Այս աշուն թրենդային կլինի փայլը. ՖԱԻՆԱ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
20.08.2012
Նորաձեւության, ոճի, գրագետ հագնվելու, այս աշնան թրենդային գույների մասին՝ դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ LN-ի զրույցում:
- Համոզված եմ, որ երեւանյան փողոցներով քայլելիս միշտ թեկուզ աչքի տակով նկատում ու գնահատում ես անցորդների հագուկապը: Քո գնահատմամբ, ինչպե՞ս են լեդիները հագնվում մեր քաղաքում, ի՞նչ միտումներ ես տեսնում նորաձեւության մեջ:
- Ինչպես յուրաքանչյուր երկրում, մեզ մոտ էլ տարբեր կանայք կան՝ տարբեր ճաշակներով եւ հնարավորություններով: Հայ աղջիկները երբեմն շատ են նորաձեւությանը տրված, երբեմն՝ լրիվ հակառակը՝ անխնամ… Բայց հիմա միտում եմ նկատում ավելի ճաշակով հագնվելու, գեղեցիկ, խնամված տեսք ունենալու:
- Նորաձեւության մասին մինչեւ հիմա ասված մտքերը կարծես քիչ են թվում ժամանակակից դիազայներներին. նրանք միշտ նոր բան ունեն ավելացնելու… Այդ տեսանկյունից, ի՞նչ է քեզ համար նորաձեւությունը:
-Նորաձեւությունը… Ինձ ավելի շատ դուր է գալիս խոսել ոճի մասին՝ որպես ինքնարտահայտման ձեւի…
- Made in Armenia հագուստները, ըստ քեզ, արդեն իրականությո՞ւն են: Որքանո՞վ է մատչելի եւ որակյալ հայկական արտադրանքը:
-Made in Armenia... Իհարկե, ես հագուստ եմ վաճառում հենց այդ գրառմամբ: Գինը, կարծում եմ, մատչելի է, իսկ որակը… Եթե ինձ մոտ վերադառնում են նորից ու նորից, նշանակում է՝ լավն է:
-Երեւանում վերջին շրջանում տարածված երկար շրջազգեստները ասոցացվում են քո ոճի հետ: Համամի՞տ ես: Քեզ ինչո՞ւ է դուր գալիս այդպես հագնվելը:
-Եթե նկատել եք, այս սեզոն ես քիչ եմ հագել երկար կիսաշրջազգեստ: Այն ժամանակ, երբ դեռ շատերը չէին հագնում, ես հաճախ էի լինում երկար կիսաշրջազգեստով, երեւի դրանից են նման ասոցիացիաներ… Երկար շրջազգեստներով, կիսաշրջազգեստներով ինձ հարմարավետ եմ զգում, միեւնույն ժամանակ՝ կանացի:
- Զգեստապահարանը ձեւավորելիս ի՞նչ սկզբունքներով խորհուրդ կտաս առաջնորդվել կանանց: Մի՞շտ է նորաձեւ հագնվելը կապվում մեծ միջոցների հետ:
- Իհարկե, գումարը մեծ դեր է խաղում: Բայց կարելի է գրագիտորեն ստանալ սեփական բազային հավաքածուն եւ տարբեր աքսեսուարների օգնությամբ մշտապես խաղալ ոճի հետ:
- Նորաձեւության ամենամեծ «գյուտը» կնոջ համար, ըստ քեզ:
- Հավանաբար տաբատն է:
- Այս աշունն ի՞նչ գույների մեջ կլինի: Ի՞նչն է թրենդային:
- Գույներից նորաձեւ կլինեն դասական սեւն ու կարմիրը: Նաեւ մեղմ երանգներ՝ սեխի, նարդոսի գույները, բացի այդ՝ նարնջագույնը, վառ դեղինը: Եվս մեկ թրենդ է փայլը…
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5762 անգամ
|