Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Նազենի Հովհաննիսյանը՝ սիրո, գեղեցկության ու իր խոհերի մասին

12.12.2013

Ladynews.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքի հյուրն է դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Էվելինա- Բարև Ձեզ, սիրելի և գեղեցկուհի´ Նազենի, խնդրում եմ ասեք՝ որն է Ձեր գեղեցկության գաղտնիքը:

-Շնորհակալ եմ հաճոյախոսության համար, թեև ես ինձ գեղեցիկ չեմ համարում, սակայն Ձեր այդ տեսակետի համար շնորհակալ եմ:

Արփինե -Նազենի´, ի՞նչ ոճի հագուստներ են Ձեզ դուր գալիս:

-Առհասարակ ես սիրում եմ դասական ոճ, նախընտրութուն եմ տալիս նաև ազատ, հարմարավետ հագուստների:

Արփինե -Ի՞նչ է սերը Ձեզ համար:

-Գոյակերպ:

Արփինե -Ո՞վ է Ձեր կյանքի ամենաթանկ մարդը:

- Մայրս:

Զվարթ -Նազենի´, մի անգամ ասել եք, որ նախընտրում եք «ամբողջական նվիրում», ի՞նչ կասեք՝ արդյոք մարդկային հարաբերություններում «ամբողջական նվիրումն» այժմ գնահատվում է, ընդհանրապես արժի՞ ամբողջովին նվիրվել ինչ-որ մեկին:

- Եթե նվիրվում ես, ապա պետք է նվիրվես ամբողջությամբ, իսկ գնահատականը տրվում է ժամանակի ընթացքում, ավելի ճիշտ՝ ժամանակն է որոշում՝ գնահատվա՞ծ ես, թե՞ ոչ:

Շողիկ Գալստյան -Իսկ գնահաված չլինելու վա՞խը… Թե՞ նվիրվելիս այդ մասին մարդը չի էլ մտածում:

-Եթե նվիրվում ես, չես էլ մտածում՝գնահատված լինելու ես, թե ոչ. նվիրվում ես առաջին հերթին քեզ համար, ոչ թե դիմացինի: Դա նույնն է, թե մեկն ասի, որ ուտում ես՝արդյոք չես վախենո՞ւմ, որ հետո վատ կզգաս։ Ուտում ես, որովհետև այդ պահին զգում ես քաղց: Նվիրումը մարդկային քաղցի տարատեսակ է. դու նվիրվում ես, ուրեմն դիմացինի կարիքն ունես։ Ցանկալի է, իհարկե, արժանի մարդուն տարբերակել անարժանից, բայց կան բաներ, որոնք ժամանակի ընթացքում են պարզ դառնում:

600x580

Շողիկ Գալստյան -Սերը, երբ տվյալ անձը տալիս է դիմացինին. այստեղ կապ ունի՞ դիմացինը, նրա մարդկային տեսակը, թե՞ եթե մարդուն ի վերուստ տրված է սիրելու ունակություն, ապա սիրո օբյեկտն էական նշանակություն չի ունենում:

-Լավ բան եք ասում. իհարկե, երկուսից էլ կախված է, սակայն, եթե մարդու մեջ այդ սերն ի սկզբանե կա, ապա կապ չունի՝ դիմացինն ով է… Դու տալիս ես այդ սերը՝ առանց փոխադարձություն սպասելու, իսկ եթե դիմացինը ինչ-որ կերպ կարողանում է դիպչել քո սրտի լարերին, ակտիվացնել դրանք, այդ ժամանակ դու տրվում ես ամբողջությամբ: Եթե մարդու մեջ Սեր կա, նա չի կարող այն պահել իր մեջ՝ ասելով՝ սեր ունեմ, բայց ոչ մեկի չեմ տա. եթե սեր ունես, ապա հաստատ ինչ-որ պահի այն գտնում է իր համար օբյեկտ, ու կարևոր չէ, թե հետագայում ինչպես կընթանան հարաբերությունները։ Երբեք չեմ հասկանում ու միշտ բորբոքվում եմ, երբ մարդիկ ափսոսում են, որ նվիրվել են, սիրել են…Երբ նվիրում ես քո ժամանակը, քո կյանքի մի մասն ուրիշ մեկին, առաջին հերթին անում ես քեզ համար, բայց ափսոսալ' նշանակում է, որ քո կյանքը չես ապրում քո ցանկությամբ:

Շողիկ Գալստյան- Կարծում եմ՝ համամիտ եք՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես»:

-Անպայման. չէ՞որ Աստվածաշնչում էլ ասվում է. «Վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես կուզես՝ դիմացինը վարվի քեզ հետ»: Մենք միշտ ուզում ենք՝ մեզ սիրեն, պաշտեն, մեծարեն, բայց չենք մտածում՝ դա չպետք է լինի նախապայմաններով։ Սերը, մարդկային վերաբերմունքը պայմանագիր չեն, որը ստորագրել ենք. մարդ կամ այդպիսին է կամ ոչ։

Լիլիթ -Ողջույններս իմ շա՛տ սիրելի Նազենի Հովհաննիսյան…Այնքան շատ բան կա, որ կուզեի իմանալ Ձեր մասին, բայց նախընտրում եմ իմանալ՝ ինչպիսի՞ երեխա է եղել Նազենին, ինչպե՞ս է սովորել դպրոցում և մարդկանց մեջ ամենաշատն ի՞նչն է գնահատու:

-Մանուկ հասակում եղել եմ շատ ու շուտ հուզվող: Դպրոցում եղել եմ հարվածային, ինստիտուտում նոր հասկացա, թե ինձ որքան է դուր գալիս սովորելը, աշխարհը ճանաչելու գործընթացը, և Հետաքրքրասիրությունս փարատելու գեղեցիկ արդյունքը դարձավ ինստիտուտը գերազանցությամբ ավարտելը։ Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում եմ աշխատասիրությունն ու ազնվությունը։

Անուշիկ -Նազենի´ ջան, կուզեի իմանալ՝ Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:

-Ո´չ (ժպտում է):

Անդրանիկ -Ինչո՞ւ եք այդքան գեղեցիկ:

-Շնորհակալ եմ անչափ՜, Անդրանիկ. Ձեր «հռետորական» հարց –հաճոյախոսությանը պատասխանելով՝ կփորձեմ պատասխանել բոլորին՝ գեղեցկության մասին պարբերաբար հնչող բարեմաղթանքների հետ կապված: Երբ ինձ ասում են, որ գեղեցիկ եմ, ես այդ «գեղեցիկի» տակ հասկանում եմ այն բոլոր հատկությունները, որ մարդկանց դուր են գալիս իմ մեջ: Շատ եմ մտածել այդ հարցի շուրջ, և ինքս իմ օրինակով եմ հասկացել՝ երբ ինչ-որ մեկին ասում եմ գեղեցիկ, հաճախ նկատի ունեմ ոչ թե միայն արտաքինը, այլև ներքին աշխարհը, նրա ընդհանուր ներդաշնակությունը, պայծառությունը, ու երբ ինձ ասում են՝ գեղեցիկ ես, ես դա հասկանում եմ որպես մի բառի մեջ ամփոփված բարի վերաբերմունք իմ նկատմամբ:

Նիկա -Ի՞նչ եք կարծում, ժամանակն ու հեռավորությունը կարո՞ղ են ի վերջո մարել սերը:

-Ընդհանրապես ոչինչ անսպառ չէ, կարող են ոչ թե մարել, գուցե ձևափոխել. զգացմունքը չի մահանում. այն ձևափոխվում է, վերափոխվում ինչ-որ բանի, բայց շատ երկար ժամանակը, անշուշտ, կարող է պասիվացնել, մարել սերը:

Մարի -Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր կյանքը 30 տարի հետո:

-Եթե կարողանայի պատկերացնել, ապա կլինեի գերմարդ. ոչ մի կերպ չեմ պատկերացնում:

600x580

Նարինե -Ո՞ր գրքերն են խորը ազդեցություն թողել Նազենի Հովհաննիսյանի հոգեաշխարհի վրա, և ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

-Այդպիսիք շատ-շատ են, վերջերս ավելի ազդեցիկ են դարձել պատմական ակնարկ ունեցող գրքերը, որևէ մեկն առանձնացնել դժվար կլինի, բայց վերջին գրքերից, որը շատ է ներազդել, Հալեդ Հոսեյինիի «Հազարավոր շողացող արևներ» գիրքն է, որը մի շնչով կարդացի, պատերազմի մասին է. շատ լուրջ ու ևս մի կարևոր գիրք իմ կյանքում:

