LN –ի հյուրասրահում է երգչուհի Սյուզան Մարգարյանը:
-Ի՞նչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար: Որո՞նք են Ձեր երջանկության բաղադրիչները:
-Կան հարցեր, որոնք չեմ ցանկանա առանձնացնել: Գոյություն ունեն անհատներ, որոնք ըստ իրենց գենետիկայի կամ բնավորության են մոտենում այդ հարցին: Կա կին, ում շատ բան է պետք, կամ' ընդհակառակը: Դեռ երիտասարդ տարիքից երազել եմ հասնել նրան, ինչին ձգտում եմ: Այնպես է ստացվել, որ շատ դժվարություններ հաղթահարելով, հասել եմ մասնագիտական վերելքի: Բայց այս ամենը կլիներ ոչինչ, եթե ես չունենայի հաջողություններ անձնական կյանքում. դա իմ ընտանիքն է, իմ զավակը... Սրանով ես ինձ համարում եմ երջանիկ: Երևի թե չկարողանայի այդ արտահայտությունը ասել լիաթոք, եթե անձնականում այսպես չստացվեր:
- Շոու բիզնեսում շատ քչերին է հաջողվում ամուր ընտանիք ունենալ: Ո՞րն է Ձեր' ամուր ընտանիք ունենալու գաղտնիքը:
-Չեմ կարծում, որ արել եմ հատուկ մտածված քայլեր: Ուղղակի ես ամուսնացել եմ այն մարդու հետ, որին սիրում եմ, ունեցել եմ զավակ, որին պաշտում եմ: Այն մարդը, ով իմ կողքին է, լիովին հասկացել ու աջակցել է ինձ, զգացել եմ «ամուր մեջք» ասվածը: Ընտանիքում ամեն մեկը իր ներդրումը պիտի ունենա: Ընտանիքը միայնակ կառույց չէ. պիտի լինի երկկողմանի:
-Կհիշե՞ք, թե ինչպես Հրաչյա Հարությունյանը Ձեզ առաջարկություն արեց:
-Մենք շատ ավելի երիտասարդ տարիքից էինք իրար ճանաչում, միասին սովորում էինք: Հետագայում Թատերական ինստիտուտ ընդունվեցինք, սկսեցինք շփվել որպես հին ծանոթներ: Հետո ամեն ինչ վերաճեց սիրո: Ճիշտն ասած, ես արդեն սպասում էի, գիտեի նրա զգացմունքների մասին:
-Շփոթվա՞ծ էիք:
-Հենց այդ պահին սպասողական հուզմունք կար: Նույնիսկ այդ պահին մտքումդ կրկնում ես նրա փոխարեն կազմած տեքստը: Ի՞նչ ձևով կասի, դու ի՞նչ պիտի պատասխանես: Իհա՛րկե, անմոռանալի ու թանկ հիշողություններ են:
-Հատուկ քայլ արե՞ց պարոն Հարությունյանը:
-Նրա բոլոր քայլերն այնքա~ն հատուկ են եղել: Նույնիսկ ընկերության տարիներից: Միշտ անակնկալներով լի:
-Դերասան, արվեստագետ և հմայիչ ամուսին ունենալը և՛ պարտավորեցնող է, և՛ նաև խանդի առիթ: Երբեմն նրան տեսնում ենք բաց տեսարաններում խաղալիս: Չե՞ք խանդում:
-Չէ՛, շատերի համար տարօրինակ է հնչում իմ խոսքը: Ես դրան վերաբերվում եմ որպես աշխատանքի: Կարևորն այն է, որ հենց ինքն է այդպես վերաբերվում: Իրենից է գալիս իմ հանգստությունը: Խանդը հիվանդոտ երևույթ է, պետք չէ տուրք տալ: Երբ վստահում ես այդ մարդկային տեսակին, հասկանում ու ըմբռնում ես աշխատանքը: Ես շնորհակալ եմ իրեն, որ առիթ չեմ ունեցել նման բանի մասին մտածելու. շատ ընտանիքների քայքայման պատճառ է դառնում այդ անիմաստ խանդը:
-Իսկ նա Ձեզ խանդո՞ւմ է:
-Կարծում եմ' նույն զգացողությունը նաև իր մոտ է: Մենք բեմի մարդ ենք, ու ունենք երկրպագուներ: Մենք գերհասկացողությամբ կարողացանք հասնել դրան: Շատ դեպքեր են եղել, երբ կարող էինք այդ խանդի պատճառով ուղղակի բաժանվել: Բայց երբ սիրում, ընդունում ու հասկանում ես, որևէ վտանգավոր իրավիճակ չի առաջանում:
-Սիրուշոյի ծննդյան օրը հիշո՞ւմ եք: Ի՞նչ զգացողություն ունեիք:
-Ոնց կարող եմ չհիշե~լ (ժպտում է- LN): Սիրուշոն երբ ծնվեց, ինձ թվաց, թե մի ամբողջ կյանք սպասել էի: Սա այն դեպքն էր, երբ «երջանկություն» բառը շատ քիչ էր: Դա այն պահն է, երբ քեզ միանգամից հասունացնում է, դարձնում է ծայրահեղ աստիճանի հոգատար, պատասխանատու:
-Հարցազրույցներից մեկում ասել եք, որ զղջում եք մեկ զավակ ունենալու համար, բայց այնուամենայնիվ շնորհակալ եք Աստծուն' նրա նման դուստր Ձեզ պարգևելու համար: Ո՞րն է Սիրուշոյի ամենամեծ առավելությունը, որ Ձեզ ստիպում է այսպես մտածել:
-Այնքան շատ են, որ չեմ կարողանա առանձնացնել: Սովորաբար այսպես է լինում. մեկ զավակի դեպքում երեխաները երես առած են լինում և այլն: Մեր տանը այդ խնդիրը երբեք չի եղել: Եթե լինեին էլի զավակներ, իր հոգսը կքչանար: Նա չի կարող հանգիստ գլուխը բարձին դնել, եթե գիտի, որ մեզնից մեկի հետ մի բան այն չէ: Շատ ազնիվ է և մեծ պատասխանատվություն ունի: Ունի մեծ լրջություն և հասունություն, չնայած երբեմն նաև մանկամտություն: Ոչ թե իմ զավակն է' գովում եմ, այլ դա այդպես է: Ես այսօր շատ-շատ հարցերում խորհուրդ եմ հարցնում նրանից: Չնայած եթե երեխան ներքուստ այդպիսին չէ, ծնողների արածը ոչինչ է:
-Սիրուշոյի դաստիարակության հարցում «գործի բաժանում» եղե՞լ է:
-Երբեք մեր տանը բաժանումներ չեն եղել: Սա էլ այն անխոս երևույթներից է, որի մասին մենք չենք բարձրաձայնել: Ես էլ, ամուսինս էլ երբեմն ամեն ինչ մեզ վրա էինք վերցնում: Մենք բոլորս իրար օգնելով ենք ապրում:
-Ասում են' աղջիկները ավելի շատ լսում են հայրերին, քան մայրերին: Ձեզ մոտ ինչպե՞ս է:
-Փոքր տարիքում ավելի շատ ինձ էր լսում, հիմա' հորը (ժպտում է- LN) : Նրանք շատ նման են բնավորությամբ, իրար կարողանում են հասկանալ նույնիսկ հայացքից: Միմյանց հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ է ստացվում: Մեծ հաճույք են զգում իրար հետ շփվելուց: Ինձ հետ էլ այլ նմանություններ ունի:
-Պարոն Հարությունյանի ընտանիքը ի՞նչ դեր է ունեցել Ձեր ընտանիքի կազմավորման գործում:
-Շատ մեծ: Նախ ասեմ' մենք մինչ օրս էլ շատ կապված ենք: Մինչև վերջերս միասին էինք ապրում: Հոյակապ մարդիկ են, լավ տատիկ ու պապիկ: Շատ հպարտ եմ ու ուրախ, որ Սիրուշոյի մեջ կա նրանց գենետիկան: Սիրուշոն կրում է տատիկի անունը: Չգիտեմ' աշխարհում նման տատիկ ու թոռնիկ կա, թե' ոչ. երկկողմանի մեծ սեր, նրանք պաշտում են միմյանց:
-Փետրվարին հայտարարեցիք «Սերն անցավ» երգի ռեմիքսի մրցույթ: Ի՞նչ փուլում են աշխատանքները:
-Ճիշտն ասած, տեղյակ չեմ: Այդ հարցով զբաղվում է Sirusho production-ը : Ես ձայնագրել տվել եմ, իսկ Սիրուշոն անակնկալների վարպետ է. սպասում եմ... Այ հենց այստեղ նա իր համբերությամբ շատ նման է հորը (ժպտում է - LN):
-Ռոբերտ Ամիրխանյանի «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի առաջին կատարողն էիք: Ի՞նչ զգացողություններով եք հիշում այդ իրադարձությունը:
-Ինձ համար շատ առանձնահատուկ էր: Մեծ արձագանք ունեցավ: Մտածում էինք, որ արևմտահայերենը որոշ առումներով անհասանելի էր: Մինչև այսօր սիրում են երիտասարդները, լսում:
-Դուետով հանդես եկաք Սիրուշոյի հետ «Օրոր» երգով: Փոքր ժամանակ ի՞նչ օրորոցայիններ էիք երգում նրա համար:
-Երբ որ ես ձայնագրեցի «Մութն ընկել է» երգը, Սիրուշոն դեռ ծնված չէր, նույնիսկ պլանում չկար: Երբ ես բալիկ պիտի ունենայի, մտածում էի' տեսնես մի քանի տարի ավել եթեր կգնա՞, որ Սիրուշոն էլ հասցնի լսել: Ստացվեց այնպես, որ նա 11 տարեկան էր, դեռ երգը եթերում հնչում էր: Նույնիսկ այդ երգի առաջին հատվածը նա երգել է 11 ամսականում. չեք հավատա, բայց դա այդպես է: Երգել եմ նաև Բարսեղ Կանաչյանի «Քուն եղիր, բալաս» և այլ երգեր: Երբ 2 տարեկան դարձավ, պարզվեց' հսկայական ռեպերտուար ունի, և տարբեր երգերից շարան էր կազմել:
-Տարիները Ձեր արտաքինը գրեթե չեն փոխել: Միշտ ժպտերես, հմայիչ Սյուզան Մարգարյան: Ո՞րն է գաղտնիքը:
-Իհարկե շնորհակալ եմ, որ ձեր աչքին չեմ փոխվում, բայց ես գիտեմ, որ մեծանում եմ և ինչքանով եմ փոխվում: Կյանքում կա մի բան, որ քեզ միշտ ուժ է տալիս: Եթե կորցնես արտաքին գեղեցկությունը, գոնե պահպանվի ներքինը: Ես պարտավոր եմ եռանդուն լինել:
-Ինչպիսի՞ն պիտի լինի կինը:
-Իրոք երջանիկ է այն կինը, ով սիում և սիրվում է: Կինը պիտի լինի այնպիսին, ինչպիսին իր կողքի տղամարդն է ուզում տեսնել: Պարզապես պիտի ճիշտ կողմնորոշվի:
- Սիրուշոյի անձնական կյանքի հետ կապված որոշումներում Ձեր միջամտությունը եղե՞լ է:
-Գրեթե ոչ, մենք վստահել ենք Սիրուշոյին: Մեր տանը չի եղել երբեք նման խնդիր:
-Իսկ ինչպե՞ս ընդունեցիք նրա ամուսնության որոշումը:
-Նորմալ: Ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում: Ծնողը երբեք դեմ չէ երեխայի ամուսնությանը: Իր երջանկությամբ մենք էլ ենք երջանկանում: Մենք էլ թեթև տարանք:
-Ինչպիսի՞ զոքանչ եք:
-Ես ի՞նչ ասեմ ( ծիծաղում է- LN): Կարծում եմ' փեսաս ինձնից չի դժգոհում: