Նրան դեռ շատերը չեն ճանաչում, բայց քչերը չէ, որ ընդունել են նրա տաղանդն ու հմայքը: Այս դերասանուհին արդեն արժանացել է կինոմատոգրաֆիական մի քանի լուրջ մրցանակների, Max Factor բրենդը ճանաչել է նրան իսպանական ժամանակակից կինոյի ամենագեղեցիկ դեմք' առաջ թողնելով Իրեն Վիսեդոյից ու Վերոնիկա Սանչեսից: Նրան հաճախ համեմատում են Պենելոպե Կրուսի հետ, ինչը երիտասարդ դերասանուհուն' Մարիա Վալվերդեին, շատ է դուր գալիս: Նա արդեն ապացուցել է, որ իսպանական ժամանակակից կինոյի ամենախոստումնալի կերպարներից է:
Մարիա Վալվերդե Ռոդրիգեսը ծնվել է 1987 թվականի գարնանը Մադրիդում' արվեստասերների ընտանիքում: Հայրը նկարիչ էր, իսկ մայրը, թեև աշխատում էր մտավոր հետամնացությամբ երեխաների դպրոցում, բայցևայնպես, աշխատանքից ազատ ժամանակ զբաղվում էր քանդակագործությամբ: Մարիան միակ երեխան էր տանն ու միայնությունը կիսում էր իր Ռուֆուս անունով շնիկի հետ: Նաև սիրում էր ժամեր անցկացնել պապիկի ղեկավարած թատրոնի կուլիսներում, իսկ ամեն ամառ մեկնում էր Կվադալախարա և այնտեղ մասնակցում իմպրովիզացիոն ներկայացումների:
Դպրոցահասակ տարիքում Մարիան փոխեց մի քանի դերասանական դպրոցներ Մադրիդում: Շատ շուտով, սակայն, ուրախ մանկությունն ավարտվեց. Մարիան հիվանդացավ: Նա մինչ օրս էլ տառապում է Ցելիակիից, այսինք՝, նրա օրգանիզմը չի ընդունում գլյուտեն պարունակող կերակուրներ: «Հիվանդությունը ինձ ավելի պատասխանատու և կազմակերպված դարձրեց: Ես համոզված եմ' այն, ինչ մենք ուտում ենք, մեծ ազդեցություն ունի մեր տրամադրության և, առհասարակ, բնավորության վրա», - հետագայում խոստովանել է Մարիան:
Չնայած թատրոնի, երաժշտության և արվեստի մյուս ճյուղերի հանդեպ տածած սիրուն' Մարիայի կյանքի մեծագույն սերը մնաց կինոն: Նա ուներ կինոինդուստրիայի իր կուռքերին ու ձգտում էր նմանվել նրանց. «Մանկությանս իդեալը Լեոնարդո Դի Կապրիոն էր: Իմ դպրոցական տետրերը ծածկված էին նրա նկարներով, բացի դա, ես շատ էի հավանում «Backstreet boys» խմբի անդամ Նիկ Կարտերին»:
Նա ժամեր էր անցկացնում տեղի կինոթատրոնների պատերի մոտ' կարդալով հայտարարությունները և երազելով դառնալ մեծ դերասանուհի. «Ես ընտրեցի այս մասնագիտությունը, որովհետև ուզում եմ, որ 100 տարի անց էլ անունս հիշվի: Այս կերպ ես իմ հետքն եմ թողնում պատմության մեջ»:
Արդեն 16 տարեկանում Վալվերդեն խաղաց իր առաջին դերը մեծ էկրաններին: Դա ռեժիսոր Մանուել Մարտին Կուենցայի «Բոլշևիկի թուլություն» ֆիլմն էր, որի համար Մարիան արժանացավ Գոյայի «Լավագույն դերասանուհի» մրցանակին:
Հետո դերերը հաջորդեցին մեկը մյուսին, փառքն ու ճանաչումն էլ չուշացան: 2005 թվականին Վալվերդեն մեկնեց Իտալիա' նկարահանվելու Լուկա Գուադանինոյի «Մելիսա. ինտիմ օրագիր» դրամայում, որը իտալուհի Մելիսա Պանարելոյի սկանդալային գրքի' «100 հպումների» էկրանավորումն էր: Մարիան կատարեց երիտասարդ աղջնակի դեր, ով սկսել էր իր ինտիմ կյանքը' մտածելով, թե սեքսը իրեն սիրված զգալու միակ տարբերակն է:
Մարիան այնպես էր սիրահարվել այդ դերին, որ, հանուն ֆիլմում նկարահանվելու համար Իտալիա մեկնելու, լքեց ընկերոջը, ով դեմ էր դուրս եկել նրա այդ որոշմանը. «Մելիսայի դերը փոխեց կյանքս: Ես ստիպված եղա հրաժարվել շատ սովորական դարձած բաներից: Դա հսկայական քայլ էր առաջ' հասուն մարդու քայլ: Նկարահանումների ժամանակ ինձ համար շատ դժվար էր, որովհետև պրոֆեսիոնալիզմս ու ոչ այնքան ամուր բնավորությունս չէին ներում: Բայց ես արեցի դա: Իսկ այն ամենը, ինչ չի սպանում մեզ, ավելի ուժեղ է դարձնում»:
2010-ին նա նկարահանվեց Բաբիի դերում' «Երկնքից 3 մետր բարձր» ֆիլմում, որն էլ ավելի ճանաչելի դարձրեց նրան նախկին ԱՊՀ երկրներում: Այն նաև բազմաթիվ խոսակցությունների տեղիք տվեց ֆիլմում նրա հետ գլխավոր դերում հանդես եկող դերասանի' Մարիո Կասասի հետ սիրային հարաբերությունների հետ կապված:
Այսօր էլ Մարիային շատ աղջիկներ նախանձում են, քանի որ նա ամենուր գնում է մերօրյա ամենասեքսուալ տղամարդկանցից մեկի' տաքարյուն իսպանացու' Մարիո Կասաի հետ: Բայց ո՞վ է ասել, որ բազմաթիվ տղամարդիկ էլ չեն նախանձում հենց Մարիոյին:
Ինչևէ , «Երկնքից 3 մետր բարձր» ֆիլմի նկարահանումներից անմիջապես հետո Մարիո Կասասը հայտարարեց. «Մարիա Վալվերդեն սիրահարվեց ինձ նկարահանումների ժամանակ, բայց ոչ մի կերպ չէր ցանկանում խոստովանել»: Վալվերդեն առհասարակ չի սիրում շատ խոսել իր անձնական կյանքի մասին ու համարվում է ամենափակ դերասանուհիներից մեկը, բայցևայնպես, մի հարցազրույցում նրանից հաջողվել է խոստովանություն լսել: Վերլուծելով իր և Մարիոյի հարաբերությունները «Glamour» ամսագրի համար' Մարիան ասել է. «Բնական է, որ հարաբերություններ սկսվեցին, քանի որ ես ու Մարիոն բավական տևական ժամանակ աշխատեցինք միասին: Դա ինձ համար անակնկալ չէր, բայց ես կարծում եմ, որ երբեք որևէ բան հենց այնպես տեղի չի ունենում: Ես հավատում եմ ճակատագրին»:
Նրա կարիերան զարգանում է անընդհատ, բայց դերասանուհին խնդիր էլ ունի: Մի առիթով նա խոստովանել է, որ արտասահամանում իրեն ավելի շատ են ճանաչում, քան սեփական երկրում: Համաշխարհային փառքի մասին խոսել, իհարկե, դեռևս վաղ է, բայց Մարիա Վալվերդեի երազները բավական հեռուն են նայում. «Ես երազում եմ աշխատել Մերիլ Սթրիփի հետ Թիմ Բերտոնի, Վուդի Ալենի ու Դենի Բոյլի ղեկավարության ներքո»:
Ես ամեն ինչ չէ, որ լուրջ եմ ընդունում: Երբ-ինչ որ պոզիտիվ բան է լինում, ես գնահատում եմ դա: Երբ ինչ-որ բան այնպես չէ, ես ուշադրություն չեմ դարձնում: Դա հենց այն է, ինչ փրկում է ինձ ավելորդ սթրեսներից:
Իրական կյանքում առաջին սերը բնավ էլ պարտավոր չէ լինել այնպիսին, ինչպիսին մենք այն հիշում ենք: Ես հիշում եմ իմ առաջին համբույրը, և այն ահավոր էր: Իսկ կինոյում ամեն ինչ պետք է պլաստիկ լինի, այնպես, ասես ամեն բան իրոք առաջին անգամ է լինում: Կինոյի շնորհիվ մենք փորձառություն ենք ունենում, որ այլևս երբեք չենք ունենա, քանի որ ռեալ կյանքում ամեն ինչ այլ է:
Մենք շատ բան ենք կորցնում, որովհետև մոռանում ենք ապրել ներկայով, քանի որ շատ ենք կա[ված անցյալից ու ապագայից:
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01 41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22 Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06 Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը: