«Forbes» ամսագրի վերջերս հրապարակած վարկանիշային աղյուսակում, ուր տեղ են գտել «անարժան» հայտնիները, ովքեր հաճախ են հայտնվում հեռուստաէկրաններին և մամուլում, առաջին հորիզոնականն է գրավել Քիմ Քարդաշյանը: Հարցման մասնակցածների 65 %-ի կարծիքով նա, արժանի չլինելով հանրության կողմից մեծ ուշադրության, միշտ գտնվում է իրադարձությունների կենտրոնում:
Արժանի է, թե ոչ, փաստ է, որ հայկական արմատներ ունեցող Քիմ Քարդաշյանն այսօր աշխարհի ամենահայտնի մարդկանց ցանկում է ու դա հաճախ օգտագործում է նաև ի շահ Հայաստանի: Ու, բացի դա, նա գիտի իր անձի նկատմամբ նման վերաբերմունքի մասի, և դա նրա կյանքում ոչինչ չի փոխում. «Նրանք իրենց կարծիքն ունեն իմ մասին. հետո՞ ինչ: Չէ՞ որ չունեն ոչ մի փաստ»:
Դերասանուհի, ֆոտոմոդել, «խնջույքների տիրուհի» Քիմ Քարդաշյանը (Քիմբերլի Նոել Քարդաշյան) ծնվել է 1980 թ-ի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում:
Ինքն իր մասին ասում է, որ կիսով չափ հայուհի է (քառորդը' Թուրքիայի հայ, քառորդը' Ռուսաստանի), ևս մեկ քառորդով շոտլանդուհի է, մյուս քառորդով' հոլանդուհի. (So it turns out I am half Armenian (a quarter Turkish and a quarter Russian) and a quarter Scottish and a quarter Dutch):
Քիմ Քարդաշյանը հայտնի հայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ու Կրիս Ջենների դուստրն է: Մայրը, ով այժմ Քիմի մենեջերն է, 1989-ին բաժանվել է Ռոբերտից ու 1991-ին ամուսնացել թեթևատլետ Բրյուս Ջենների հետ: Քիմը դեռ մանկուց երևացել է հեռուստաէկրաններին' մի տևական ժամանակ աշխատելով հոր գովազդային գործակալությունում: Սակայն հայտնի դառնալու ճանապարհին առաջին քայլերը նա արել է' նկարահանվելով Քարդաշյանների «Keeping Up with the Kardashians» ռեալիթի-շոուում: «Ես միշտ չեմ այսքան ինքնավստահ եղել, բայց տարիների հետ մեծացել եմ իբրև անձ, իմ անհատականությունն աճել է», - մի առիթով ասել է նա:
Հետո Քարդաշյանն ու քույրերը' Կորնին ու Հլոեն, նկարահանվեցին բազմաթիվ այլ շոուներում, սերիալներում, Քիմը մերկ լուսանկարվեց Playboy ամսագրի համար, և ստացվեց այնպես, որ միայն 2010 թվականին նրա եկամուտը կազմեց 6 մլն դոլար, որի տասը տոկոսը նա տրամադրեց բարեգործության:
Առհասարակ նրա բոլոր գործերն այսպես կամ այնպես պտտվում են ընտանիքի ու, հատկապես, քույրերի շուրջը: Պատահական չէ, որ նա մի առիթով ասել է.«Ընտանիքն ամենակարևորն է, ավելի կարևոր, քան փողը»:
«Kourtney and Kim Take New York» շոուի համար նա ձայնագրեց «Jam (Turn It Up)» սինգլը, որն արժանացավ բացառապես բացասական գնահատականի, իսկ Քարդաշյանին անվանեցին ռեալիթի-հեռուստաեթերի վատագույն երգչուհի:
Այնուամենայնիվ նա իր քույրերի հետ այսօրվա ռեալիթի եթերի անժխտելի աստղերից է, քանի որ, ինչպես ինքն է ասում, «այդ եթերների ժամանակ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք իրականում»:
