Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են մեկ միլիոնը։ Ինքն իրեն բլոգեր չի համարում, թեև սոցիալական հարթակներում հրապարակումներ անում է գրեթե ամեն օր՝ բավարարելով տասնյակ հազարավոր օգտատերերի սպասումները։
Երիտասարդ ատամնաբույժ Մերի Հովնանյանը խոստովանում է, որ instagram և facebookսոցիալական ցանցերում առաջին հրապարակումներն արել է՝ առաջնային այցելուներ գրավելու նպատակով, քանի որ այդպիսիք կլինիկաներում դժվարությամբ էին հավաքվում։ Եվ, եթե սկզբնական շրջանում հաճախորդների մինչև 20% էր համացանցից տեղեկանում ու այցելում, ապա այժմ նման պացիենտների թիվը հասնում է 50%-ի։
Հրապարակվող նյութերը հեղինակային են՝ ինքնուրույն է գրում տեքստերը, պատրաստում լուսանկարներն ու տեսանյութերը, իրականացնում տեխնիկական մշակումը, մոնտաժը, երաժշտական ձևավորումը։ Սկզբնական շրջանում հրապարակումները տեքստային ու լուսանկարային էին, սակայն ժամանակի հետ ինքնուրույն յուրացրեց նաև տեսանյութեր պատրաստելու հմտությունները, ինչը էապես բարձրացրեց իր սոցիալական հաշիվների դիտողականությունը։ Հիմա՝ հերթը հասել է YouToob-յան ալիքին, որը հետևողական աշխատանք է պահանջում։
Մերի Հովնանյանի հավատամքն ատամների խնամքի մասին հանրությանն առավելագույն տեղեկությունների հաղորդելը, լուսավորելը, հիգիենայի կանոններին ծանոթացնելն է։ «Շատ ավելի նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը, քան շտապեն ատամնաբուժարան։ Իմ հրապարակումների գլխավոր խնդիրը մարդկանց ճանաչողությանը նպաստելն է, որպեսզի ճիշտ վաքագծի շնորհիվ կարողանան ձգել իրենց ատամների երկարակեցությունը»,- նշում է ատամնաբույժ-բլոգերը։
Նրա խոսքով՝ շատ բժիշներ կան, որոնք իրենց սոցիալական էջերը վստահում են վարել ուրիշներին՝ ակնկալելով իրենց ծառայությունների հանրայնացումը։ Բայց հաճախ այդ էջերի վարողները ոլորտին բնորոշ քիչ տեղեկություններ են ունենում, ուստի դրանք վերածվում են ոչ թե տեղեկատվական, այլ զուտ գովազդային էջերի։ Նախընտրելի է, որ մասնագետներն իրենք վարեն իրենց էջերը՝ դրանով իսկ ապահովելով հարուստ և յուրահատուկ բովանդակություն։
Այս տեսանյութը բժշկուհի Հովնանյանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում գումարային ունեցել է մեկ միլիոնից ավելի դիտում։
Արդեն որպես փորձառու՝ բժշկուհի Հովնանյանը խորհուրդ է տալիս, որ սոցցանցերում հրապարակվեն պարզ, կարճ, հեշտ ընկալվող նյութեր, պահպանվեն հրապարակումների հաճախականությունն ու կատարման ճաշակը։ Այդ ամենը հարկ է անել նպատակային ու սիրով՝ որպես ազատ ժամերի հաճելի և հանրօգուտ զբաղմունք։