Գունավորեք հագուստը տարվա ամենանորաձեւ թրենդով. master class
22.08.2012
Թեթև ու սահուն անցումներ մի գույնից մյուսին. սա այս տարվա թրենդներից մեկն է: Ընդ որում' անցում կատարել կարելի է ինչպես մեկ գույնի տարբեր տոներին, այնպես էլ' տարբեր համահունչ գույների:
Եթե ունեք վառ գրադիենտով որևէ հագուստ համադրեք այն առավել զուսպ գույների հետ, իսկ եթե գրադիենտը սև-սպիտակ է, կարող եք բացառություն անել ու համադրել այն վառ գույներով:
Այս տարի գրադիենտը հիմնականում անդրադարձավ շորտերի նորաձևության վրա: Նկարում պատկերված շորտերից դուք, որքան էլ զարմանալի է, կարող եք ստանալ սեփական ձեռքերով' կտրելով որևէ հին ջինսե տաբատ և զինվելով կտորեղենի ներկով: Փորձենք տեսնել, թե ինչպես են ստանում գրադիենտ, շապիկի օրինակով:
Մեզ պետք կլինի մեծ կաթսա գունանյութ պատրաստելու համար, կտորեղենի ներկ, տաք ջուր, աղ և քացախ:
Կտորեղենի ներկ կարելի է ճարել բազմաթիվ խանութներում, պարզապես հարցնել է պետք: Ներկի փաթեթի վրա պարտադիր կգտնեք գունանյութ պատրաստելու եղանակը: Ըստ գրվածի' պատրաստեք անհրաժեշտ լուծույթը:
Վերնաշապիկն անցկացրեք որևէ երկար ու ոչ պետքական փայտի վրա և դրա կեսը մտցրեք լուծույթի մեջ: Թողեք որոշ ժամանակ, ապա հանեք:
Հետո նորից մտցրեք լուծույթի մեջ, բայց արդեն ոչ այնքան խորը, որքան առաջին անգամ, այլ փոքր-ինչ ավելի ներքևից: Պահեք այդ հատվածը լուծույթում մի քիչ ավելի երկար ու կրկին հանեք:
Վերջում վերնաշապիկի ներքևի մասը մտցրեք լուծույթի մեջ և թողեք 5-10 րոպե:
Ուշադիր եղեք, որ գրադիենտը սահուն ստացվի, գույները հավասարաչափ անցնեն բացից մուգի: Եթե նկատեք, որ կտրուկ անցում է ստացվել, վերնաշապիկը մտցրեք լուծույթի մեջ այդ գծից փոքր-ինչ վերև և թողեք, որ գույները խառնվեն:
Երբ ստանաք անհրաժեշտ գրադիենտը, լվացեք վերնաշապիկը սառը ջրում' ավելացնելով մի քիչ քացախ: Լվացեք մինչև ջրի թափանցիկ դառնալը:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 13292 անգամ
|