|
Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները
09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոնէ հնչում։
«Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։
Հնարավո՞ր է գտնել հավասարակշռություն սիրելի զբաղմունքի և կայուն եկամտի միջև
Հոգեբանները բացատրում են, թե ինչպես գտնել հավասարակշռություն հոգեհարազատ գործի և ֆինանսական հարցերի միջև։
Շատերն իրենց մտքում ունեն այն կատարյալ պատկերը, որտեղ մենք անում ենք հենց այն, ինչը մեզ ձգում է, որտեղ մենք իրացնում ենք մեր տաղանդները և դրա դիմաց մեծ գումարներ ենք վաստակում։ Հիանալի է հնչում, բայց միայն քչերն են այդպես ապրում։
Եվ այդ մակարդակին հասնելու ճանապարհը միշտ ավելի երկար է, քան թվում է կողքից։ Ինչո՞ւ։ Որովհետև անհնար է, որ մեր աշխատանքը 100%-ով մեզ դուր գա, և դա բնական է։
Նույնիսկ եթե մենք գտել ենք մեր կոչումը, այն երբեք բաղկացած չի լինի միայն ոգեշնչումից և հեշտությունից։ Միևնույն ժամանակ, դժվարությունը մասնագիտությունը չի դարձնում «սխալ»։ Այն դրան դարձնում է իրական։ Կարևոր է հասկանալ. երբեմն մենք կհոգնենք։ Երբեմն կարող է թվալ, թե ամեն ինչ սխալ է, կարծես ոչ ճիշտ մասնագիտություն ենք ընտրել։ Սակայն սա նշան չէ, որ մենք սխալ ուղով ենք ընթանում։ Սա նշան է, որ մենք կենդանի մարդիկ ենք, այլ ոչ թե միշտ ամենակարող առասպելական հերոսներ։
Ինչպես ունեցած հմտությունները կիրառել շուկայի պահանջարկներին համապատասխան

Երկրորդ տարածված սխալ պատկերացումն այն է, որ ներքին ձգողականությունն ավտոմատ կերպով համընկնում է շուկայի պահանջարկի հետ։ Այո, մեզ կարող են գրավել ստեղծագործականությունը, ոճավորումը, հոգևորը և օգնող մասնագիտությունները։ Սակայն շուկան գործում է իր սեփական փուլերի, պահանջարկների և առաջնահերթությունների համաձայն։ Երբեմն այն, ինչ մենք ուզում ենք անել, այս պահին պահանջարկ չունի։ Եվ եթե մենք հաշվի չառնենք այս գործոնը, կհայտնվենք մեր ցանկությունների և իրականության միջև եղած անդունդի մեջ։
Ոմանք կարծում են, որ իրենց ստեղծագործական կոչմանը չհետևելով՝ դավաճանում են իրենց։ Իրականում դա հասուն ունակություն է, երբ ապրում ես ոչ թե հեքիաթում, այլ իրականության մեջ։ Այստեղ գլխավորը հետևյալ հարցերի պատասխանը գտնելն է․ «ինչպե՞ս ստիպել շուկային ցանկանալ այն, ինչ ես սիրում եմ», «որտե՞ղ է իմ նախասիրությունը բավարարում մարդկանց պահանջմունքները»։ Հենց այս կերպ են ծնվում կայուն մասնագիտությունները։
Ինչպես հասկանալ հոբբիի և մասնագիտության միջև եղած տարբերությունը
Շատերին գրավում են գեղեցիկ և նորաձև ոլորտները՝ դիզայն, մարզչական աշխատանք, արվեստ, խորհրդատվություն, բլոգ վարել։ Սակայն գրավչությունը չի նշանակում հմտություն։ Մասնագիտությունը պահանջում է հմտություն, հետևողականություն և փորձ։ Հաճախ նախքան ցանկալի արդյունքին հասնելն անհրաժեշտ են տարիների ուսումնասիրություն, մարզումներ, սխալներ, հիասթափություններ, ճիշտ ձևաչափի որոնում և զարգացում։ Ձեր կարողությունների իրատես գնահատականը դեռևս երազանքի ավարտը չէ։ Այն դրա հասուն ձևն է։ Եվ երբեմն հնարավորություն՝ այն ապագայում իրականացնելու համար։
Ի՞նչն է իրականում երջանկություն բերում՝ փողը, թե՞ կոչումը

Այսպիսով, ի՞նչն է ավելի կարևոր՝ փողը, թե՞ կոչումը։ Հոգեբանության տեսանկյունից՝ դրանցից ոչ մեկն ինքնին երջանկություն չի բերում։ Երջանկությունն այն է, երբ քո աշխատանքն իմաստալից է քեզ համար, երբ զգում ես, որ աճում ես, երբ կարողանում ես ապահովել բարեկեցությունդ, երբ չես դավաճանում ինքդ քեզ, բայց նաև հրաշքներ չես սպասում տիեզերքից։
Երջանկությունը հասունության և ցանկության, կոչման և գործնականության, հետաքրքրության և կարգապահության համադրություն է՝ այն ամենի, ինչը սնուցում է հոգին և օգուտ է բերում աշխարհին։
Իրականում ինքներդ ձեզ տալու գլխավոր հարցը հետևյալն է. «Ինչպե՞ս կարող եմ գտնել կայուն հավասարակշռություն՝ անելու այն, ինչ սիրում եմ, և անելու այն, ինչը ինձ գումար է բերում»։
Այս հավասարակշռությունն առանձնահատուկ է յուրաքանչյուր մարդու համար։ Ավելին, այն կարող է փոխվել տարիքի կամ հանգամանքների հետ։ Բայց հենց այս հավասարակշռությունն է, այլ ոչ թե ոգեշնչման առատությունը կամ մեծ քանակությամբ փողը, որ կյանքն իսկապես երջանիկ է դարձնում։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 78 անգամ
Читать на русском
|