Նարե -Գրքեր, ֆիլմեր, երգեր… Ըստ Ձեզ՝ ինչի՞ հետ պետք է յուրաքանչյուր ոք անպայման ծանոթ լինի:

-Ես կարծում եմ՝ դասական գրականությունը պարտադիր պայման է՝ սկսած Հոմերոսից մինչև մեր օրերի հայ դասականների ստեղծագործությունները՝ լինի չափածո, լինի արձակ: Արևմտյան ժառանգությունը, որն անասելի շատ եմ սիրում, շատ եմ կարևորում ռուսական դասական գրականությունը, լուրջ է և կարևոր արտասահմանյան գրականությունը: Նույնը կարելի է ասել և´ երաժշտության, և´ ֆիլմների մասին: 1980-ական թվականներին և դրանից առաջ ծնված ֆիլմերն այնքան գեղեցիկ հաղորդագրություն ունեին իրենց մեջ. մենք ամեն Նոր տարի սկսում էինք «Ծառայողական սիրավեպով»-ով, այդ տեսակի բարի ֆիլմերը շատ կարևոր են, բայց մյուս կողմից կան դասական համարվող ֆիլմեր, որոնք անպայման պետք է նայել: Խոսքս իտալական, եվրոպական ռեժիսորների մասին է՝ սկսած Ձեֆերելլիից մինչև Բերտոլուչի, այդ տեսակ անուններ չիմանալն, իմ կարծիքով, ամոթ է կինո սիրողների համար:

Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա ես միշտ գերադասել եմ դասականը՝ բառիս բուն և լայն իմաստով. Բախ, Բեթհովեն, Շոպեն, Վիվալդի, Լիստ ևայլն: Շատ սիրում եմ ջազ, որը իմ կյանքի ամենակարևոր բաղկացուցիչներից է։ Գուցե դա է պատճառը, որ էստրադային ոչ միշտ որակյալ երաժշտությամբ լի համերգները, որոնք ես երբեմն վարում եմ, ինձ համար մեծ անհարմարություն են. ստիպված եմ լինում շատ մեծ սիրով ու հիացմունքով ներկայացնել մի երգչի, ով երգում է իմ ականջին ոչ հարիր, օտար երաժշտություն:

Տաթև -Նազենի´, ո՞ր խոհանոցն եք ամենաշատը սիրում և նախընտրում:

-Իմ խոհանոցը (ժպտում է): Ես հասկացել եմ՝ ուր գնամ, որտեղ էլ լինեմ , միևնույնն է գալիս եմ ու իմ տանն եմ համով ուտում:

Էլիզա -Ո՞վ է եղել Ձեր մանկության տարիների «հերոսը» (ֆիլմերի, մուլտֆիլմերի, գրքերի):

-Երբ ես փոքր էի, շատ էի սիրում Կոմս Մոնտե Քրիստոյի կերպարը, որը, մեծ դժվարություններ հաղթահարելով, գտնում էր այն գանձը, որն իրեն անհրաժեշտ էր և այլն… և հասնում էր իր երազանքներին՝ իր կամքի շնորհիվ։ Շատ տպավորված էի նրա սխրագործություններով ու երևի 4-5 անգամ վերընթերցել եմ փոքր ժամանակ։ Հետո անասելի հուզվել էի ու ազդվել Դյումա Որդու «Քամելիազարդ տիկինը» ստեղծագործությունից. այն սիրո դրսևորումից, թե ինչպես անբարո կյանքով ապրող կինն անգամ, այնուամենայնիվ, կարող է այնքան սիրել, որ հազարավոր բարոյականներից առավել բարոյական դառնա: Սվիֆտ, Մայն Ռիդ, Ժյուլ Վեռն, Քերոլ և այլն, արկածային գրադարանն էլ իմ մանկության մի մասն էր։ Իհարկե, այն ժամանակ փոքր էի և կարդացածիս ու տեսածիս ազդեցությունն էլ լրիվ հուզական էր, մուտֆիլմային կերպարներից դժվար է հիմա ինչ-որ կերպար առանձնացնել, բայց եթե լինի լավ ֆիլմ ու լավ մուլտֆիլմ, ես կնախընտրեմ դիտել մուլտֆիլմը (ժպտում է):

Նունե -Մեծերից ո՞ւմ և հատկապես ո՞ր քաղվածքով կբնութագրեք Ձեր կյանքը:

-«Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես»՝ Գ. Գ. Մարկես։

Նարեկ -Եթե անտեսանելի դառնալու հնարավորություն ստանայիք, ո՞ւր կգնայիք:

-Չէի գնա այնտեղ, ուր ինձ չեն սպասում: Ես սիրում եմ մարդկանց ընկալել այնպես, ինչպես տեսնում եմ՝ առերես. դա ինձ բավարար է, դրանից այն կողմ փորփրելն անօգուտ է: Անտեսանելի դառնալով՝ կցանկանայի գնալ ամերիկյան կամ եվրոպական կառավարության ամենախորքերը, գաղտնի գործակալությունները՝ հասկանալու համար, թե նրանք ինչպես են գործում և ինչու՞։

Յուրա -Ի՞նչն է կյանքում բացառում Նազենի Հովհաննիսյանը, ի՞նչ երբեք չեք անի:

-Հոգիս չեմ ծախի… Չեմ անի այն, ինչ վնասում է մարդուն, չեմ անի այն, ինչ դեմ է իմ հավատքին՝ Աստծուն, քրիստոնեությանը, հայ առաքելական եկեղեցուն, իմ երկրին…չանել վատություն ու լինել հնարավորինս կոռեկտ մարդ՝ մարդու նկատմամբ:

600x580

Ինգա -Նազենի´, Դուք Ձեր գոյությամբ ժխտեցիք այն ասացվածքը, որ «երկու երնեկ մի տեղ չի լինում», մենք տեսանք, որ լինում է, գուցե դա՞ է Ձեզ խանգարում, որպեսզի կարողանաք գտնել Ձեզ արժանի տղամարդու, սիրել և սիրվել:


-Նորից շնորհակալ եմ, հաճելի խոսքեր էին: Ես ընդհանրապես կարծում եմ, որ եթե մարդ մի բան շատ է ուզում, իրեն դա կտրվի։ Իսկ հաջողությունը, իր ձգողականությամբ հանդերձ, միշտ է վախեցնում դիմացինին՝ անկախ սեռից։ Ինձ իմ տեսակը շատ հարցերում է խանգարում, խանգարում է հանգիստ ապրել. ես տեսնում եմ բաներ, որոնք կուզեի չտեսնել: Ես սկսել եմ մարդկանց մեջ կարդալ այն երևույթները, որոնք նրանք խորապես թաքցնում են, սկսել է խանգարել, որովհետև չլինելով քաղաքական գործիչ կամ քաղաքական կրթություն ունեցող անձ՝ ես ակամայից կարողանում եմ գուշակել քայլեր, որոնք արվում են, ցավոք սրտի, ի վնաս մեզ բոլորիս: Կանացի բնազդով զգում եմ բաներ, որոնք գուցե ի վերջո մեր մոլորակը տանեն կործանման: Թվում է՝ այդ տեսակի գլոբալ բաները չպետք է կնոջն առնչվեն. կնոջ առաքելությունն է լինել առողջ ու առողջացնել միջավայրը, ուր գտնվում է, իսկ այդպիսի տեղեկատվությամբ մարդը շատ դժվար է մնում առողջ և մի գեղեցիկ օր սկսում է ներսից քայքայվել: Այս առումով, իհարկե, թե իմ մասնագիտությունը, թե «հաջողությունը» խանգարում են։ Պետք է կարողանալ ժամանակին մի կողմ դնել կասկածները, թերահավատություններն ու վախերը:

Նանա -Նազենի´, հաճախ եք նշել՝ մեծ սերը փոխադարձություն չի պահանջում. եթե սիրում ես, ապա միշտ տալիս ես անշահախնդրորեն, Դուք նման մեծ սեր ապրե՞լ եք, միայն սիրելով հնարավո՞ր է երջանիկ
լինել:

-Այո´, ունեցել եմ: Իհարկե, հնարավոր է լինել երջանիկ, եթե սիրում ես անվերապահորեն, ուրեմն դու արդեն ունես ամեն ինչ:

Լիլի- Նազենի՛, ո՞ր երկիրն եք ամենաշատը սիրում. եթե ոչ Հայաստանում, ապա որտեղ կուզեիք ապրել:

-Հայաստանն իմ ամենասիրելի երկիրը չէ, Հայաստանն իմ սիրելի երկրների շարքից դուրս գտնվող երկիր է: Այն Վեր է ամեն ինչից։ Պաշտելի է։ Անկախ նրանից, թե ով ինչ երկիր է սիրում, Հայի համար Հայաստանը պետք է լինի Առաջինը, Առաջնայինը, Բարձրագույնը. սա է իմ՝ հայի, սուբյեկտիվ կարծիքը: Իսկ ապրել ես կցանկանայի ծովիափին, որը չպատկաներ որևէ երկրի, քաղաքականության, «քաղաքակրթության», ապրել մի փոքրիկ տնակում՝ հնարավորություն ունենալով ամեն օր տեսնելու արևածագը և շիկակարմիր մայրամուտը՝ հենց ծովի ափին:

Գայանե -Ձեր ամենասիրելի դերասան-դերասանուհիները ովքե՞ր են:

-Այն հարցերից է, որ միշտ տալիս ես ինքդ քեզ և հաճախ էլ տրվում է: Սոֆի Լորենից մինչև Գալյա Նովենց իմ մարդկային և դերասանական մտածողության վրա շատ մեծ ազդեցություն ունեցած դերասաններ են, թեև ապրել ու ստեղծագործել են տարբեր աշխարհներում, տաղանդի ֆենոմենն էլ հենց սա է. այստեղ տարանջատել մշակույթը, երկիրը կամ դերասանական դպրոցն անհնարին է: Նույնն էլ տղամարդկանց պարագայում է. տարբեր ժամանակների դերասանական աստղաբույլի վառ ներկայացուցիչներից մինչև մեր ժամանակների դասական, ցավոք սրտի, արդեն երջանկահիշատակ Սոս Սարգսյանը. անուններ են, որոնցից ամեն մեկն իր տեսակի մեջ եզակի է: Եթե այդ մարդիկ այսօր բարձրագույն դերասանական արվեստի բարձրակետում են, ուրեմն կարողացել են ստեղծել այնպիսի մի ուրույն աշխարհ, որը մեր հոգու, մեր սրտի մեջ տեղ է գտել:Նկատի ունեմ մեզ՝ հանդիսատեսին, ես էլ, որպես հանդիսատես, չէի կարող չազդվել այդպիսի մարդկանցից: Բոլորին անհատապես նշելը շատ դժվար կլինի:

600x580

Դիանա -Ինչքա՞ն ժամանակ է Նազենի Հովհաննիսյանն անցկացնում հայելու առաջ:

-15–20 րոպե:

Մերի -Ի՞նչ չեք սիրում ուտել, խի՞ստ եք վերաբերվում Ձեր սննդակարգին:

-Ես ամեն ինչ էլ սիրում եմ ուտել, առանձնապես քաղցրակեր չեմ, թեև վերջերս սկսել եմ ուտել, երևի իմ օրգանիզմում ինչ-որ նոր պահանջ է առաջացել: Ինձ համար ամենակարևորը՝ լինի որակով ու լավ սնունդ, ցանկալի է համապատասխան միջավայրում. ես չեմ կարողանում ոտքի վրա կամ ինչ-որ վատ տեղում ուտել: Սնունդ ընդունելը պետք է լինի գեղեցիկ մշակույթ, թեկուզ տասը րոպե տրամադրես սնվելուն, բայց գործընթացը լինի գեղեցիկ:

Վահե -Որպեսզի մարդը հնարավորություն ստանա դառնալու Ձեր մտերիմ ընկերը, նրա հետ առաջին հերթին ի՞նչ ընդհանուր բան պետք է ունենաք:

-Ես հավատում եմ, որ ընկերները լինում են մեկը մյուսին լրացնելու համար, եթե այդ ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը չի լինում, ապա մեկը մյուսին լրացնելու թեմա էլ չի լինում: Ընկերները պետք է քիչ թե շատ տեսակով համահունչ մարդիկ լինեն, օրինակ՝ ունեմ շատ լավ ընկերներ, որոնք բացարձակ այլ բնագավառից են, բայց որոնց հետ կան գաղափարական ինչ-ինչ ընդհանրություններ, իմ մտերիմ Սոֆի Մխեյանի հետ ունենք մեր բնագավառին վերաբերող, ինչպես նաև մարդկային տեսակին առնչվող հետաքրքրություններ: Սրանք պետք է լինեն կապող օղակներ, իսկ դառնալ մտերիմ ընկերներ, միայն ժամանակի ընթացքում է լինում, ժամանակն է այն փորձաքարը, որը կարողանում է, ի վերջո, ամրացնել, ամրապնդել ընկերություն ասվածը:

Հասմիկ -Ի՞նչ եք կարծում՝ կնոջ և տղամարդու միջև, ովքեր նախկին ում ունեցել են սիրային հարաբերություններ, կարո՞ղ է լինել իսկական ընկերություն:

-Այո´ , կարող է, հատկապես, եթե նախկինում ունեցել են սիրային հարաբերություններ, իսկ եթե չեն ունեցել, ապա այդ ընկերության ընթացքում կամ տղամարդը կամ կինը պետք է ձգտի սիրային հարաբերություններ ունենալու: Իսկ եթե անցել են այդ փուլը և նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր անձնական կյանքը, վստահ եմ՝ կարելի է ունենալ շատ լավ ընկերական հարաբերություններ:

Շողիկ Գալստյան -Այսինքն՝ սիրային հարաբերություններից հետո ընկերությունն ավելի ամուր է լինո՞ւմ, քան նախքան դա:

-Այո´. նրանք իրար ամեն ինչով շատ լավ ճանաչում են, անցել են գայթակղության այն պահը, երբ պետք է մեկը մյուսին ձգտեին՝ որպես կին և տղամարդ:

Շողիկ Գալստյան -Այսինքն՝ եթե կինն ու տղամարդն ընկերներ են, ապա միևնույնն է ձգո՞ւմ են իրար:

-Այո´, ցավոք սրտի այդպես է, իսկ եթե կողմերից մեկը կարողանում է իր մեջ դիմակայելու ուժ գտնել, ինչպես նաև պետք է մի կողմ դրվի կնոջ կանացիությունը, ապա հնարավոր է: Ես իմ փորձից եմ ասում, շատերը գուցե չհամաձայնեն ինձ հետ, բայց շատ հազվադեպ դեպքերում է հնարավոր լինում ունենալ իսկապես տղա ընկեր, ով չի դիտարկի քեզ՝ որպես կին, դժվար է շատ, բայց ոչ անհնարին:

Լիդա -Եթե «Ոսկե ձկնիկ» բռնեիք, ի՞նչ երեք ցանկություններ նրան կխնդրեիք:

-Կուզեի մի քանի տարով հետ տալ իմ կյանքը, որպեսզի անեի որոշ բաց թողած բաներ և կանխեի որոշ սխալներ, բայց մնայի այս ուղեղով ու մտածողությամբ: Իհարկե, շատ կուզեի՝ այդ «Ոսկե ձկնիկն» ինչ-որ օգտակար բան աներ իմ երկրի համար, որպեսզի մենք բոլորս ապրեինք նորմալ ու մարդավայել պայմաններում՝ կախում չունենալով արտաքին ուժերից ու նրանց քմահաճություններից: Իմ մտերիմների համար էլ կուզեի առողջություն:

Առիթից օգտվելով' ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցերի հեղինակներին՝ բարի ու մարդասեր. շնորհակալ եմ, որ ամեն ինչ այդքան դրական էր ու սիրով լի:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 


Դիտվել է 15350 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ձեռքի աշխատանքների բանկ»․ ներգրավվածների գերակշիռ մասը կանայք են

29.06.2022
Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր տնայնագործական պայմաններում ստեղծում են յուրահատուկ իրեր, արվեստի տարբեր, այդ թվում՝ ազգային ավանդական ուղությունների գործեր, հաճախ՝ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործություններ։ Եվ որպես օրինաչափություն՝ շնորհաշատ այս անհատների ու նրանց գործունեության մասին հանրությունը տեղեկանում է պատահական մի դիպվածով...

«Հայկական արտադրանքը կարող է լինել որակյալ, ոճային և ցանկալի»․ Shabeeg ապրանքանիշի հիմնադիր

01.06.2022
Օրեց-օր հայկական նորաձևության դպրոցին բնորոշ են դառնում ազգային տարրերի, պատկերների, պատմա-մշակութային ժառանգության բաղադրչների ներառումը հագուստի բազմաժանր նմուշներում։

Ինչ պետք է իմանալ էլոս մազահեռացման մասին

01.04.2022
Էլոսը մարմնի անցանկալի մազերի հեռացման բավականին տարածված եղանակ է: Այն համեմատաբար նոր տեխնոլոգիա է և համարվում է մազահեռացման ամենաանվտանգ ու արդյունավետ մեթոդներից մեկը։

Հղիությունը զույգի կյանքում կարևոր փուլ է. ինչպես պատրաստվել այդ նշանակալի իրադարձությանը

09.02.2022
Վերջին հինգ տարվա ընթացքում իգական սեռի բնակչության շրջանում «անպտղություն» ախտորոշմամբ գրանցված հիվանդների թիվն աճել է գրեթե 19%-ով:

Իրինա Շեյքը Highsnobiety-ում. վառ ֆոտոսեսիա և հազվագյուտ հարցազրույց

18.09.2021
Իրինան հազվադեպ է շփվում լրագրողների հետ: Սակայն ռուս մոդելը Highsnobiety-ի համար բացառություն է արել: Նա ոչ միայն մասնակցել է նորաձևության վառ ֆոտոշարքի, որտեղ նկարահանվել է կիսամերկ, այլև հարցազրույց տվել:

Մրգային չիպսերի պահանջարկը շարունակում է աճել

24.02.2021
Հատուկ տեխնոլոգիայով մշակված մրգերը կարող են բերանի խոռոչը մաքրել ատամների քայքայման պատճառ հանդիսացող ավելի քան 95 % բակտերիաներից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2022 11:20
Երգչուհի Ռիհաննան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ self-made միլիարդատերը։ ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց վարկանիշում նա շրջանցել է Քիմ Քարդաշյանին։  Սակայն Ռիհաննայի կարողությունն ավելի քիչ է, քան Քիմ Քարդաշյանինը։ 2022 թվականի տվյալներով երգչուհին ունի 1,4 միլիարդ դոլար, իսկ ռեալիթի հեռուստաաստղը՝ 1,8 միլիարդ դոլար։
06-07-2022 11:18
Գիտնականներն ապացուցել են, որ ֆենի օգտագործումը ճիշտ հեռավորությունից եւ ճիշտ ջերմաստիճանի դեպքում կարող է շատ ավելի քիչ վնաս պատճառել, քան օդով մազերը չորացնելը։ Սա բացատրվում է նրանով, որ ջրի հետ շփվելիս մազերն ուռչում են։ Որքան ավելի երկար է տեւում այդ պրոցեսը, այնքան ավելի շատ ճնշում է գործադրվում օգտակար սպիտակուցների վրա։
06-07-2022 10:39
Փարիզում բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Dior-ի ցուցադրությունը։ Շատ հայտնիներ գնահատել են նորաձևության տան կրեատիվ տնօրենի նոր հավաքածուն, այդ թվում՝ Սիգուրնի Ուիվերը, Մեյ Դիմակը, Նաոմի Ուոթսը, Մոնակոյի արքայադուստր Բեատրիս Բորոմեոն, 90-ականների սուպերմոդել Էլ Մակֆերսոնը, Հանովերի արքայադուստր Ալեսանդրա դե Օսման և այլ աստղեր: Շոուի բոլոր հյուրերը կրել են Dior-ի հագուստներ։
06-07-2022 07:33
Շակիրան ցանկանում է ստանալ երեխաների լիարժեք խնամակալությունը և տեղափոխվել ԱՄՆ՝ Ժերար Պիկեի հետ հարաբերությունները խզելուց հետո։ Կատալոնիայում երգչուհին ապրել է միայն Պիկեի համար, ով  «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան է։ Ժերար Պիկեն իր հերթին ցանկանում է, որ երեխաները մնան Բարսելոնայում։
06-07-2022 05:25
Թրոմբը արյան բջիջների գունդ կամ թանձրուկ է, որը տեղափոխվում եւ արգելափակում է արյունատար անոթները՝ խոչընդոտելով սննդանյութերի եւ թթվածնի փոխանցումը ուղեղի բջիջներին: Թրոմբի նշաններն են՝ մեկ կամ երկու ոտքերի ցավը, կարմրությունը կամ այտուցը, շնչառության հանկարծակի անբացատրելի դժվարությունը, կրծքավանդակի ցավը, սրտի անկանոն բաբախյունը, ոչ պարզ խոսքը, արյունով հազը կամ կորդինացիայի կորուստը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022
Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է:

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2022
Դիտվել է 1531 անգամ
04.07.2022
Դիտվել է 1032 անգամ
02.07.2022
Դիտվել է 438 անգամ
30.06.2022
Դիտվել է 321 անգամ
05.07.2022
Դիտվել է 273 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster