|
Հայտնի է «Միսս Տիեզերք 2026» մրցույթի հաղթողը
25.11.2026
«Միսս Տիեզերք» գեղեցկության հոբելյանական՝ 75-րդ, մրցույթն ընտրել է իր թագուհուն՝ հաղթող է հռչակվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը։
Այս գիշեր գեղեցկության բոլոր սիրահարների ուշադրությունը սևեռված էր էկրաններին, քանի որ Սան Խուանի Coliseo de Puerto Rico José Miguel Agrelot բեմահարթակում տեղի ունեցավ 75-րդ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչը: Թագի համար մրցում էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 116 մասնակիցներ:
Այսպիսով, 2026 թվականին «Միսս Տիեզերք» տիտղոսով թագադրվեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ջենիֆեր Բարետոն։

Անցյալ տարի հեղինակավոր տիտղոսը նվաճել էր մեքսիկացի Ֆատիմա Բոշը։ Հենց նրանից էլ նորընծա «Միսս Տիեզերքը» ստացավ գլխավոր մրցանակը և «Հավերժական ժառանգության փայլը» հոբելյանական թագը, որը ստեղծվել էր մրցույթի 75-ամյակի կապակցությամբ։ Բեմի վրա կանգնած՝ հաղթողը չկարողացավ զսպել արցունքները։

Մնացած մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին փոխ-միսս՝ Կլարա Վեգաս (Վենեսուելա) 2-րդ փոխ-միսս՝ Բեա Միլան-Վինդորսկի (Ֆիլիպիններ) 3-րդ փոխ-միսս՝ Մելիսա Նունյես (Դոմինիկյան Հանրապետություն)։
Մինչ աղջիկներից ոմանք տոնում են իրենց հաղթանակը, իսկ մյուսները՝ շնորհավորում, եկեք վերհիշենք, թե ինչպես անցավ 2026 թվականի «Միսս Տիեզերք» մրցույթը։ Ավանդաբար եզրափակիչը սկսվեց բոլոր մասնակիցների ներկայացմամբ։ Այնուհետև կիսաեզրափակչի մասնակիցները ցուցադրեցին լողազգեստներ և երեկոյան զգեստներ, իսկ վերջում մնացին եզրափակչի ընդամենը հինգ մասնակից, որոնցից ընտրվեց նոր «Միսս Տիեզերք»-ը։ Երեկոն վարում էին Մարիո Լոպեսը և 2022 թվականի տիտղոսակիր Ռ'Բոնի Գաբրիելը։
Կազմակերպիչները 75-ամյակի տոնակատարության սեզոնը բաժանեցին երեք հիմնական երեկոների: Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ ազգային տարազների ցուցադրություն, որտեղ մասնակիցները ցուցադրեցին իրենց երկրների մշակութային ժառանգությունը: Այնուհետև, նոյեմբերի 22-ին, տեղի ունեցավ նախնական մրցույթ, որը ներառում էր լողազգեստների և երեկոյան զգեստների մրցույթներ, ինչպես նաև դատավորների հետ փակ հարցազրույցներ: Հենց այս փուլում էլ ընտրվեցին կիսաեզրափակչի 40 մասնակիցները:
Այս տարվա «Միսս Տիեզերք» մրցույթը զերծ չմնաց սկանդալներից (դե՝ ինպես առանց դրանց): Հոբելյանական մրցաշրջանը եզրափակչին հասավ այնպիսի մթնոլորտում, որը արևմտյան լրատվամիջոցներն արդեն նկարագրել են որպես «լիակատար քաոս»:
Նախ, Հարավարևելյան Ասիայի կեսն այս տարի մնաց առանց ներկայացուցիչների։ Պատճառը կազմակերպիչների և ազդեցիկ թաիլանդցի գործարար Նավատ Իցարագրիսիլի միջև ծագած հակամարտությունն էր, ում պատկանում է ընտրություններ անցկացնելու իրավունքն Ինդոնեզիայում, Լաոսում, Մալայզիայում, Սինգապուրում, Վիետնամում և Թաիլանդում։ Ի նշան բողոքի՝ այս երկրները պարզապես մասնակիցներ չուղարկեցին։
Երկրորդ, խնդիրներ ծագեցին Միացյալ Նահանգներ մուտք գործելու թույլտվության հետ կապված։ Նեպալի և մի քանի աֆրիկյան երկրների մասնակիցները (ներառյալ Հարավային Սուդանի և Կոնգոյի Հանրապետության դեբյուտանտները) ստիպված էին հրաժարվել մրցույթից, քանի որ չկարողացան ամերիկյան վիզաներ ստանալ։
Երրորդ՝ «Միսս Ֆրանսիան» դեռևս մայիսին հետ կանչեց իր պատվիրակին՝ ի նշան անցյալ տարվա սկանդալի դեմ բողոքի, երբ ժյուրիի նախկին անդամ Օմար Հարֆուշը պնդում էր, որ Ֆատիմա Բոշի հաղթանակը նախապես «կազմակերպվել» էր «ժամանակավոր ժյուրիի» կողմից գաղտնի քվեարկության միջոցով։ Կազմակերպիչները հերքում են դա, բայց դառնությունը, ինչպես ասում են, մնում է։
Առանձին հարց է դատավորությունը։ Այս տարի կազմակերպիչները մինչև վերջ թաքցրին ժյուրիի անդամների անունները, իսկ անկախ աուդիտորները (ինչպիսին է Ernst & Young-ը), որոնք նախկինում հետևում էին քվեարկության հաշվարկին, ընդհանրապես անհետացան գործընթացից։ Մրցույթի երկրպագուներն ամբողջ աշխարհում հարց են հնչեցնում՝ արդյո՞ք քվեարկությունն արդար էր։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 25 անգամ
|