|
Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը
08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։ Նրանք գիտեին, որ կային երկու Աֆրոդիտեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր սեփական տունը և իր ուրույն երջանկությունը։ Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։
Առաջին Աֆրոդիտեն երջանիկ էր իր ունեցածով։ Նա ուներ սիրող ամուսին, երեխաներ և հարուստ ու խնամված տուն։ Վերջինս լի էր գեղեցիկ ու օգտակար իրերով, և այն շատ հարմարավետ էր։ Այնտեղ միշտ հնչում էր ներդաշնակ երաժշտություն, և օդը լցված էր նուրբ բույրերով։ Տանտիրուհին իրեն նվիրվում էր ասեղնագործությանը, իր ընտանիքի համար համեղ ուտեստներ պատրաստելուն և հյուրեր ընդունելուն։ Նրա զգեստներն աչքի էին ընկնում բազմազանությամբ, բայց բոլորն ընտրված էին անթերի ճաշակով։ Նման տանը ուզում էիր մնալ և երբեք չհեռանալ. թվում էր, թե այնտեղ կար կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ։
Երկրորդ Աֆրոդիտեի տունը գտնվում էր բլրի գագաթի սրբազան պուրակում և շատ ավելի համեստ էր։ Մուտքի մոտ գտնվող զոհասեղանի վրա վառվում էր սրբազան կրակ, իսկ դրա միակ կահավորանքն աստվածների մի քանի արձաններ և առասպելներից տեսարաններ պատկերող որմնաքանդակներ էին։ Փոխարենը տունը շրջապատված էր բույսերով ու ծաղիկներով, և վայրի կենդանիներն անվախ մոտենում էին դրա պատերին։ Շուրջբոլորն ամեն ինչ, կարծես, ձգվում էր դեպի երկրորդ Աֆրոդիտեի տունը՝ այն ընկալելով որպես կյանքի և պաշտպանության աղբյուր։
Տիրուհուն տանը կարելի էր գտնել միայն լուսաբացին՝ զոհաբերության ժամանակ կամ ուշ երեկոյան։ Մնացած ժամանակ նա անցկացնում էր քաղաքում՝ հոգ տանելով երեխաների դաստիարակության, հիվանդների առողջության մասին և երիտասարդ կանանց սովորեցնելով կյանքի ճանապարհի գաղտնիքները։
Աֆրոդիտեներից յուրաքանչյուրը երջանիկ էր յուրովի և պատրաստ էր կիսվել իր երջանկությամբ բոլոր կանանց հետ։ Վերջիններս պետք է ընտրեին, թե կանացի երջանկության որ տեսակն էր իրեն ամենից շատ համապատասխանում։
Եվ գրեթե ոչ ոք չգիտեր, որ Աֆրոդիտեն իրականում մեկն էր։ Նա պարզապես տարբեր բնակատեղիներ ուներ։
Սիրելի լեդիներ, շնորհավոր գարնանային ձեր տոնը։ Թող որ գտնեք ու պահպանեք ձեզ համապատասխան երջանկությունը։
LADYNEWS.am Դիտվել է 808 անգամ
Читать на русском
|