Ինչ անել, եթե մարտի 19-ին փողոցում շնորհավորեն ձեր Մարտի 8-ը
19.03.2012
Այս օրերին փողոցում աղջիկ խոսեցնելու ամենաակտուալ տարբերակը «Ձեր Մարտի 8-ը շնորհավոր»-ն է, եւ դա մենք կլսենք ապրիլի 7-ը ներառյալ: Եթե ձեզ հանդիպել են գոնե «Ձեր տոնը շնորհավոր» կամ «Ձեր միամսյակը շնորհավոր» տարբերակները, ուրեմն չի բացառվում' զտարյուն շնորհավորանք էր, ուղղակի փողոցում ստացվեց :)
Բայց սա դեռ խնդիրների խնդիրը չէ. ավելի մեծ խնդիր է, երբ օրվա վերջում պարզում ես' դա քո օրվա միակ «տոնական» կետն էր: Իսկ ողջ օրդ ամենասովորական հոգսերի, ամենականխատեսելի հարաբերությունների փակ շղթա էր:
Չեմ վիճի նրանց հետ, ովքեր կասեն' «հորինված բան է էս միամսյակը», «օֆիցիալ նման բան չկա»: Այո, իհարկե, ոչ մի օֆիցիալություն: Բայց արհեստական, թե բնական, օֆիցիալ, թե ոչ, տարվա մեջ ունենք առանձնահատուկ մեկ ամիս, սիրելի լեդիներ:
Առաջարկում եմ այն հայտարարել «պահքի» շրջան ինքներս մեզ համար. կամք դրսեւորեք եւ մեկ ամիս բոլոր օրերին «մի գայթակղվեք» վատ տեսք, վատ տրամադրություն, լարված հարաբերություններ, սովորական օր ունենալու հնարավորություններով…
«Օֆիցիալ» լինենք բազմակողմանիորեն գերազանց: Ասում են' նման պահքից դուրս ես գալիս կերպարանափոխված :)
Դեռ ժամանակ ունեք: Տոնի վերածեք Ձեր կամքը:
Տ.Մ. Դիտվել է 2350 անգամ
|