-Շատերն են փորձում ռուսական, առհասարակ արտասահմանյան շոուբիզնեսում հաստատվել, բայց փորձը ցույց է տալիս, որ հաջողության են հասնում հատո կենտ մարդիկ, քո ճանապարհն ինչպիսի՞ն էր:
-Ես երգում էի Աշոտ Բզնունու ջազ երգչախմբում: 22-23 աղջիկ էինք, որոնց մեջ էին նաև մեր տաղանդավոր Վարդուհի Վարդանյանը, Զառա Բաբայանը և այլք: Տարբեր ոճերի մեջ էինք երգում, 4-5 ձայնով: Հետո խմբի մեներգչուհի դարձրեց ինձ Բզնունին խռպոտ տեմբրիս համար: Երբ դարձա 17 տարեկան, հասկացա, որ ժամանակն է ինքնուրույն ինչ-որ բան ձեռնարկել: Չգիտեմ ինչու շատ էի ուզում Մոսկվա գնալ: Իսկ հետո իմացա,թե ինչու էր հենց Մոսկվան ինձ ձգում (Սոնայի ծնողներն իրենց մեղրամիսը անցկացրել են Մոսկվայում-հեղ.) (ժպտում է-LN): Այն ժամանակ շատ հայտնի էր «Յուրմալա» ծրագիրը, որին հաջորդեց ևս մեկ մեծ տարածում գտած ծրագիր' «Утренняя звезда»: Ես որոշեցի փորձել ուժերս: Ի սկզբանե չկար խնդիր, որ գնում եմ Մոսկվա' մնալու: Չէ, ես պարզապես գնում էի մասնակցելու, փորձելու ինքս ինձ: Հանդիպեցի Իոսիֆ Պրիգոժինի (երգչուհի Վալերիայի ներկայիս ամուսինը-հեղ. )հետ, ով լսեց իմ ձայնագրությունները ու չէր կարողանում հավատալ, որ ես աղջիկ եմ: Նրան թվում էր , թե ես կամ տղա եմ, կամ շատ մեծ տարիքով կին, կամ фирмачка, այսինքն' չէր հավատում,որ ԽՍՀՄ-ից եմ: Որոշեցինք համագործակցել և առաջինը, որ արեցինք «Утренняя звезда»-ին մասնակցելն էր:
-Հաղորդումը բավականին մեծ ճանաչում բերեց քեզ…
-Այո, ես հասա եզրափակիչ: Ես ու Վալերիան իրար դեմ պետք է մրցեինք: Իսկապես շատ հաջող մտանք ռուսական շուկա: Եզրափակչում էլ բոլորը հասկանում էին, որ հնարավորությունները իմ կողմն էին, անգամ շատ վստահ էի: Երբեք չեմ մոռանա,թե ինչ եղավ եզրափակչի համերգին: Ես հանդերձասրահում եմ, արդեն պատրաստվում եմ, ներս է մտնում Իոսիֆն ու ասում. «Սոն, չնեղվես, մի նյարդայնացիր, խնդրում եմ, բայց Շուլգինը իր հաշվին ժյուրիի անդամ է հրավիրել Սեմ Բրաունին ու նրա պրոդյուսերին»: Ես արդեն հասկացա,թե դա ինչ էր նշանակում: Իսկ Շուլգինը Վալերիայի ամուսինն էր այն ժամանակ: Մրցույթի եզրափակչում իմ ելույթի ժամանակ բարձրախոսի ձայնը կտրեցին ու ես առանց բարձրախոսի երգեցի, չնայած կարող էի կանգնեցնել մրցույթն ու պահանջել, որ նորից միացնեն:
-Ի՞նչն է առհասարակ հունից հանում Սոնային:
-Անարդարությունը: Ամեն ինչում տանել չեմ կարողանում անարդարությունը: Ինչպե՞ս ինքդ քեզ խաբել: Ես միշտ ինձ դիմացինիս տեղն եմ դնում, և իրավիճակն ավելի պարզ է դառնում ինձ համար, ու իմ որոշումը ճիշտ է լինում:
-Կա նաև մի վարկած, որ առհասարակ շոուբիզնեսում հայտնվելու համար հարուստ հովանավորներ են պետք: Քեզ նրանք պետք եղե՞լ են:
-Չեմ հերքի, որ դա կարևոր է: Ես գնացի Մոսկվա մի ճամպրուկով, շորիկով ու չգիտեի՝ ինչ կլինի, ոնց կլինի, կմնամ,թե ոչ: Մի բան հաստատ է` փողով տաղանդ չես առնի: Բայց եթե մարդ ունի տաղանդ, այդ օգնությունը կարող է նրան առաջ տանել: Չեմ ուզում խաբել ու ասել,թե ոչ, պետք չէ, իհարկե պետք է: Չէ որ պետք է տեսահոլովակներ նկարահանվեն, էլի շատ նախագծեր: Ես իմ ընկերներից եմ մեծ օգնություն ստացել, ամուսնուցս: Շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ միշտ էլ լավ մարդիկ հանդիպել են:
-Անպայման ուզում եմ հիշել քո (երևի թե առաջին) տեսահոլովակը` «Ромашкилюбви» «Մեր բակի» շրջանակներում, կարելի՞ է ասել, որ հենց այստեղից սկսվեց Սոնայի կարիերան:
-Չէ, ինքը տեսահոլովակ չի, պարզապես ֆիլմի համար է: Կարիերայի սկիզբ հաստատ չէր ինձ համար: Մինչև դա ես արդեն ջազ երգչախմբում էի, հետո 17 տարեկանում արդեն Մոսկվայում էի երգում: Իսկ «Մեր բակը» 1996 թվականին էր:
-Ուժերդ փորձել ես նաև կինոյում: Ինչու չէ, մարդիկ ճանաչեցին քեզ նաև «Մեր բակը»-ով: Եվ ինչո՞ւ չշարունակվեց Սոնայի ուղին որպես դերասանուհի:
-Այո, հրավիրեցին, ես էլ չմերժեցի: Ինձ համար շատ հաճելի էր, ես այդ ֆիլմի շնորհիվ ճանաչեցի այնպիսի մարդկանց, որոնք ինձ համար միայն հեռուստատեսային էին նախկինում: Աշոտ Ղազարյանը, ում մենք ընտանիքով շատ ենք սիրում, Լալան, Արմեն Խոստիկյանը, Քոթանջյանը, շատ-շատերը: Այնքան լավ էր, չեք պատկերացնի, շատ ջերմ էր մթնոլորտը: Իսկ չշարունակվեց, որովհետև իմ մասնագիտությունը, այնուամենայնիվ, երգելն է: Հետո` Հայաստանում կինո չէր նկարահանվում, շատ ծանր վիճակ էր: Հիմա է, որ շատ են սերիալները, ֆիլմերը:
-Հանդիսատեսը միշտ էլ կարծել է, որ ֆիլմում զույգ հանդիսացողները կյանքում էլ ինչ-որ սիրային հարաբերություններ են ունենում: Ինչպե՞ս էր քո ու Մկոյի հարցում: Եվ արդյո՞ք հիմա որևէ շփում ունեք:
-Ցավոք, չեմ տեսնում Մկոյին: Բայց շատ ուրախ եմ, որ ինքն էլ բավականին հայտնի է, լավ գործ են անում Հայկոյի հետ միասին: Շատ տաղանդավոր են, ձևավորեցին Հայաստանում այդ շուկան: Այն ժամանակ էլ շատ ջերմ են եղել հարաբերությունները: Կադրից դուրս կարող էինք գժություններ անել, երգել: Բայց ամեն ինչ զուտ ընկերական է եղել:
-Թերևս քո երգերից զատ մարդկանց հիշողություններում լավ տպավորվել են նաև քո խոսքերը ֆիլմից` «Нуговориже, Мко!»: Կարծում եմ` անհնար է որևէ հուշ չունենալ այս դերի և հատկապես այս խոսքերի հետ կապված: Ինչ-որ հետաքրքիր պատմություն, դեպք կհիշե՞ս այս ֆրազայի հետ կապված:
-Այո, իհարկե: Ուրեմն ասեմ, որ նախապես էդ արտահայտությունը հայերեն էր գրված, որ ես պետք է ասեի: Ես Ռուսաստանից գալիս եմ, մի քիչ ռուսական շեշտադրումներով: Ու պետք է ասեի` «Դե ասա, Մկո, ասա»: Բայց ասելիս ես հասկանում էի, որ շատ ձևական է ստացվում. ես ես չէի: Առաջարկեցի ռուսերեն ասել, դե բակերում լինում են չէ՞ ռուսախոս հարևաններ: Ու ավելի լավ ստացվեց, լավ հիշվեց:
-Սոնա, բազմիցս նշել ես, որ Հայաստանը քեզ համար առանձնահատուկ տեղ ունի: Բացի նրանից, որ այն ծննդավայր է, ի՞նչն է քեզ ամենից շատ կապում Հայաստանի հետ: Ինչքանո՞վ է հնարավոր քո վերջնական վերադարձը Հայաստան:
-Իմ մանկությունը: Ես բնիկ Երևանից եմ, կենտրոնից: Չզարմանաք, բայց այստեղի հոտը, կոլորիտը: Ամենակարևորը իմ նախնիներն են: Իսկապես սիրտս ցավում է, երբ գնում եմ Թուրքիա ու մտածում, որ ախր այս հողերը կարող էին մերը լինել, այս ծովը մերը պետք է լիներ: Շատ կարևոր է, թե որտեղ է մարդու պորտը կտրած: Լուրջ եմ ասում, դա չես փոխի: Վերջիվերջո ես մինչև 17տարեկանս այստեղ եմ ապրել: Ընտանիքս, հարազատներս այստեղ են: Եվ ես ինձ էմիգրանտ չեմ համարում: Ես միշտ էլ գալիս-գնում եմ: Սա իմ հայրենիքն է: Ու այն ժամանակ ինձ ձևական էր թվում,որ ասում էին,թե Երևանի ջուրն ուրիշ է: Չէ, իսկապես ուրիշ է:
-Ամեն դեպքում այս անգամ վերադարձիդ «մեղավորը» «Հայաստանի ձայնն» է: Մի նախագիծ, որ ամբողջ ախարհում բավականին մեծ ճանաչում ունի: Եթե համեմատական անցկացնենք մյուս երկրների հետ, ինչպիսին է մեր «Հայաստանի ձայնը»` սկսած կազմակերպչական աշխատանքներից, հնարավորություններից մինչև մասնակիցների ունակությունները:
-Նախ՝ շատ ուրախ եմ, որ այս նախագիծը կա: Ուրախ եմ ինձ համար, ձեզ համար, բոլոր երիտասարդների համար: Ճիշտ է, քյաբաբն էլ է լավ, խորովածն էլ, բայց պետք է մի քիչ արվեստ ցույց տալ, մենք կարող ենք: Այնքան տաղանդներ են հայտնվում, որ նույնիսկ մոռացել եմ իմ Մոսկվայի գործերի մասին: Ինձ զանգում են այնտեղից ու ասում. «Չե՞ս ուզում տուն վերադառնաս»: Ես էլ ասում եմ. «Բայց ես տանն եմ»:
Մեք ուզում ենք միասնական ուժերով գտնել Հայաստանի ձայնը, դա է նպատակը: Տարբերությունը նա է ,թե այստեղ մենք ենք ժյուրին, այնտեղ ուրիշները: Կարևորը համընդհանուր արդարությունն է:
-Նախագծի ընթացքում պարզվեց նաև, որ Սոնան բավականին էմոցիոնալ մարդ է: Այն ավելի շատ օգնում, թե՞ խանգարում է քեզ կյանքում:
-Ես շատ եմ զարմանում, որ հիմա է դա հասկացել ժողովուրդը: Ես միշտ եմ էմոցիոնալ եղել: Ես էմոցիոնալ ծնվել եմ: Ես դեռ զսպում եմ ինձ նախագծի շրջանակներում: Մտածում եմ, որ հիմա կմտածեն,թե գիժ եմ: Խանգարում էր ինձ երևի թե 3 տարի առաջ: Հիմա եմ հասկանում, որ էմոցիաները կապ չունեն: Ես հիմա ներդաշնակության մեջ եմ ինքս ինձ հետ: Իմ մտքերը, էմոցիաները ներդաշնակ են: Բայց էմոցիաները միշտ եղել են, կլինեն: Չեն լինի միայն այն դեպքում,երբ Սոնան չի լինի:
-Եթե 3 բառով բնութագրես ինքդ քեզ, ապա…
-Կենդանի եմ ես (լավ իմաստով- Սոնա): Ես ցուլ եմ: Ներդաշնակ եմ: Եվ համարում եմ, որ ընտրված եմ. ես արևի հետ եմ ուժեղ կապված:
-Սոնա, ինչպես երգում, կյանքում նույնպե՞ս կարծում ես, որ ամեն ինչ անցողիկ է:
-Չէ: Ամեն ինչ անցողիկ չէ: Դա գլոբալ միտք է: Ամեն ինչ չի կարող անցնել: Մենք տարբերվում ենք համակարգչից, ռոբոտից, որովհետև չկա այդ Delete կոճակը: Ուղղակի պետք է առաջ նայել միշտ: Չպետք է շրջվել: Եթե չկա անցյալ, չկա նաև ներկա ու չի լինի նաև ապագա:
-Ինչպիսի՞ն էր փոքրիկ Սոնան: Ի՞նչ հիշողություններ ունես:
-Ես հիմա էլ եմ փոքր: Երբեմն այնքան փոքր եմ, որ նույնիսկ վախենում եմ: Հարազատներս էլ են զգում դա: Քայլերս երբեմն չեն համապատասխանում տարիքիս: Կարող եմ չնչին բաների վրա ուրախանալ: Չեմ զգում տարիքս առհասարակ: Իսկ փոքր ժամանակ շատ չարաճճի եմ եղել,աշխույժ: Չկար մի խմբակ, որտեղ ես չլինեի: Պարի գնում էի, լողի, երաժշտության, խոռ, ակրոբատիկա: Ես էլ չգիտեի, թե ինչ կարելի է անել, որ ընտանիքս մի քիչ հանգիստ ապրեր (ծիծաղում է-LN):
-Առաջին սեր ասվածը միշտ յուրօրինակ հիշողությունների հետ է կապակցվում, քեզ մոտ նույնպե՞ս այդպես է:
-Այո, բա իհարկե, մանկապարտեզում: Բայց այդ ժամանակ չէի հասկանում՝ սեր է, թե ոչ: Բայց որ դուրս գալիս էր, դա հաստատ է: Մեզ բոլորիս նստեցնում էին գարշոկների վրա, ու եթե հանկարծ իրեն ուրիշ աղջիկների կողքին էին նստեցնում, քաշում էի գարշոկից, ասում էի` չէ, ինքն իմ կողքին պետք է նստի:
-Հաճա՞խ է սիրահարվում Սոնան:
-Հաճախը ո՞րն է: Օրը մե՞ջ: Չէ, հաճախ չեմ սիրահարվում: Ես իմ էմոցիաները ստանում եմ երեխաներից, քույրերիս երեխաներից: Բայց սիրահարվել պետք է յուրաքանչյուր կնոջը: Դա է կյանքի իմաստը:
-Հատուկ հայ տղամարդկանց համար ուզում եմ հնչեցնել այս հարցը` զբաղվա՞ծ է արդյոք Սոնայի սիրտը:
-Զբաղված է, թե ոչ, չգիտեմ: Բայց ինչ-որ բան հաստատ կա: Ինչ-որ նոր զգացմունք կա սրտիս մեջ: Հնարավոր է, որ ոչինչ էլ չստացվի, բայց այնուամենայնիվ կա ինչ-որ բան:
-Ժամանակատար աշխատանքը չի՞ խանգարում անձնական կյանքին:
-Ես արդեն 7 տարի է՝ ամուսնացած չեմ ու կարծես հետ եմ սովորել միասին ապրելուց, միասին կյանքից: Չեմ ուզում ոչ մեկին ցավեցնել, չեմ ուզում անորոշ քայլերի գնալ: Հենց այնպես հարաբերություններ չեմ ուզում, պետք է լինի այն մեկը, ով երեխաներիս հայրը կդառնա:
-Ինչպիսի՞ն է քո պատկերացմամբ իդեալական տղամարդը:
-Իդեալական չկա: Ոչ միայն տղամարդ, կին էլ չկա իդեալական: Երևի դա է խնդիրը, որ բոլորը փնտրում են արքայազների: Ես ուզում եմ միայն, որ իմ տղամարդն ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ, հասկանա ինձ, հարգի իմ մասնագիտությունը, որովհետև առանց դրա ես չեմ կարող: Մի անգամ փորձեցի ետ կանգնել, բայց չստացվեց: Երգելու եմ, քանի դեռ ապրում եմ:
-Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են: Ինչո՞ւմ է դրսևորվում քո թուլությունը: Եվ ո՞րն է քո ամենաուժեղ գիծը:
-Չէ, այդպիսի բան չկա: Կինն ամեն ինչ կարող է անել, բացի միայնակ երեխա ունենալուց: Կանայք բոլոր ասպարեզներում են, ուղղակի բաներ կան, որ տղամարդկանց մոտ ավելի լավ է ստացվում: Թուլություն է,թե` ոչ, չգիտեմ, բայց մարդկանց շատ եմ հավատում: Չեմ կարող փոխել այդ գիծը, ես հավատում եմ ու վերջ: Չէ որ մեր կյանքում ամեն ինչ հիմնված է երեք կետի վրա` հույս,սեր, հավատ: Թուլություն է երևի, որ չեմ կարող համեղ ուտելիք տեսնել ու չուտել (ծիծաղում է-LN): Ռիսկային եմ շատ: Հնարավոր է, որ միայնակ եմ, դրանից է: Կարծում եմ` երեխաների հետ երևի թե կփոխվի այդ գիծը:
-Սոնա, եթե հնարավորություն ունենայիր կյանքում որևէ բան փոխելու, ի՞նչը կլիներ:
-«Ջիջիլի» նման հարց է (ծիծաղում է-LN): Փոխելու հետ չի կապված,բայց ուզում եմ երեխաներ ունենալ ու կանեմ դա հաստատ: Կուզենայի ժամանակից շուտ չջղայնանալ, չբռնկվել:
-Ի՞նչ նախագծեր կան առաջիկայում, ի՞նչ սպասի քեզնից հանդիսատեսը:
-Շատ բան չեմ ուզում նախապես ասել, բայց պլաններ կան: Ուզում ենք 3-րդ ձայնասկավառակ ներկայացնել: Հայաստանյան մենահամերգ էլ կլինի: Եվս մեկ անակնկալ կլինի երգի տեսքով: Դուետ է լինելու, բայց փակագծերը չեմ բացի: Շատ գեղեցիկ երգ է ստացվել:
ANI | 17-03-2013 20:55
im sirun SONA!!!du ankrkneli es,,menk bolors hpartanumenq qeznov,vor du hay es,qo nman mardik shat qichen!!sirumem qez arevs))))
Svetlana | 20-12-2012 01:48
Sonsssss shat ban chem karox asel miayn ayn vor ankexc qez shat shat em sirum u vor es arajinn em linelu qo Hayastanyan hamergin uraxutyunic texs chem gtnum anhamaber kspasemmmmmmm
17-04-2025 09:56 Իլոն Մասկը ցանկանում է մոլորակը բնակեցնել իր երեխաներով՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված խորը մտահոգության պատճառով։ «Մասկն իր զավակներին «լեգիոն» է անվանում։ Նա կարծում է, որ քաղաքակրթությունը սպառնալիքի տակ է՝ բնակչության թվի անկման պատճառով։ Նրա ցանկությունն է ավելի շատ բարձր մտավոր կարողություններով մարդկանց արտադրել»,- The Wall Street Journal-ին ասել են աղբյուրները։ Վերջիններս նաև նշել են, որ Իլոն Մասկն իր երեխաների համար մայրեր է փնտրում X սոցիալական ցանցում։
17-04-2025 09:46 Բժիշկները բացատրել են, որ առավոտյան ուժասպառ վիճակը կարող է կապված լինել ոչ թե անկողնում անցկացրած ժամերի քանակի, այլ քնի ցիկլի կեսից արթնանալու հետ: Ամեն գիշեր մարդու ուղեղն անցնում է քնի մի քանի ցիկլերի միջով: Յուրաքանչյուր ցիկլ սկսվում է մակերեսային քնի ժամանակաշրջանից, այնուհետև անցնում խորը քնի, ապա վերադառնում մակերեսայինի: Այս ցիկլերից յուրաքանչյուրը տևում է մոտ 90 րոպե: Մարդը թարմացած է զգում, եթե արթնանում է այդ 90 րոպեանոց ցիկլերից մեկի ավարտին։
17-04-2025 09:43 Ձեռնարկատիրական ստարտափը հայտարարել է աշխարհում առաջին «սերմնահեղուկների մրցավազքի» մեկնարկի մասին։ Նմուշները կմրցեն Լոս Անջելեսում՝ բարձրացնելու տղամարդկանց պտղաբերության նվազման մասին իրազեկվածությունը: Այս անսովոր մրցույթը կազմակերպել է Sperm Racing-ը՝ երիտասարդ մագնատների և միլիոնատերերի խումբը, ովքեր հավաքել են ավելի քան 1 միլիոն դոլար՝ միջոցառմանը աջակցելու համար: Այն կկայանա ապրիլի 25-ին՝ Hollywood Palladium-ում՝ հազարավոր հանդիսատեսի աչքի առաջ, հայտնում է Traded.com-ը։
17-04-2025 09:36 Dior-ի հմայքը Ճապոնիայով սկսվել է 1950-ականներին հիմնադիր Քրիստիան Դիորից, և այժմ պատմությունը ողջունում է նոր գլուխ՝ Կիոտոյում Մարիա Գրացիա Կյուրիի շոուի միջոցով: Pre-fall 2025 հավաքածուն ցուցադրվել է կեռասի ծաղկման անցողիկ գեղեցկության ֆոնին' Կիոտոյի լեգենդար Տոջի այգու հանգիստ մթնոլորտում, որտեղ գտնվում են քաղաքի ամենահին տաճարներից մեկը և Ճապոնիայի ամենաբարձր փայտե պագոդան:
17-04-2025 09:02 Հոլիվուդյան նախկին աստղ Ամանդա Բայնսը, ով լքել է կինոարտադրությունը մի շարք սկանդալներից և կախվածության դեմ երկար պայքարից հետո, OnlyFans–ում հաշիվ է ստեղծել է: Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։ «Ես հենց նոր միացա OnlyFans-ին: Հրաժարում պատասխանատվությունից. այս հաշիվն ինձ հարկավոր է իմ երկրպագուների հետ շփվելու համար և մտադրություն չունեմ բաց բովանդակություն հրապարակելու», - գրել է 39-ամյա Բայնսը: