|
Հնդիկների պահանջով՝ Օլանդի ընկերուհին մի քանի օրով կդառնա Ֆրանսիայի առաջին տիկին
04.02.2013
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին՝ Վալերի Տրիերվեյլերը, Հնդկաստանի իշխանությունների պահանջով, մի քանի օրով կստանա Ֆրանսիայի առաջին տիկնոջ և նախագահի հարգարժան կնոջ բաղձալի կարգավիճակը, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականը նշում է, որ նման որոշման պատճառն Օլանդի՝ այս ամիս կատարելիք պաշտոնական այցն է Հնդկաստան, որի շրջանակներում Տրիերվեյլերին օրինական կնոջ կարգավիճակ է տրվելու չափից ավելի պահպանողական երկրի իշխանությունների հետ ավելորդ «խնդիրներից» խուսափելու նպատակով։
Հնդկաստանի իշխանությունները պահանջել են Օլանդից, որպեսզի նա այցի շրջանակներում միայնակ ժամանի իրենց երկիր՝ համարելով, որ նրա և Տրիերվեյլերի կապը մեղք է։ Ի վերջո կողմերը համաձայնության են եկել ՝ որոշելով, որ Տրիերվեյլերն օրինական կնոջ կարգավիճակով կուղեկցի ամուսնուն։
Ինչպես նշում է The Asian Age-ը, Օլանդի ընկերուհուն Հնդկաստանում կընդունեն պաշտոնական արարողակարգի համաձայն, որը կիրառվում է բոլոր նախագահների կանանց դեպքում։
Պարբերականը, որպես հիշեցում, նշում է 5 տարի առաջ տեղի ունեցած դեպքը, երբ այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեռևս ընկերուհի Կառլա Բրունիին Հնդկաստանի իշխանությունները թույլ չէին տվել նախագահին ուղեկցել հանդիպումների ժամանակ։ Արդյունքում, Բրունին մի քանի օր ստիպված է եղել միայնակ անցկացնել հյուրանոցի համարում։
tert.am Դիտվել է 3099 անգամ
|