Այժմ Քարդաշյան քույրերն ունեն խանութների ցանց՝ D-A-S-H անվամբ: 2010 թվականին նրանք թողարկեցին իրենց բույրը' Kim Kardashian անվամբ, որի մեկ տուփն սկզբում արժեր 65 դոլար: Հատկապես երկար էր Քիմն աշխատել օծանելիքի դիզայնի վրա:
Նույն տարում քույրերը թողարկեցին զարդեղենի մի ողջ հավաքածու: Իր պաշտոնական կայք էջում Քիմը գրեց, որ զարդերի ստեղծման հարցում իրենց ներշնչել է հարազատ Հայաստանը. «Հայկական մշակույթը մեզ համար շատ կարևոր է, և այս զարդերի միջոցով փորձել ենք շեշտել այդ փաստը»:
2010-ն առհասարակ շատ բեղումնավոր ստացվեց: Հենց այդ թվականին Քիմ Քարդաշյանի արձանիկը տեղադրվեց Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարանում:
Անձնական կյանքում Քիմը դեռ որոնումների մեջ է: Շատերին պարզապես հոգնեցնում են նրա անընդմեջ ամուսնություններն ու բաժանությունները, որոնց թվով Քիմը ռեկորդակիր է. դեռ մի տղամարդու հետ հարաբերությունները չավարտած'մամուլը գտնում է նրան մեկ ուրիշի կողքին:
Անգամ չփորձելով հաշվել մինչ առաջին ամուսնությունն ունեցած ընկերներին' փաստենք, որ 2000 թվականին Քիմ Քարդաշյանն ամուսնացավ պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ:
Ամեն ինչ ավարտվեց 4 տարի անց: Ամուսնալուծությունից հետո Քիմը մի երկար գործընթաց սկսեց' մեղադրելով նախկին ամուսնուն բռնության մեջ: Նա հայտարարեց, որ Թոմասը ոչ միայն ծեծել է իրեն, այլև ստիպել է կիսատ թողնել կրթությունն ու խզել հարաբերությունները ընտանիքի անդամների հետ' համոզելով, որ քույրերն ու մայրը «չարիք» են: Սակայն Թոմասի պատասխանը չուշացավ: Նա իր հերթին մեղադրեց Քիմին ստախոսության ու դավաճանությունների մեջ. «Նա կորցրել է իրեն փառքի մեջ: Խանդոտ է ու իր ուզածին հասնելու համար կանցնի ցանկացած մեկի' անգամ հարազատ քույրերի վրայով: Քիմն իրականում չգիտի ո'չ երգել, ո'չ պարել, ո'չ գրել… Սա է պատճառը, որ նա փորձում է աչքի ընկնել նման կեղտոտ խաղերի միջոցով»:
Ինչևէ, առաջին ամուսնությունը կազմաքանդվեց ու դրանից հետո Քիմն այլևս չշտապեց կապել իրեն ամուսնական թելերով: Փոխարենը նա իրեն նվիրեց լավ ժամանակ անցկացնելուն' այս անգամ հայտնի ֆուտբոլիստ ու բազում աղջիկների կուռք, 25-ամյա Կրիշտյանու Ռոնալդուի հետ, ում ընկերակցությամբ երեկոներն ավարտվում էին Ռոնալդուի առանձնատներից որևէ մեկում:
Մինչ այդ Քիմին մի քանի անգամ նկատել էին նաև ամերիկյան ֆուտբոլի աստղ Ռեդջի Բուշի հետ:
Իսկ դրանից էլ առաջ աշխարհն ուղղակի ցնցվել էր Քիմ Քարդաշյանի ու R&B-երգիչ Ռեյ Ջեյի տնային պոռնոյից, որ անարգել «քայլում» էր ինտերնետային տարածքում' Քիմին հայտնի դարձնելով:
Հետո Քարդաշյանը հայտարարեց, որ դա իր կյանքի այն քիչ դրվագներից է, որի համար ինքն ամաչում է:
2010-ի ընթացքում Քարդաշյանը մի քանի ամիս շփվեց նախ' Մայլզ Օստինի, ապա Գաբրիել Օբրիի հետ, սակայն մինչ օրս ժխտում է այդ կապերը. «Բոլոր մարզիկները, որոնց հաճախ ինձ են վերագրում, իրականում շատ լավ տղաներ են, բայց ես իրոք երբևէ չեմ հանդիպել նրանց հետ»:
Նույն 2010-ի դեկտեմբերին Քիմն սկսեց հանդիպել բասկետբոլիստ Կրիս Համֆրիսի հետ, ով հաջորդ տարի նրան ամուսնության առաջարկություն արեց' նվիրելով 20,5 կարատանոց ադամանդե քարով մատանի Lorraine Schwartz-ից: 2011-ի օգոստոսի 20-ին նրանք ամուսնացան, ու, չնայած հարսանիքի ողջ ճոխությանն ու զույգի թվացյալ երջանկությանը, որի մասին ցանկացած կին միայն կարող էր երազել, ընդամենը երկու ամիս անց Քիմ Քարդաշյանը ամուսնությունը լուծարեց: Հետո պարզաբանեց. «Ես զգացի, որ, եթե թույլ չտամ լուսաբանել հարսանիքս, կկորցնեմ երկրպագուներիս կեսին»:
Այժմ, գոնե պաշտոնապես, նրա կյանքում ոչ ոք չկա' չնայած բոլորովին վերջերս էին նրան լուսանկարել Կանյե Ուեսթի հետ բասկետբոլ դիտելիս: Ըստ որոշ լրատվամիջոցների' Կանյե Ուեսթն այժմ գրեթե ամենուր ուղեկցում է Քիմ Քարդաշյանին:
Ունի՞ արդյոք նա սիրեցյալ հիմա, կամուսնանա՞ ապագայում, թե՞ ոչ. այս ամենը կարևոր չէ անգամ իր համար.«Նշանակություն չունի՝ դու սիրելի ունես, թե' չէ: Կարևորը սիրիր քեզ ու ինքդ քեզ հետ մնա»: Հայտնի է նաև, որ Քիմը ուզում է մայրանալ: Մի առիթով հենց ինքն է ասել. «Երբևէ կգա այդ օրը, և ես նույնպես կվայելեմ մայրության քաղցրությունը»:
Կասկածի տակ մի' դիր Աստծու պլանները՝ քո օրվա հետ կապված: Հավատա, որ նրա ծրագրերը քոնից լավն են:
Ցավալի է, որ ես շատ եմ սիրում ուտել, հատկապես' քաղցրեղեն:
Միակ օրենքը ձանձրալի չլինելն է: Միշտ պետք է գեղեցիկ հագնված լինել, անկախ նրանից, թե ուր ես գնում: Այդպես ավելի հեշտ է մարդկանց հետ լեզու գտնել:
Ինչ էլ որ ինձ ասեն, մեկ է, ես նախընտրում եմ նախ փորձել դա իմ օրինակով և ապա միայն կարծիք կազմել:
Այնպիսին եմ, որ սիրահարվելուց հետո ոչ մեկին չեմ լսում, այլ պարզապես հավատում եմ սիրելիիս, բայց խաբվելու դեպքում էլ ես երբեք որևէ բանի համար չեմ զղջում:
Կյանքը սովորեցրել է ինձ չկպչել խնդիրներից: Ուղղակի կյանքը դրա համար շատ կարճ է:
Ես խնդիրներ ունեմ հավասարակշռության հետ, վախենում եմ անփույթ երևալուց:
Փոքրիկ թերություններն են, որ մեզ դարձնում են ուղղակի հիասքանչ:
Ես անում եմ ամեն ինչ, որ մարդիկ հասկանան' ես աստղային երեխա չեմ, այլ անհատականություն:
Երբ ես 100 տոկոսով գոհանամ ինձնից, այլևս առաջ գնալու ցանկություն ու տեղ չեմ ունենա: Հուսով եմ, որ նման բան երբեք չի լինի:
Հոգնել եմ, որ մարդիկ խեղաթյուրում են կյանքիս փաստերը: Նախ ճանաչեք ինձ, ապա կարծիք կազմեք, թե ով եմ:
Ինքնավստահությունն ու սեփական մարմինը սիրելն է, որ սեքսուալ է իրապես:
Սևը գույն չէ, այլ գույնի բացակայություն:
Պետք է սովորեք սիրել այն, ինչ տեսնում եք հայելում:
Հնարավոր է, որ իմ հեքիաթի վերջաբանը բոլորովին այլ է, քան ես երազում եմ, բայց ոչ մի վատ բան չկա. ամեն ինչ կարգին է:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: