Նույն ընտանիքից երկու հզոր ձայն, երկու տաղանդ… Եթե վերադառնանք ձեր արմատներին, կա՞ն երաժիշտներ, արվեստագետներ, ումի՞ց եք ժառանգել գենը:
Ես և եղբայրս ծնվել ենք երաժիշտների ընտանիքում: Հիշում եմ, որ անգամ 90-ականներին, երբ մենք` հայերս, ճգնաժամ էինք ապրում, մայրս մոմի լույսի տակ մեզ երգեր էր սովորեցնում, և մենք միասին երգում էինք: Երաժշտությունն էր, իհարկե, որ օգնում էր շատերին հաղթահարել բազմաթիվ դժվարություններ:
Դժվար չէ՞, երբ մի ընտանիքում երկու մարդ նույն մասնագիտությամբ են աշխատում: Մասնագիտական բանավեճեր հաճա՞խ են լինում քո ու Գոռի միջև:
Իհարկե լինում են, բայց առողջ բանավեճեր: Մենք միմյանցից միշտ օրինակ ենք վերցնում և սովորում:
Իսկ փոքր ժամանակ ինչպիսի՞ն էիք… Հետաքրքիր է` ի՞նչ հիշողություններ կան մանկության հետ կապված, հետաքրքիր պատմություններ….
Մեր մանկությունը շատ բուռն է անցել: Մենք միշտ մտերիմ քույր ու եղբայր ենք եղել և կանք: Մեր տնից երաժշտությունն անպակաս էր դեռ մանկության տարիներից: Եղբայրս` Գոռը, թասերից բաղկացած հարվածային գործիք ուներ, և մենք միահամուռ ուժերով ստիպում էինք մեր հարևաններին լսել մեզ օրը 24 ժամ (ծիծաղում է- LN):
Եվա Սուջյանին մարդիկ ճանաչեցին X factor նախագծի շրջանակներում, հատկապես երբ բոլորին ցնցեց քո` Hallelujah երգի կատարումը: Ինքդ ե՞րբ ես համարում քո երաժշտական կարիերայի և դրանում հաջողության հասնելու սկիզբը:
21 տարկեան էի, երբ առաջին անգամ երգեցի Տիկնիկային թատրոնի բեմից STRYFE խմբի կազմում: Թերևս դա էր սկիզբը:
Ի սկզբանե դասական երաժշտության ուղին էիր ընտրել, ի՞նչը ստիպեց փոխել միտքդ: Ի՞նչը քեզ տարավ ռոքի ուղով:
Կոնսերվատորիայում սովորել եմ մեծն Գոհար Գասպարյանի դասարանում և այն, ինչ հիմա գիտեմ և փոխանցում եմ աշակերտներիս, նրա շնորհիվ է: Բայց որքան էլ սիրում եմ դասականը, այն ինձ չի ոգևորում այնքան, ինչքան ռոք երաժշտությունը: Ես ինձ գտել եմ այդ ժանրում:
Շատերի կարծիքով, ռոքն ու կինը անհամատեղելի են, ի՞նչ ես դու կարծում…
Այդ թյուր կարծիքն ինձ մոտ ծիծաղ է առաջացնում: Երաժշտությունը սեռ չի ճանաչում:
Ռոքի կոպտությունն ու ագրեսիան չե՞ն անդրադառնում կանացիության վրա:
Իսկ ռոքը կոպիտ կամ ագրեսիվ չէ: Դա հարաբերական կարծիք է:
Հիմա, երբ Եվան արդեն իր առանձին ընտանիքն ունի, դժվար չէ՞ համատեղել անձնական կյանքը և երաժշտական կարիերան:
Երբ կողքիդ ունես լավ ամուսին կամ կին, ոչինչ այլևս դժվար չէ:
Հասցնո՞ւմ ես տնային գործեր անել… Որպես տան կին, ի՞նչ հոգսեր կարող է ունենալ Եվան:
Երբեմն ինքս եմ զարմանում, թե ինչպես եմ հասցնում, բայց քանի որ տնային և ոչ մի գործ որպես հոգս չեմ ընկալում, դա ինձ հեշտ է տրվում: Իհարկե երբեմն նաև ծիծաղելի իրավիճակներում եմ հայտնվում: Օրինակ, երբ կերակուր եմ պատրաստում և միաժամանակ աշակերտովս եմ զբաղվում ու մոռանում գազի վրա եփվող կերակուրի մասին (ծիծաղում է-LN):
Ինքս ներկա եմ եղել քո համերգին (Տիկնիկային թատրոնում բարեգործական համերգի շրջանակներում), աննկարագրելի շատ էմոցիաներ են դուրս գալիս քեզնից: Առհասարակ էմոցիոնա՞լ ես:
Կարող եմ ասել, որ չափից դուրս էմոցիոնալ մարդ եմ և երբեմն շատ խոցելի:
Եթե մի քանի հատկանիշներով տարբերակենք, թե ինչպիսին է Եվան բեմում և առօրյայում, ապա…
Այնպես է ստացվել, որ ես թե բեմում, թե առօրյայում նույնն եմ: Իրականում բեմն այն տեղն է, որտեղ դու չես կարող չլինել այնպիսին, ինչպիսին կաս: Այն հոգու հայելին է:
Հնարավո՞ր է` մի օր էլ Եվան գնա Եվրատեսիլ: Կա՞ ցանկություն, աշխատանք` ուղղված դրան:
Ես երբեք ոչինչ չեմ բացառում: Ամեն բան հնարավոր է, բայց դա ցանկություն կամ գերխնդիր չէ: Իմ ցանկությունն ու երազանքն է երգի միջոցով փոխանցել մարդկանց սեր կյանքի հանդեպ: Ասելիքս գուցե նոր չէ, բայց մենք երբեմն մոռանում ենք սիրո ուժը: Սերը կյանքի, բնության, դիմացինի հանդեպ կարող է փոխել աշխարհը:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: