-Զարուհի, մասնագիտությամբ կենսաբան-էկոլոգ եք: Ի՞նչպես ստացվեց, որ երգը մտավ Ձեր կյանք:
-Չէ, հակառակը`կենսաբան-էկոլոգը մտավ իմ կյանք: Ես 4-րդ դասարանից եմ երգել: Եվ ոչ թե «պարզապես» եմ զբաղվել, այլ շատ լուրջ. ես ապրել եմ դրանով: Ուղղակի մի ժամանակ ինձ թվում էր, որ երգն ու պարը չեն կարող կյանքիդ մեծ մասը զբաղեցնել, դրա համար որոշեցի ևս մեկ մասնագիտություն ստանալ:
-Իսկ զբաղվե՞լ եք մասնագիտությամբ:
-Երբևիցե: Կարծում եմ` մեր կյանքի ընթացքում յուրաքանչյուրս էլ հասկանում ենք, թե ինչ է պետք մեզ, ինչ ենք ուզում: Ես միշտ լսել և ընդունել եմ այն, ինչ ինձ մատուցել է կյանքը: Չեմ պայքարել իմ կյանքի հետ, հասկանո՞ւմ եք: Դա այնքան կարևոր է, երբ դու ներդաշնակության մեջ ես կյանքի հետ: Մինչև հիմա էլ ես իմ հոգու հետ շատ ներդաշնակ եմ, միշտ զրուցում եմ հոգուս հետ, մեր մեջ երկխոսություն կա:
-Սիրո՞ւմ եք փոփոխություններ: Ոճային առումով նկատել եմ, որ սիրում եք…
-Այո, արտաքինում շատ եմ սիրում (ծիծաղում է-LN): Սիրում եմ, երբ փոխում եմ ինձ շրջապատող միջավայրը, սիրում եմ ուրիշ երկրներում հանգստանալ, որովհետև ամեն ինչը փոխվում է, մշակույթն է փոխվում, հետաքրքրություններն են փոխվում: Պատկերացնում եք` ինչ կլիներ,եթե ես 25 տարի նույն երգը երգեի:
-Հեշտությա՞մբ եք ոճային փոփոխությունների ենթարկվում: Ինչպիսի՞ն է լինում շրջապատողների արձագանքը:
-Ես մեծ հաճույքով շատ ավելի հաճախ կենթարկվեի ոճային կտրուկ փոփոխությունների, բայց ամուսինս պահպանողական է այդ առումով: Օրինակ՝ երբ մազերս կտրել էի, ես անակնկալ էի արել նրան, որովհետև համաձայնություն դժվար թե ստանայի, և այնպես չէ, որ նա գոհ ու երջանիկ էր դրանից: Մի օր եկավ ու տեսավ, որ ես կարճ մազերով եմ, մի օր էլ եկավ ու տեսավ՝ մեղրագույն մազերով եմ: Բայց ամուսինս խնդրել է, որ ինչ վերաբերում է արտաքինիս, քիչ փոփոխեմ, որովհետև ինքն ինձ այսպիսին է սիրում:
-Ինչպիսի՞ կին է Զարուհին տանը:
-Ես նորմալ կին և մայր եմ տանը: Եթե խոհանոցում լինելու կարիք կա, ես խոհանոցում եմ, եթե ես տանն եմ, ապա երեխաների կողքին եմ, եթե տան գործեր անելու կարիք կա, ապա դա եմ անում: Չկա այնպիսի բան, որ ես չկարողանամ անել:
-Արվեստագետների ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր աշխատանքում լիդեր է: Դժվարություններ այս առումով, կամ կարծիքների բախումներ հաճա՞ խ են լինում: Ինչի՞ շուրջ կարող են բանավեճեր բռնվել Ձեր տանը:
-Չէ, հակառակը, յուրաքանչյուրս գիտակցում ենք մեր տեղը: Նույնիսկ չենք զլանում և ամեն երեկո քննարկում ենք, թե ով ինչ գաղափար, ինչ ցանկություն, ինչ նպատակ ունի: Բոլորս փորձում ենք միմյանց օգնել, ինչ-որ բան անել մեկս մյուսի համար: Թերևս հենց դա է մեր ընտանեկան երջանկության գաղտնիքը: Յուրաքանչյուրս լիդեր ենք, բայց ընտանիքում անում ենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք ընտանեկան ջերմ մթնոլորտը: Մեկս մյուսի համար թիկունք ենք: Բանավեճերը, որպես այդպիսին, էլի ստեղծագործական են: Հիմնական թեման արվեստի շուրջ է:
-Հե՞շտ է լինել 2 երեխաների մայր, սիրող կին, հոգատար հարս և միաժամանակ ունենալ այսպիսի մասնագիտություն:
-Չէի ասի, որ հեշտ է, բայց կինն ինչքան զբաղված է, այդքան ամեն ինչ հասցնում է: Գուցե ինչ-որ բանում թերանում եմ, բայց ես փորձում եմ: Դա իմ կյանքն է, և ոչ ոք ինձ չի ստիպել, որ ես այդպես ապրեմ, ես եմ ընտրել այդ կյանքը: Եթե ես ստուդիայում եմ, ես շատ ուրախ եմ, զվարթ եմ, աշխատում եմ երեխաների հետ. եթե ես տանն եմ, ես պարզապես Զառան եմ, և եթե ես բեմում եմ, ես այն եմ, ինչ դուք տեսնում եք:
-Զարուհի Բաբայանի երկար սպասված ձայնասկավառակը վերջապես կներկայացվի երկրպագուներին կամ պարզապես երաժշտասեր հասարակությանը: Մի քանի անգամ թողարկումը հետաձգվեց, ի՞նչն էր պատճառը:
-Չեմ կարող ասել, թե լուրջ պատճառ կար հետաձգելու համար: Պարզապես անընդհատ մանրուքներ են լրացվում, ինչ- որ բան չեմ հավանում, փոխում ենք, լրացնում և այլն: Միշտ այդպես է. հիմնականը անում ես, իսկ մանրուքները հետո լրացնում: Բայց հիմա արդեն տպարանային փուլում է, այնպես որ շատ շուտով կլինի: Ոչ մի խոչընդոտող բան հիմա չկա, կարծում եմ՝ հոկտեմբերին լույս կտեսնի:
-Բծախնդի՞ր եք:
-Ձայնասկավառակը մնայուն արժեք է, աշխատանքի ամփոփում, չես կարող մանրակրկիտ չաշխատել: Այն դառնում է քեզ համար այցեքարտ: Այդ պատճառով էլ ձայնասկավառակին ավելի բծախնդրորեն ես մոտենում, քան մեկ այլ բանի:
- Ի՞նչ է մեզ սպասվում նոր ձայնասկավառակում: Ի՞նչ երգեր են ներկայացվելու:
-Ձայնասկավառակն այսպես ասված կիսվել է: 50%-ը կլինեն արդեն հայտնի ու սիրված երգերը, իսկ մյուս մասը կլինեն նոր երգեր, որոնց դեռ ծանոթ չի հանրությունը: Ձայնասկավառակն ավելի շատ ժողովրդական ոճի մեջ է, չնայած որ բոլոր երգերն էլ հեղինակային գործեր են: Ոճային առումով, տրամադրությամբ այն լեցուն կլինի հայկական ժողովրդական մեղեդայնությամբ: Ձայնասկավառակում ամփոփված 9 երգերից 6-ը ուրախ տրամադրությամբ, սիրով լի երգեր են, իսկ մյուս երեքը՝ ավելի լիրիկական: Այս ձայնասկավառակում չկա երգ, որում հայկական ժողովրդական գործիքներ չհնչեն:
-Ձայնասկավառակը կոչվում է «Սիրելիս», ո՞ւմ է այն ուղղված և ինչո՞ ւ հենց այդպես անվանեցիք:
-Անկեղծ ասած, ձայնասկավառակի անունը մի փոքր ուշ որոշվեց: Յուրաքանչյուր երգ` լինի ռիթմիկ, թե ժողովրդական մեղեդայնությամբ կամ լիրիկ, միևնույն է, անդրադառնում է սիրուն: «Սիրելիս» երգը, որի անվանումն ի սկզբանե «Խոստովանություն» է, սակայն այն ընդունվեց ու սիրվեց որպես «Սիրելիս», դրա համար էլ որոշեցի ձայնասկավառակի անունն էլ դնել «Սիրելիս»: Ստացվեց, որ և երգն էր պատճառը, և այն, որ բոլոր երգերն էլ ի վերջո սեր են:
-«Խոստովանություն» երգըբավականին հետաքրքիր տեսահոլովակ ունեցավ: Հայտնի մարդկանց հարսանեկան արարողությունից հատվածներ են, հետաքրքիր կադրեր… Ո՞ւմ գաղափարն էր:
-Ճիշտն ասած, տեսահոլովակը ամուսնուս գաղափարն էր: Այն միանգամից ընդունվեց մարդկանց կողմից: Անհամեստ չթվա, բայց ես էլ եմ շատ սիրում այդ տեսահոլովակը: Չնայած որ երգը մինչև տեսահոլովակն էլ սիրվել էր, բայց տեսահոլովակը որոշիչ դեր խաղաց նրա ճանաչվածության հարցում: Ամեն անգամ նայելիս ինչ-որ նոր բաներ ես տեսնում, հետաքրքիր դեմքեր, դեպքեր, իրադարձություններ մարդկանց կյանքից:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր է խաղում ձայնասկավառակը երգչի ստեղծագործական կարիերայում հատկապես հիմա, երբ կա երգեր լսելու այլընտրանքային տարբերակ` համացանց:
-Ոչ ֆինանսական: Այո, այսօր համացանցը մեր առօրյայի մի մասն է կազմում, բայց ոչ իմ առօրյայի: Համացանցը մեծ հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ունենալ, օգտվել ամեն ինչից անվճար: Այսօր ձայնասկավառակն ավելի շատ աշխատանքի ամփոփում է, այլ ոչ թե եկամտի աղբյուր: Բայց չես կարող չանել: Պատկերացրեք` գիրքը գրվի, բայց չտպագրվի: Հնարավոր է՝ ամպագոռգոռ թվա, բայց դա էլ է պատմություն, դա էլ է մնայուն, դա էլ հետագայում ինչ-որ մեկին կհուզի, կուրախացնի:
-Բացի ձայնասկավառակից, ինչո՞վ է զբաղվում այժմ Զարուհի Բաբայանը:
-Օյ, բացի ձայնասկավառակից ինչով եմ հիմա զբաղվում ես (մտածում է-LN): Ներկայումս Պաշտպանության նախարարության հետ աշխատում ենք մի մեծ նախագծի վրա, որը բաղկացած է լինելու երեք փուլերից: Առաջին փուլում նկարահանելու նեք տեսահոլովակ Ռոբերտ Աբրահամյանի «Գովք ֆիդայուն» երգի հիման վրա: Երգն ընդգրկված է նաև իմ նոր ձայնասկավառակում: Հուսամ, որ շատ ազդեցիկ և լավ աշխատանք է ստացվելու: Երկրորդ փուլում համերգային ծրագրեր ենք իրականացնելու Հայաստանի և Արցախի զորամասերում: Եվ երրորդ փուլում կլինի ամփոփիչ մենահամերգ Երևանում: Կարծում եմ՝ եկող տարվա փետրվար-մարտ ժամանակահատվածում կիրականացնենք մենահամերգը: Ի դեպ, շատ շնորհակալ եմ Պաշտպանության նախարարությանը,որ աջակցում է այս նախագծին և մեր կողքին է: Այս ամենի արանքում, իհարկե, տարբեր համերգներ կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Կա նաև իմ ստուդիան, երեխաները, ովքեր իմ կողքին են, շատ սիրում են այն, ինչ մենք անում ենք միասին: Երևանյան մենահամերգին էլ ուզում եմ, որ նրանք ելույթ ունենան, որ ոգեշնչվեն, զգան թե ինչ է բեմը և նրանք էլ լինեն բարեգործության մի փոքր մասնիկը, քանի որ այս նախագիծը զուտ բարեգործական է և մենք այն անում ենք մեծ սիրով: Այս ամենը լուրջ աշխատանք և մոտեցում է պահանջում: Մի խոսքով՝ շատ են անելիքները… Գուցե 20 տարեկանի եռանդով չեմ աշխատում, բայց շատ ավելի լուրջ եմ մոտենում աշխատանքին:
-Ինչպես եք կարողանում հասցնել այս ամենը, խուճապ չի՞ առաջանում:
-Լինում է: Խուճապ առաջանում է, երբ զգում եմ, որ ինչ-որ բան չեմ հասցնում` հատկապես կապված երեխաներիս հետ: Մեկ-մեկ զգում եմ, որ չհերիքեց ժամանակս, չհասկացա իրենց օրը ոնց անցկացրին, այդ ժամանակ խուճապ է սկսվում ինձ մոտ: Արվեստագետի ընտանիքում միշտ այդ խուճապը կա, դու միշտ շտապում ես, միշտ ինչ-որ բան անում վերջին րոպեին, շատ բաներ չես հասցնում և այսպես: Բայց շնորհակալ եմ երեխաներիս, որ ինձ հասկանում են, երևի նրանից է, որ մեծացել են այդ խուճապի մեջ: Երևի դա է պատճառը, որ կարողանում եմ հեշտությամբ վերապրել այդ խուճապն ու անցնել առաջ: Ինչևէ, ստացվում է (ժպտում է-LN):
24-08-2026 10:45 «Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29 ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20 Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ: