Նորա Ջոնսի (Norah Jones) անունը հազվադեպ կարելի է տեսնել դեղին մամուլի էջերում. նա երբեք չի հայտնվել սկանդալային իրավիճակներում, երբեք չի քննարկել իր անձնական կյանքը լրագրողների հետ, իր անունը չի սիրում տեսնել ամսագրերի շապիկներին, բայց փոխարենը սիրում է ինքնամոռաց աշխատել և լինել գնահատված երաժշտասերների կողմից:
Նորա Ջոնս Շանկարը ծնվել է 1979թ. մարտի 30-ին Նյու Յորքում: Նրա հայրը հնդիկ հայտնի երաժիշտ Ռավի Շանկարն է, իսկ մայրը` երաժշտական պորդյուսեր և պարուհի Սյու Ջոնսը: Նորայի ծնողներն ամուսնալուծվում են, և Սյուն երեխայի հետ տեղափոխվում է Տեխաս: «Մանկությանս թերևս միակ զբաղմունքը երաժշտություն լսելն էր: Մայրս այնպիսի հավաքածուներ ուներ, որ ես կարող էի չխաղալ, չուտել, չքնել, միայն լսել ու լսել: Ռեյ Չարլզը, Ֆրեդերիկ Շոպենը, Բիլլի Էվանսը, Վիլի Նելսոնը, Բիլլի Հոլիդեյը. նրանք են եղել իմ առաջին սերերը»:
Արդեն 5 տարեկանում Նորան երգում էր երգչախմբում, 7-ում հաճախում դաշնամուրի դասերի, իսկ 15-ում ընդունվում բարձրագույն երաժշտական դպրոց: Դպրոցն ավարտելուց հետո Նորան ընդունվում է Հյուսիսային Տեխասի համալսարան, որտեղ էլ ծանոթանում է հետագայում իր երգերի համահեղինակի` Ջեսի Հարիսի հետ: Երեկոյան Նորան վաստակում էր իր ապրուստի միջոցը ակումբներում: Երբեմն միայնակ, երբեմն Հարիսի կամ այլ երաժիշտների հետ պատվերով երաժշտություն էր կատարում: «Ես ջազային ստանդարտներ էի երգում ակումբներում, և մարդիկ միշտ ուզում էին Սինատրայի երգացանկից, բայց մի երգ ես ինձ թույլ չէի տալիս կատարել` «My way»: Այն հիանալի է հնչում Սինատրայի կատարմամբ, բայց ես հիմար կլինեի, եթե թույլ տայի ինձ կատարել այն 20 տարեկանում»:
1999 թ. Ջոնսը վերադառնում է ծննդավայր` Նյու Յորք: Նա ստեղծում է սեփական երաժշտական խումբը, որի կազմի մեջ մտան Լի Ալեքսանդրը, Դեն Ռիզերը և կիթառահար Ջեսի Հարիսը: Թերևս այն քիչ փաստերից մեկը, որ կա Նորայի անձնական կյանքի մասին այն է, որ երգչուհու առաջին լուրջ սիրային հարաբերությունները եղել են խմբի բաս կիթառահար Լի Ալեքսանդրի հետ: «Իմ ու Նորայի հարաբերություններն ուրիշ հարթակի վրա էին ընթանում: Դրանք նորմալ հարաբերություններ չէին. մենք խելագար էինք, ցնորված,մենք կապված էինք միմյանց անտեսանելի, բայց բավականին հաստ թելերով: Իսկ երբ դրանք կտրվեցին, իմ կյանքում պակասեց արևը` Նորայի ջերմության ու լուսավորության արևը»,- հարցազրույցներից մեկում ասում է Լի Ալեքսանդրը:
Բավականին երկարատև հարաբերություններն ավարտվում են անսպասելի: Նորան ոչ մի հայտարարություն չի անում թեմայի շուրջ, և միայն 2007 թ. Ալեքսանդրից է դառնում հայտնի, որ զույգն այլևս միասին չէ:
20 տարեկանում Նորան կայացնում է թերևս իր ամենաճիշտ ու ճակատագրական որոշումը: «Ես չէի կարող տեղում դոփել. ոչ ոք չի պատրաստվում քեզ առաջ մղել, եթե ինքդ չանես դա: Ես երբեք համարձակ չեմ եղել, բայց երգն ինձ դարձրեց այդպիսին»: Երկար մտատանջություններից հետո, նա որշում է փորձել իրեն: Նորան ջազային լեյբլ Blue Note-ի ղեկավարին` Բրյուս Լանդվալին է փոխանցում իր դեմոձայնագրությունները: Վերջինս լսում է Նորայի ձայնը, հասկանում, որ աղջկա տաղանդն անհավանական արտահայտիչ է: «Նա կարողանում է երգել այնպես, որ դու չլսես բառերը, դու քո բառերն ես գրում նրա երաժշտության ու ձայնի ներքո»: Լանդվալն անմիջապես պայմանագիր է կնքում 20-ամյա Նորայի հետ, և սկսվում են ձայնագրման, ալբոմի ստեղծման աշխատանքները: Այսպես էլ ջազային բեմին հայտնվում է նոր անուն` Նորա Ջոնս:
2002թ. ԱՄՆ-ում չկար ավելի վառ ու ճանաչված աստղ, քան Նորա Ջոնսն է: 23-ամյա նուրբ աղջնակը` 155 սմ հասակով, արտաքնապես ոչ մի բանով աչքի չընկնող, բայց անհավանական ձայնով և համեստությամբ ցնցում էր լսողների երևակայությունը, ովքեր հոգնել էին արդեն ոչնչով չտարբերվող երգչուհիներից, նույն ոճի նույնաձև մատուցումից:
Նորայի դեբյուտային ալբոմը` «Come Away With Me» (2002) վաճառվում է ավելի քան 20 միլիոն օրինակով և սահմանում բոլոր ռեկորդները` ստանալով 5 Գրեմմի մրցանակ: «Ես երբեք չեմ երազել հայտնիության մասին, ես չէի ուզում աստղ դառնալ, ես ուզում էի՝ մի փոքր լայն շրջանակներին հասներ իմ ձայնը, բայց չէի պատկերացնում, որ իմ հաջողությունն այսքան աղմկոտ կլինի»:
«Աղմկոտ» թերևս մեղմ է ասված: Ի՞նչ է լինում, երբ շատերին անծանոթ աղջնակը թողարկում է առաջին ու արդեն պլատինե ալբոմը, 5 Գրեմմի մրցանակ է ստանում և հաշված օրերի ընթացքում գրավում ոչ միայն ամերիկացի ունկնդիրների սրտերը, այլև ամբողջ աշխարհին ապացուցում, որ երաժշտության ոլորտում նոր խոսք միշտ էլ կա, պարզապես պետք է գտնել այն: Կատարվում է այն, ինչ եղավ Նորայի հետ: Ակնթարթային արագությամբ նրա անունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Նրա երգերը մշտապես առաջին հորիզոնականներն էին զբաղեցնում բոլոր հեղինակավոր շքերթներում:
Գրեմմի մրցանակաբաշխությունից հետո New York Post հեղինակավոր թերթը տպագրում է Նորա Ջոնսի սենյակի լուսանկարն առաջին էջում և վերնագրում նյութն այսպես` «Գրեմմիի թագուհի Նորա Ջոնսը թաքնվում է բրուկլինյան վարձու սենյակներից մեկում»:
Նորան իսկապես վարձով էր բնակվում մի քանի ընկերուհիների հետ: Հայտնիությունը Նորային չէր ստիպել աստղային կյանքի հետքերով գնալ: «Հիմա ստիպված եմ տեղափոխվել, որովհետև հարևաններս արդեն բողոքում են: Այդ նյութից հետո իմ երկրպագուները մշտապես մեր բակում են, աղմկում են, լրատվամիջոցները նույնպես ազատ չեն թողնում տարածքը: Դե ինչ, ես ստիպված եմ թողնել այս տունը»:
Նորայի հաջողությանը շատերը թերահավատորեն են մոտենում: Նրա հայրը շատ հայտնի երաժիշտ է, և աղջկա հաջողություններն էլ մարդիկ մշտապես փորձել են կապել այդ փաստի հետ: «Ես նյարդայնանում եմ, երբ մարդիկ այդպես են խոսում: 9 տարեկանից հետո ես հորս տեսել եմ ընդհանուր վերցրած մոտ 10 անգամ, նրա երաժշտությունը բոլորովին այլ է, իմը` այլ, մենք չենք շփվում նույնիսկ: Ինձ ծայրահեղ տհաճ է, երբ այդպիսի կարծիք եմ լսում, համոզված եմ, որ տհաճ է նաև հորս, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը»:
