամ երբ երեխաներս փոքր են: Ավելի ստացիոնար աշխատանքի դեպքում դա բարդ է: Այ, այդպիսի կազմակերպված մայրիկներին ես նախանձում եմ․ լինել միաժամանակ նորածնի մայր, կին, տանտիրուհի ու հասցնել անել ինչ-որ աշխատանքային գրաֆիկ ունեցող գործ. երևակայությունից դուրս է ինձ համար: Ընկերուհիներ ունեմ, որ հենց այդպիսին են, ինձ համար՝ իսկական այլմոլորակայիններ: Ես ինքս, մինչև երեխան մանկապարտեզային տարիքի չի հասնում, չեմ կարողանում կյանքս այդպես կոկիկ դասավորել:

-Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միայն վերջերս է կնոջ դերը մեր հասարակական կյանքում մի փոքր ակտիվացել, պետք է ասել, որ հայ կանանց զբաղվածությունը մշտապես եղել է միայն տնային աշխատանքը.... Ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին: Եվ ի՞նչ կարծիքի եք կին-տղամարդ հավասարության մասին, նրանք իսկապե՞ս հավասար են:

-Բնությունն ի սկզբանե անհավասարություն է ստեղծել, որի մեջ գուցե նույնիսկ դրականն է ավելի շատ, քան՝ բացասականը: Կինն օժտված է նոր մարդ ստեղծելու, այդ մարդուն խնամելու հրաշալի պարտավորությամբ: Ես կարծում եմ՝ եթե բոլոր կանայք կարողանային մայրիկ դառնալ, երջանկության տոկոսը մոլորակի վրա անհամեմատ բարձր կլիներ: Ինչպես ցանկացած պարտավորություն, դա էլ բերում է իր դժվարությունները:  Իսկ աշխատելը ցանկալի չէ, պարտադիր է: Եթե անգամ տանն ես, պետք է միշտ կողմնակի, ոչ տնային գործերով լցնես օրդ: Մորաքույր ունեմ, որ երբևէ չի աշխատել, բայց, հատելով վաթսունի սահմանը, այսօր հրաշալի գործեր է ստեղծում՝ նկարներ նարնջի կեղևներից, և էլ չգիտեմ ինչերից: Ես ընդհանրապես բողոքում եմ տնային հոգսերի միօրինակության դեմ.- փոշին սրբում ես, մի քանի ժամից նույն հանգստությամբ նստում է նույն տեղը, ասես՝ կյանքիդ տասնհինգ րոպեն ուրիշ կարևոր բան չունես անելու, պետք է սրբես ու սրբես․․․ Եթե գլուխդ որևէ հետաքրքիր բանով չզբաղեցնես, խելագարվել կարելի է:

-Եզրափակելով` ի՞նչ է ուզում կինը:

-Ախր ես ինչպե՞ս պատասխանեմ բոլորի անունից: Ընդհանրապես՝ կին թե տղամարդ, երեխա թե տարեց, բոլորս տարբեր ենք: Ես կողմ եմ, որ չբաժանվենք համայնքների՝ կանանց համայնքի, տղամարդկանց, կամ՝ ըստ որևէ այլ դասակարգման: Ի՞նչ է ուզում մարդը՝ անկախ իր սեռից, տարիքից ու բնակության վայրից: Ի՞նչ եմ ուզում ես: Այս հարցին կարող եմ պատասխանել, մյուս բոլոր մարդիկ առանձին հասցեատերեր են: Ես գիտեմ, որ ունեմ մեկ հատիկ կյանք, գոնե՝ այս մոլորակի վրա, և ուզում եմ հնարավորինս հետաքրքիր ու օգտակար ապրել այդ մի հատիկ կյանքը: Ուզում եմ ճանաչել աշխարհը, որտեղ ապրում եմ, որի մի մասնիկն եմ, որովհետև այդ ամբողջության մեջ է հնարավոր ճանաչել ինքդ քեզ: Էգոիստաբար ուզում եմ, որ իմ շրջապատում բոլորը հնարավորինս երջանիկ լինեն: Ուզում եմ ներդաշնակ ապրել իմ ցանկությունների ու կարողությունների հետ:

 

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10074 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Lena | 25-02-2013 19:46
Էս սպասվող գնացքներն...իրոք, ինչքան սիրուն երգ է!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-08-2026 10:45
«Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29
ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20
Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 577 անգամ
18.08.2026
Դիտվել է 360 անգամ
21.08.2026
Դիտվել է 333 անգամ
20.08.2026
Դիտվել է 303 անգամ
22.08.2026
Դիտվել է 249 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster