Լյուդմիլա Զիկինայի կորած ադամանդներն աճուրդի են հանվել
22.02.2012
«Գելոս» աճուրդի տանը մարտի 3-ին կկայան երգչուհի Լյուդմիլա Զիկինայի թանկարժեք իրերի աճուրդը: Թվով 25 զարդերի նախնական գին է հաստատվել 200.000 դոլարը:
Այս լուրը տարածվելուն պես անհանգստության է մատնել 2009 թվականին վախճանված երգչուհու հարազատներին, նաև անվտանգության աշխատակիցներին. մինչ օրս երգչուհու հենց այս թանկարժեք իրերն էին կորած համարվում և փնտրվում: Դրանց գողացված լինելու հարցը բարձրացվել էր դեռևս 2009-ին, սակայն սկսված քրեական գործը երկու տարի անց կարճվել էր: «Գելոս» աճուրդի տնից հայտնել են, որ իրերն իրենց է ներկայացրել ինչ-որ «Լյուդմիլա Զիկինայի ֆոնդ». թե ինչ կազմակերպություն է դա, պարզ չէ: Երգչուհու ընկերներից ոմանք պնդում են, թե դա Զիկինայի զարմիկի' Սերգեյ Զիկինի ձեռքի գործն է: Վերջինիս փաստաբանը, սակայն, արդեն հայտնել է, որ իրենք էլ են ապշած կատարվածով, որ իրենց ֆոնդը այլ անունով է գրանցված' «Երգչուհի Զիկինայի հիշատակի ֆոնդ», և որ իրենք էլ են համարում' անօրինական է հրապարակային վաճառքի հանել այն, ինչ գողոն է համարվում:
Զիկինայի հարազատներն էլ հայտնել են ԶԼՄ-ներին, որ դատի են տալու այդ անհայտ ֆոնդի, հարկ եղած դեպքում' նաև աճուրդի տան աշխատակիցներին: Դիտվել է 2236 անգամ
|