Նորայի հոր` Ռավի Շանկարի երաժշտական կարիերան գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկարատև միջազգային մասշտաբի կարիերա:
Երաժշտական կարիերայի հետ մեկտեղ Նորան հասցնում է նկարահանվել նաև ֆիլմերում: 2002թ. Նորան նկարահանվում է «Սեր` ծանուցումով» ռոմանտիկ կոմեդիայում: 2007թ. նա «My Blueberry Nights»ֆիլմում կատարեց գլխավոր հերոսուհու դերը: Նրա խաղընկերներն էին Նաթալի Փորթմանը, Ջուդ Լոուն և մի շարք հայտնի հոլիվուդյան դերասաններ: Ֆիլմը մասնակցել է նույնիսկ Կաննի կինոփառատոնի մրցույթին: Իսկ ֆիլմի սաունդթրեքը դարձավ Նորա Ջոնսի «The Story» կատարումը: «Դժվար թե ես ամենահամապատասխան թեքնածուն էի այդ դերի համար, բայց ռեժիսորը, չգիտեմ ինչու, ընտրեց ինձ»:«New York Post» թերթն այս անգամ գրեց. «Միսս Ջոնսը չի կարողանում խաղալ»:
Գուցե և այդպես է, բայց փոխարենը նա հիանալի երգում է, ինչի ապացույցն է նրա բոլոր ալբոմների անհավանական տարածումն ու վաճառքը, բազմաթիվ մրցանակներն ու ձեռքբերումները: 2004 թ. Time ամսագիրը Նորային ներառեց 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, իսկ հեղինակավոր Billboard-ի կարծիքով, Նորան մտնում է 21-րդ դարի լավագույն ջազ արտիստների շարքը:
Ես մելանխոլիկ չեմ, կենսուրախ, աշխատասեր մարդ եմ, պարզապես ավելի հակված եմ մելանխոլիկ երաժշտության. դա հանգստացնում է, նոր ուժեր տալիս:
Ես փորձում եմ չնմանվել ոչ մեկին, քանի որ գիտեմ՝ տհաճ է, երբ մեկն ուզում է քո էժանագին կրկնօրինակը ստանալ:
Չեմ կարծում, որ վատ է, երբ կիսվում ես էմոցիաներովդ, ներաշխարհդ մի փոքր բաց անում մարդկանց համար:
Ես երբեք չեմ խոսում իմ անձնական կյանքի մասին, որովհետև ոչ մեկին կարդալուց 1 ժամ հետո պետք չի գա այդ ինֆորմացիան: Ես չեմ սիրում հայտնվել ամսագրերի շապիկներին, անվերջ հարցազրույցներ տալ: Չեմ հասկանում, երբ արտիստներն իրենց այդպես բացում են, սպառում:
Սիրո մեջ ամեն ինչ արդար է այնպես, ինչպես ստեղծագործելու մեջ:
Իմ առաջին պրոֆեսիոնալ լուսանկարահանումը ես տանել չեմ կարողանում: Նրանք տոննաներով կոսմետիկա էին լցրել դեմքիս, մազերս սարքել անբնական և դեռ այդքանից հետո ուզում էին, որ ժպտայի: Աստված իմ, ես հավի էի նման:
Ես այն քիչ կանանցից եմ, ովքեր չեն սիրում շոփինգ, չեն սիրում լուսանկարվել, չեն սիրում շատախոսել:
Սիրում եմ ընկերներիս, սիրում եմ կյանքս, աշխատանքս, չեմ ուզում արթնանալ այս երազից:
Սիրում եմ մտքերի խիստ հսկողության տակ լինել:
Պետք չէ գոռալ, որ տաղանդավոր ես. եթե դու իսկապես տաղանդավոր ես, մարդիկ կանեն դա քո փոխարեն:
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01 41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22 Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06 Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը: