Նանտում կայացած կինոփառատոնում ցուցադրվել է Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը
23.09.2021
ֆրանսիական Նանտ քաղաքի Katorza Cinema կինոթատրոնում անցկացված Kinorusse 2021 ռուսական ֆիլմերի փառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերի 11-ին ցուցադրվել է նաև Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում ընդգրված ֆրանսահայ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը։
Ցուցադրությունը կազմակերպվել է Նանտի Ֆրանկո-հայկական համայնքի նախաձեռնությամբ։
Նորա Մարտիրոսյանի ֆիլմը պատմում է ազգությամբ ֆրանսիացի Ալենի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետություն՝ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանի վերաբացման համար անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու նպատակով, պարզելու, թե որքանով է այն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Ալենը, որի կերպարը մարնավորել է ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինը, աշխատանքներին զուգահեռ իր համար բացահայտում է Արցախն իր մարդկանցով, հարուստ պատմությամբ ու մշակույթով, աշխարհագրական դիրքով պայմանավորված իր դժվարին ճակատագրով, ազատ ապրելու անկոտրում կամքով։


Ինչպես մեր զրուցի ընթացքում նշեց Նորա Մարտիրոսյանը՝ ֆիլմի գլխավոր հերոսը ոչ թե Ալենը կամ մյուս գործող կերպարներն են, այլ Ստեփանակերտի օդանավակայանը։ Այն խորհրդանշում է Արցախի՝ միջազգային հարթակներում ճանաչելի դառնալու պայքարն ու ապրեցնող հույսը։ Իսկ ֆիլմի միջոցով օտարերկրյա հանդիսատեսը հնարավորություն է ունենում տեղեկանալու Արցախի մասին, հասու լինում նրա պատմությանն ու ներկայիս մաքառումներին։
Կինոնկարի ցուցադրությանը ներկա էին ինչպես հայ համայնքի, այնպես էլ ֆրանսիացի բազմաթիվ հանդիատեսներ։ Կինոդիտման ավարտին ռեժիսորը պատասխանեց ներկաների հարցերին, կիսվեց ֆիլմի նկարահանման առանձնահատկությունների, իր հետագա ծրագրերի մասին։

Նախատեսված է առաջիկայում կինոնկարը ցուցադրել նաև Փարիզում՝ մեկ այլ կինոփառատոնի շրջանակներում։
Կինոթատրոնի նախասրահում կազմակերպվել էր նաև լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող լուսանկարներ։



Հիշեցնենք, որ Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության Ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել սույն թվականի մարտի 10-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։ Կինոնկարի փարիզյան պրեմիերան կայացել է 2020 թ․սեպտեմբերի 26-ին։
Լուսինե Զորյան Նանտ
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2166 անգամ
|