Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես միշտ պիտի երգեմ, ինչ էլ դա արժենա. ՊԱՏՐԻՍԻԱ ԿԱՍ

28.05.2012

Նրա համար երաժշտությունն ամեն ինչ է: Երգելու համար նա անգամ կիսատ է թողել կրթությունը: Երաժշտությունը նրա կյանքում փոխարինել է կորցրած մորը, անգամ, անձնական կյանքին: Նրա խռպոտ ձայնը, փոփ-արվեստի ու ջազի խառնուրդ երգերը աշխարհին են հայտնի: Նա ֆրանսուհի «մադմուազելն է, որ բլյուզ է երգում» («Mademoiselle chante le blues») , նա Պատրիսիա Կասն է:

Պատրիսիա Կասը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում: Ամենափոքրն է ֆրանիսիացի Ժոզեֆի ու գերմանուհի Իրմգարդի բազմազավակ ընտանիքում (ունի 5 եղբայր, մեկ քույր):
Ընտանիքն ապրել է ծայրահեղ աղքատության մեջ: Երբ Իրմգարդը հղիացել է 7-րդ անգամ, երազել է աղջկա մասին, որոշել է անունը դնել Պատրիսիա' ի պատիվ սիրելի դերասանուհու'Գրեյս Պատրիսիա Կելիի:

Լույս աշխարհ եկած Պատրիսիան չկրկնեց իր անվանակցի 'աշխարհահռչակ դերասանուհու ուղին: Ի սկզբանե նա ավելի շատ «խուլիգան» տղայի էր նման, քան աղջկա, բայց մայրը վստահ էր' Պատրիսիան, ով արդեն այդ ժամանակ լավ ձայնային տվյալներ ուներ, կդառնա հայտնի ողջ աշխարհին, կպսակվի փառքով և օրերից մի օր դուրս կբերի իրենց ճնշող աղքատությունից:

Այն մասին, որ իրենց քաղաքում անցկացվելու է փոքրիկ տաղանդների մրցույթ, Իրմգարդն առաջիններից էր իմացել ու միանգամից որոշել էր' Պատրիսիան պիտի մասնակցի: Շաբաթներ էին անցել փորձերի մեջ, իսկ մրցույթի գիշերը ո'չ մայրը, ո'չ էլ աղջիկը աչք փակել չէին կարողացել: «Մի հուզվիր, մամ, դու ուզում էիր, որ ես պայքարեմ: Ես կպայքարեմ: Ամեն ինչ կստացվի»,- ասել էր գիշերը Պատրիսիան:

Մրցույթին ելույթ էին ունենում 4-14 տարեկան, գեղեցիկ զգեստներով փոքրիկներ, ովքեր կատակում էին, խաղեր խաղում, երբ հանկարծ հայտարարվեց 11-րդ համարի անունը' փոքրիկ Պատրիսիա: Բոլորը սպասում էին ժանեկազարդ աղջկական զգեստով հրաշքի, երբ բեմում հայտնվեց «մի անճոռնի ճուտիկ»' տղամարդու տաբատով և հսկայական գլխարկով: Զարմանքը մեծացավ, երբ աղջիկ «Գավրոշը» խռպոտ, բայց զգացմունքային ձայնով, առանց տեղից շարժվելու, մաքուր գերմաներենով սկսեց երգել հայտնի հիթերից մեկը' «Լիլի Մարլենը»:

Դահլիճը պայթեց ծափահարություններից, իսկ փոքրիկ Պատրիսիան վազեց բեմի հետևում իրեն սպասող մոր գիրկը: Բառերն ավելորդ էին: Իրմգարդը տեսնում էր իր երազանքների կատարումը: Հետո նա շարունակեց պնդել, որ աղջիկը թողնի ամեն ինչ ու երգի: 9-րդ դասարանում Պատը ընդհատեց ուսումը ու սկսեց երգել գարեջրատներում' երկար ժամանակ չհամակերպվելով այն մտքի հետ, որ հարբած այցելուները մեծ հաշվով թքած ունեին իր կատարումների վրա:

Հենց գարեջրատանը նրան նկատեցին բլյուզ երգող մի խմբի անդամները և առաջարկեցին տեղափոխվել Սաարբրյուքեն' «Ռոմի գետ» ակումբում երգելու: Պատը համաձայնեց:

Նույն ժամանակ էր, որ հայտնի պրոդյուսեր Բերնար Շվարցը գործերի բերումով հայտնվեց Սաարբրյուքենում: Նրա համար այդ վայրն իսկական ճահիճ էր: Միակ տեղը, որտեղ կարելի էր փոքր-ինչ մարդավարի հաց ուտել, նրա ատելի «Ռոմի գետ» -ն էր: Հենց այնտեղից էր մի անգամ ճաշն ավարտելուց հետո շտապում դուրս թռչել Բերնարը, երբ ուղղակի գամված մնաց աթոռին: Ինչ-որ մեկը երգում էր հայտնի Լայզայի երգերը, ոչ ավելի վատ և, սատանան տանի, գուցե ավելի լավ, քան հենց ինքը' Լայզան: Առաջին բանը, որ մտածեց Բերնարը, այդ նոր տաղանդին ճահճից մեծ բեմ բարձրացնելն ու նրա միջոցով իր դիրքերն ամրապնդելն էր:

Ելույթից հետո Պատրիսիան հանդերձարան գնաց: Այնտեղ նրան, ինչպես միշտ, սպասում էր Քրիստոֆը' մի հասարակ տղա, ով խենթի պես սիրում էր Պատրիսիային: Նա նորից սկսեց հյուսել վառ ապագայի լեգենդը, թե ինչպես իրենք կամուսնանան ու թե ինչքան երջանիկ կլինեն: Իսկ Պատի մտքին անգամ չկար ամուսնանալ Քրիստոֆի հետ. վստահ էր, որ ավելիին է արժանի ու արդեն սովորել էր անգամ չլսել տղային, երբ վերջինս խոսում էր: Հենց այդ պահին դուռը թակեց ու արդեն շեմքից Փարիզը գրավելու առաջարկ արեց Բերնարը: Չնայած Քրիստոֆի վախվորած հայացքին' Պատը համաձայնեց:

Գրավել Փարիզը միանգամից չստացվեց: Առաջին սինգլը' «Խանդոտը», անհաջողություն ունեցավ, բայց Բերնարը չէր հուսահատվում. «Ոչինչ, փոքրիկս, Մարլեն Դիտրիխի ու Էդիտ Պիաֆի ձայնով չես կորչի: Քեզ ուղղակի հիթ է պետք»: Պատրիսիան կատաղում էր այդ համեմատությունից. «Բավական է ինձ նրանց հետ համեմատես: Ես բնավ էլ ավելի վատը չեմ ու կապացուցեմ դա քեզ էլ, մյուսներին էլ»:

Եվ նա ապացուցեց: Խթանը, որքան էլ դա դաժան է հնչում, դարձավ մոր մահը: Այո', կորցնելով ամենահարազատ մարդուն, Պատը սկսեց մտածել միայն նրա մեծ երազանքը կյանքի կոչելու մասին:
«Մադմուազելը բլյուզ է երգում» հիթը թողարկվեց անմիջապես Իրմգարդի մահից հետո: Բոլոր թերթերն սկսեցին գրել նոր աստղի հայտնության մասին:

Չափահաս դառնալու օրը' դեկտեմբերի 5-ին, Պատրիսիան առաջին անգամ դուրս եկավ Ֆրանսիայի ամենամեծ բեմ' «Օլիմպիա»: Դա մեծ հաջողություն էր, որից հետո Պատը մտածում էր միայն մի բանի մասին' գտնել Բերնարին, գրկել ու ասել այն, ինչ այդքան ժամանակ թաքցրել էր, որ սիրում է նրան, նրան, ով իրեն հանեց փոսից ու դարձրեց մեծ երգչուհի: Նա վազեց ուղիղ Բերնարի գիրկը ու հազիվ կարողացավ արտաբերել. «Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ»: Սիրելի տղամարդու պատասխանը իջեցրեց նրան երկնքից երկիր: Բերնարը թեթևակի խփեց նրա այտին ու ասաց. «Լավ երգեցիր, ապրես: Դե դուք այստեղ նշեք, իսկ ես տուն պիտի գնամ: Կինս սպասում է, փոքրս այսօր իրեն լավ չէր զգում»:

Քրիստոֆի մոտոցիկլետը սլանում էր Փարիզի փողոցներով: Պատրիսիան անընդհատ խնդրում էր ավելի արագ վարել: Արագությունը մոռանալ էր տալիս վիրավորանքը: Նրանք վթարի ենթարկվեցին: Քրիստոֆը այդպես էլ մահացավ' շան պես հավատարիմ Պատին: Իսկ վերջինս միայն քթի ջարդվածք ստացավ:
Հիվանդանոցից բոլորի սիրելի խուլիգան Պատի փոխարեն դուրս եկավ բոլորովին այլ մարդ: Նա խզեց պայմանագիրը Բերնարի հետ: Այդուհետ բեմ էր դուրս գալիս ոչ թե «անճոռնի ճուտիկ», այլ մի հոյակապ «սև հովազ», սեքսուալության կատարյալ խորհրդանիշ, ում տեսնելիս տղամարդիկ թեթև դող էին զգում:

Բերնարից ստացած վիրավորանքը Կասին 180 աստիճանով փոխեց: Նա հասկացավ, որ այդուհետ ապրելու է միայն կարիերայի համար: Տխուր դասը նրանից խլեց սիրահարվելու ցանկությունը:

Պատրիսիայի նոր ոճը առավել տարածեց նրա անունը Ֆրանսիայով մեկ: Բոլորը միայն նրանից էին խոսում: Անցավ որոշ ժամանակ, ու ֆրանսուհիների սրտի տիրակալ Ալեն Դելոնը ցանկացավ տեսնել այդ հրաշքին, ում մասին խոսելով էր շնչում ժամանակի Ֆրանսիան: Ալեն Դելոնը տոմս գնեց ու գնաց համերգին: «Մադմուազելը բլյուզ է երգում» երգի հենց առաջին ակորդների ժամանակ, երբ լույսերը բեմում ուրվագծեցին Պատրիսիայի ուրվագիծը, Դելոնը հասկացավ, որ արդեն վաղուց ոչ մի կին իր սրտին այդպես չէր դիպել:
Քիչ անց, երբ Դելոնը գեղեցիկ շարժումով բերած ծաղկեփունջը դրեց Պատրիսիայի ոտքերի տակ, հազիվ կարողացավ արտաբերել. «Ճաշե՞նք միասին»:

Ռեստորանում Պատրիսիան ասես անզգայացել էր, նա խմում էր թանկ կարմիր գինին այնպես, ինչպես գարեջուր կխմեր, գցում էր պատառաքաղը, ջարդում բաժակը: Նա չէր կարողանում հավատալ, որ սիրահարված հայացքով իրեն նայողն իրոք ժամանակի ամենագեղեցիկ տղամարդն է՝ ինքը' Ալեն Դելոնը: Պատրիսիան պլաններ չէր կազմում, այլ միայն վայելում էր պահը:

Իսկ այդ ամենագեղեցիկ տղամարդը իրոք սիրում էր Կասին և հանուն նրա ամեն ինչի պատրաստ էր: Երբ Պատրիսիային հանձնեցին «Տարվա ձայն» տիտղոսը, Դելոնը հաղորդավարն էր. փոխանակ նախատեսված տեքստի, նա ի լուր աշխարհի գոռաց. «Հիմա դուք կտեսնեք մադմուազել Կասին: Նա աստվածային գեղեցկությամբ օժտված կին է և մեծ երգչուհի: Ես սիրում եմ նրան»:


Փարիզը շոկի մեջ էր: Ինչպիսի ազնիվ անամոթություն: Ախր Դելոնին տանը սպասում էր հղի ընկերուհին' հոլանդուհի Ռոզալին:

Պատրիսիան վախեցավ: Նա չէր ցանկանում, որ ավելորդ աղմուկ բարձրանա. դա կարող էր վնասել իր կարիերային: Պատը սկսեց մերժել Դելոնին, չգնալ ժամադրություններին, հետ ուղարկել ծաղիկները, իսկ ավելի ուշ ուղղակի երգեց իր մերժման մասին' «Ես քեզ Դուք եմ ասում»: Բաժանումը ծանր էր եկուսի համար էլ: Պատրիսիան նորից մենակ մնաց:

Նրա կարիերան աճում էր անասելի թափով, իսկ մենակությունն ու թախիծը նրա աչքերում աշխատում էին հօգուտ խորհրդավոր կնոջ կերպարին: Հերթական համերգից առաջ Պատրիսիան արդեն պատրաստվում էր բեմ դուրս գալ և վերջին անգամ իրեն հայելում էր նայում, երբ իր արտացոլանքի կողքին տեսավ տղամարդու լայն ժպիտ: Նրա հետևում կանգնած էր բելգիացի կոմպոզիտոր Ֆիլիպ Բերգմանը: «Դուք ո՞վ եք: Ի՞նչ եք ուզում»,-շփոթվեց Պատրիսիան: Ի պատասխան հնչեց. «Ֆիլիպ Բերգման, ուրախ եմ ծանոթության համար»: Նրանք մեկ րոպե լուռ նայեցին իրար, հետո սկսեցին ծիծաղել: Պատրիսիան արդեն բեմ էր վազում, երբ Բերգմանը հետևից գոռաց. «Եկեք զբոսնենք համերգից հետո: Ես կգամ Ձեր հետևից»:

Նրանք զբոսնեցին, համբուրվեցին… Ֆիլիպը միշտ նրա կողքին էր: Նա Պատրիսիայի համար անգամ մորը փոխարինեց: Եթե առաջ փոքրիկ Պատը երգելուց հետո մոր գիրկն էր վազում, ապա այժմ վազում էր Ֆիլիպի ամուր ձեռքերի մեջ: Նրանք անբաժան էին: Բերգմանը ամեն կերպ հարմարվում էր Կասի գրաֆիկին, անվերջանալի շրջագայություններին, բայց մի օր նա սկսեց պնդել, որ ամուսնանալու և երեխաներ ունենալու ժամանակն է: Պատրիսիան միայն այդ մտքից քիչ մնաց խելագարվեր' իսկ բե՞մը: Նա վախեցավ թողնել գործը ու հրաժարվեց: Ֆիլիպը այլևս չէր դիմանում: Նա դարձավ առաջին տղամարդը, ով լքեց Կասին. «Այս կինը քարից է: Նա կախվածություն ունի կարիերայից»: Հեռացող Բերգմանի հետևից Պատրիսիան գոռաց. «Ես մի'շտ պիտի երգեմ… Լսու՞մ ես… Ինչ էլ որ դա արժենա»:


Իսկ արժեքը անասելի մեծ էր ու թանկ նստեց Կասի վրա: Նա այժմ մենակ է: Երգում է, բայց ինքն էլ գիտի, որ այլևս հնարավոր չէ կրկնել 90-ականների բումը: Կասը մի քանի անգամ պապարացիների տեսախցիկի առաջ է հայտնվել ամուսնացած տղամարդկանց հետ, բայց ո՞վ կհամաձայնի կորցնել ընտանիքն ու երեխաներին հանուն մի կնոջ, ով կարիերային է զոհել ամեն բան, անգամ, իսկական ու մաքուր զգացմունքները:

Նա դատապարտել է իրեն միայնության: Ասում են' ուզում է երեխա ունենալ, բայց փոքիրիկի փոխարեն ամենուր հետն է տանում արջուկին, որ մահից առաջ թողել է մայրը, իսկ տանը նրան սպասում է շունը' Տեկիլան, որին Կասը խնամում է ու սիրում, ինչպես հարազատին:

Փողն ընդամենը հեշտացնում է կյանքը, բայց այն դեռ երջանկություն չէ, քանի որ իսկական երջանկությունը չի գնվում:

Երգել նշանակում է բեմ բարձրանալ, գայթակղել հանդիսատեսին, էներգիան թափել դահլիճ, դառնալ հռչակավոր:

Ինձ համար ամենակարևորը ազատությունն է: Ես չեմ պատկանում որևէ մեկին, այլ միայն ինձ:

Միակ բանը, որ սազում է անխտիր բոլորին, սերն է:

Գեղեցիկ ձայնը հրաշքներ է գործում:

Գեղեցկությունը դեռ բնավ էլ երջանկություն չէ: Երջանկությունը սիրված լինելն է:

Ժամանակակից կնոջը չեն բավականացնում կանացիությունն ու հմայքը, իսկ ժամանակակից տղամարդուն' էլեգանտությունն ու լավ վարվելակերպը:

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 9849 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են վոկալ տաղանդի բացակայության համար և խորհուրդ տվել «թոշակի անցնել»

13.11.2026
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը համացանցում ծաղրի է ենթարկվել իր նոր՝ «Սիրո ապացույց» երգը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Բիլթ Թաուն հրապարակում ներկայացնելուց հետո:

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1602 անգամ
17.11.2026
Դիտվել է 434 անգամ
18.11.2026
Դիտվել է 406 անգամ
20.11.2026
Դիտվել է 281 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster