Լարա Ֆաբիանը (Lara Fabian) հրաշալի համադրություն է Ուիթնի Հյուսթոնի անկեղծության, Սելին Դիոնի ռոմանտիկ էության և Մրայա Քերիի սիրունատեսության: Երաժշտական քննադատները նրան ճանաչել սկսեցին համեմատություններով, իսկ այսօր միաձայն պնդում են, որ Լարա Ֆաբիանը գրեթե անշփոթելի է: Նրա երգերից անբաժան են կանացի համեստությունը, նրբությունը, երբեմն փխրուն, բայց պայքարող ու չընկճվող հոգու պոռթկումները: Երգերի բառերի հեղինակն էլ գրեթե միշտ հենց ինքը' Լարա Ֆաբիանն է: «Երբ ստեղծագործում եմ, ես մոռանում եմ ամեն ինչ և բոլորին, ինձ պարուրում են միայն իմ հույզերը, մտքերն ու ապրումները: Երբեք չեմ կարող գրել մի բան, որը չեմ զգում»,- ասում է Ֆաբիանը:
Այս ինքնատիպ երգչուհին տարբերվում է համաշխարհային մյուս փոփ աստղերից նաև նրանով, որ իր ելույթներում չի օգտագործում բեմական շքեղ դեկորացիաներ, պարային խմբեր: Նա բեմ է բարձրանում հաճախ խիստ դասական հագուստով' օգտագործելով քիչ քանակությամբ զարդեր և նուրբ, գրեթե աննշան շպար: Կարծես ուրիշ ոչինչ նրան պետք չէ: Հզոր ու դրամատիկ ձայնի տիրապետող Ֆաբիանին հասու են երաժշտական բոլոր ժանրերը' ֆրանսիական շանսոնից մինչև օպերային արիաներ: «Ես ձգտում եմ երգել այնպես, ինչպես մայրս էր դա անում: Դեռևս չի ստացվում: Նա հրաշալի ձայն ուներ»,- մի առիթով ասել է երգչուհին:
Լարա Ֆաբիանը (իսկական ազանունը' Կրոկերտ) ծնվել է 1970 թ. Բելգիայի Իտերբեկ քաղաքում' իտալուհի մոր և բելգիացի հոր ընտանիքում: Իր անվան համար Լարան պարտական է' Պաստերնակի «Բժիշկ Ժիվագո» վեպի հերոսուհուն: «Մայրս հիացած էր ռուս գրականությամբ: Իսկ մինչ իմ ծնվելը դուրս եկավ «Բժիշկ Ժիվագոյի» էկրանացումը: Ծնողներս որոշեցին անվանել ինձ պիեսի հերոսուհու' Լարայի անունով»: Փոքրիկ Լարան խոսում էր միայն իտալերեն, իսկ հետագայում յուրացնում է նաև անգլերենը, ֆրանսերենը և իսպաներենը: Դեռ 5 տարեկանում նա հիացմունքով էր լսում Բարբրա Ստրեյզանդի, Ֆրեդդի Մերկուրիի, Էննիո Մորիկոնեի երգերը: Հենց այս տարիքում էլ սկսում են ի հայտ գալ նրա շնորհները: Գրեթե 5 տարեկանից նա սկսում է ստեղծագործել: Ութ տարեկանում Լարան սկսեց վոկալի պարապմունքները Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում: 14 տարեկանում նա արդեն հանդես էր գալիս իր երգերով, սկզբնական շրջանում՝ միայն ռեստորաններում և գիշերային ակումբներում: Լարային նվագակցում էր հայրը' կիթառահար և նախկին բեկվոկալիստ: «Հայրս ինձ թև ու թիկունք է եղել: Նրա շնորհիվ ես երբեք ինձ միայնակ չեմ զգացել: Նա է ինձ սովորեցրել ընթանալ միայն առաջ»,- մի առիթով նշել է Լարան:
«Շատերը կարծում են, որ իմ հաջողությունը բնական էր և շատ դյուրին, սակայն հավատացնում եմ, որ դա տարիների ինքնամոռաց աշխատանքի արդյունք է»:
1988-ին առաջին անգամ Լարա Ֆաբիանը մեծ բեմ բարձրացավ: Նա կատարեց «Croire» («Հավատ») երգը «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում: Երգը մեծ ընդունելություն գտավ Եվրոպայում և տարածվեց ավելի քան 600. 000 օրինակով: Լարայի յուրօրինակ և հզոր ձայնով հետաքրքրվեցին մեծ թվով պրոդյուսերներ, երաժշտության ասպարեզում հեղինակություններ: Իսկ նրա հմայքն ու գրավչությունը շատերը վերագրեցին նրա համեստությանը: «Նա, ով կարող է լինել համեստ և նուրբ, ներքին մի անասելի ուժով է օժտված»,- համոզված է երգչուհին:
Երբ Լարան Կանադայում ներկայացնում էր իր «Je sais» («Ես գիտեմ») երգը, նա ուղղակի սիրահարվում է այդ երկրին և որոշում տեղափոխվել Կանադա' Մոնրեալ: «Եվրոպան հիանալի մայրցամաք է, բայց շատ պահպանողական,- ասում է Լարան: - Հնարավոր չէ այստեղ ազատ ստեղծագործել: Ես տեղափոխվել եմ մի երկիր, որտեղ ինձ ավելի ազատ եմ զգում»: Լարան տեղափոխվեց Մոնրեալ իր ընկեր, պրոդյուսեր, իր երգերի համահեղինակ Ռիկ Էլիսոնի հետ 1991-ին: «Ռիկն իմ կրկնօրինակն է, ես նրան լիովին վստահում եմ»:
Լարայի կյանքում քչերը եղան, ովքեր հավատարիմ մնացին և հուսախաբ չարեցին նրան. դրանց թվում Ռիկն է: «Ես այնքա˜ն եմ խաբվել կյանքում… Հաճախ եմ համոզված եղել, որ հենց այս կամ այն մարդն է, որ ինձ բարին է ցանկանում, որ իմ կողքին է… Ինչքան շատ են քեզ ցավեցնում, այնքան շատ ես հասունանում»:
Կանադայում երգչուհին ստիպված էր ամեն ինչ նորից սկսել. այստեղ նա չուներ այն ճանաչումը, ինչ Եվրոպայում: 3 տարի անց Լարան թողարկում է իր առաջին ալբոմը' անվանելով այն «Lara Fabian»: Հաջողությունը շատ սպասել չի տալիս: Լարայի ռոմանտիկ երգացանկն ու անկրկնելի ձայնը գրավում են հանրության ամենատարբեր խավերի ուշադրությունն ու սերը: Յուրաքանչյուր համերգի սպասում և դիմավորում են մեծ հանդիսավորությամբ:
Եվս 3 տարի անց Ֆաբիանը թողարկում է իր հաջորդ' «Carpe Diem» («Վայելիր պահը») ալբոմը, որը 3 շաբաթ անց Կանադայում դառնում է «Ոսկե ալբոմ»: 1955-ին Կանադայի հանդիսատեսը Լարա Ֆաբիանին ճանաչեց «Տարվա երգչուհի»: Սա իսկական հաջողություն էր, և սկիզբ դրեց Լարայի վերադարձին եվրոպական բեմ:
1996թ. լույս տեսավ Ֆաբիանի 3-րդ' Pure («Մաքուր») ալբոմը: Այն վաճառվեց 2 միլիոն օրինակով: Ֆրանսիան Լարային ճանաչեց «Տարվա հայտնություն»: Նրա ալբոմն արժանացավ «World Music Awards»-ի հատուկ մրցանակի: Հաջողությունը կարծես հետապնդում էր նրան: Երգչուհու կյանքի այս հատվածը նշանավորվեց նրա նոր սիրով: Ֆրանսիայում Լարան ծանոթանում է Պատրիկ Ֆիորիի հետ: Նա ֆրանսուհու և հայի զավակ է, բավականին հայտնի երգիչ ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ Եվրոպայում: Նրանց միջև սիրային հարաբերությունները շարունակվում են մինչև 2000 թվականը:
1999 թվականին Լարան թողարկում է իր առաջին անգլալեզու Adagio ալբոմը: Այն Ամերիկայի լավագույն պրոդյուսերների համատեղ աշխատանքի արդյունք է: Մի քանի ամսվա ընթացքում վաճառված սկավառակների թիվը հասնում է 5 միլիոնի: I will love again («Ես կրկին կսիրեմ») երգը դառնում է հիթ և գրավում ամենաբարձր հորիզոնականները գրեթե բոլոր մրցանակաբաշխություններում: Այն ինքնակենսագրական երգ է' նվիրված Լարայի առաջին սիրուն' մի իռլանդացի երիտասարդի, որի հետ նա ստիպված եղավ բաժանվել 19 տարեկանում: Հարցազրույցներից մեկում Ֆաբիանն ասում է. «Իմ մտքում իմ անցած սիրային պատմությունների մի ամբողջ հավաքածու կա, որոնք դառնում են հուզիչ բանաստեղծություններ եւ հետո միայն՝ գրավիչ երգեր»:
Կարիերայի վաղ շրջանում Լարան ասում էր, որ 32 տարեկանում ինքը կթողնի բեմն ու անպայման փոքրիկ կունենա, որին էլ կնվիրի ամբողջ ժամանակը: Սակայն 2002-ին դա տեղի չունեցավ: Լարան հարցազրույցներից մեկում բացատրում է պատճառը. «Հիմա ես այնքան նոր պլաններ, մշակված գործեր ունեմ, որ անարդար կլիներ հենց երեխայի հանդեպ' ունենալ նրան այն ժամանակ, երբ չես կարող ամբողջովին նրան տրամադրվել»:
2007 թվականի հունիսի 25-ին իր հերթական հաղորդագրություններից մեկում Լարան հայտնում է, որ արդեն 5 ամիս է, ինչ հղի է: Նորությունն արագ տարածվում է, և նոյեմբերի 20-ին Լարա Ֆաբիանը դառնում է մայրիկ: Երջանիկ հայրիկը Ժերար Պուլիչինոն է' ֆրանսիացի հայտնի հեռուստատեսային ռեժիսոր: Հենց նա էր նկարահանել Լարա Ֆաբիանի առաջին տեսաոլովակը' Croire («Հավատ») երգի հիման վրա: 15 տարի անց նրանց ուղիները նորից խաչվեցին, երբ Ժերարը նկարահանում էր տեսահոլովակներ Լարա Ֆաբիանի մի քանի նոր երգերի համար: «Ես համոզված եմ, որ գտել եմ մեկին, ում հետ կյանքս կընթանա սիրո և համերաշխության մեջ, ում ուսին գլուխս կարող եմ դնել և չմտածել ոչնչի մասին»: Փոքրիկին անվանում են Լու՝ Լարայի մոր' Լուիզայի անունով:
Բելգիացի երգչուհին շուտով վերադառնում է ծննդավայր: «Ես վերադարձա իմ հայրենիք, քանի որ անհնար էր այլևս առանց իմ հարազատների: Ես նրանց կարիքն ունեմ: Ինձ համար շատ թանկ է ընտանիքը: Ուրախ եմ, որ կիրակի օրերին կարող եմ ընտանիքիս հետ գնալ ծնողներիս տուն' մի կտոր թխվածք ուտելու կամ պարզապես թեյելու: Դա է ինձ համար երջանկությունը…»:
2009թ. Լարան թողարկում է «Toutes les femmes a moi» («Բոլոր կանայք իմ մեջ») ալբոմը: Այս վերջին ալբոմը նվիրված էր այն բոլոր կանանց, ովքեր մեծ ազդեցություն էին ունեցել Լարայի աշխարհայացքի ձևավորման վրա: Ալբոմի երգերը հիմնականում աշխարհահռչակ երգչուհիների երգերն են' նրա կատարմամբ: «Ես դարձա այն, ինչ կամ, որովհետեւ իմ կյանքում եղել են այս կանայք»: Նրանց թվում են Նանա Մուսկուրին, Էդիտ Պիաֆը, «մրցակից» Սելին Դեոնը, Դալիդան, այլք: Այս տարի հունվարի 9-ին Լարա Ֆաբիանը դարձավ 42 տարեկան: «Ես դարձել եմ ավելի ուժեղ, ինձ այլևս չեն խոցում քննադատություններն ու ծաղրը: Ես հավատում եմ, որ իմ կյանքը դեռ նոր է սկսվում….»:
Նրանք, ովքեր մեզ չեն գնահատում, միևնույնն է, չեն կարող զրկել մեզ երջանկությունից' անելու այն, ինչ մենք սիրում ենք և սիրել այն, ինչ մենք անում ենք:
Ես այլևս չեմ փնտրում արքայազնի, քանի որ ինքս էլ արքայադուստր չեմ:
Ինչքան էլ ես սիրեմ, միևնույնն է, իմ կարծիքով դա շատ ավելի քիչ է, քան ես կարող եմ:
Երեխաներն ամեն ինչի սկիզբն են և ամեն ինչի վերջը կարող են լինել, եթե հոգ չտանես նրանց մասին:
Տղամարդիկ բոլորովին պահանջ չունեն սիրված լինելու, ինչպես կանայք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք ուզում են սիրված լինել իրենց ազատության հետ միասին, որը թույլ չի տա նրանց ենթարկվող զգալ:
Երբեք պետք չէ փնտրել պատճառներ ատելու համար, եթե սիրելու հիմքեր կան:
Մարդու գեղեցկությունն իր յուրօրինակության մեջ է:
Սիրել մարդուն նշանակում է սիրել նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Նրանք, ովքեր միայն լավ բաների համար են սիրում, երբեք չեն կարող իսկապես սիրել:
27-10-2026 10:39 «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03 Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44 Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09 Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26 Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։